«Health for Armenia» առողջապահական շարժումը մեկնարկում է - Mediamax.am

exclusive
7664 դիտում

«Health for Armenia» առողջապահական շարժումը մեկնարկում է


Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Ոսկանյանը
Գայանե Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լարիսա Հովհաննիսյանը
Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մկրտիչ Կիրակոսյանը
Մկրտիչ Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Շանթ Շեխերդիմյանը
Շանթ Շեխերդիմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Քրիստինե Գյուրջյանը
Քրիստինե Գյուրջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Դասավանդելու համար գյուղեր գնացած ուսուցիչներով ոգեշնչված՝ առողջապահական խնդիրներով մտահոգ մի խումբ մարդիկ երկու տարի քննարկեցին, ուսումնասիրեցին ու ստեղծեցին «Health for Armenia»՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամը:

 

«Մենք ուզում ենք առողջապահության ոլորտում ստեղծել շարժում: Բժիշկներն ու բուժակները 2 տարով կգնան աշխատելու Հայաստանի ամենադժվար վայրեր: Նրանք կդառնան համակարգի կարեւոր դեմքերը, որոնք իրենց մաշկի վրա են զգացել մեր երկրի խնդիրներն ու լուծումներ են բերել համայնքներ»,- ասում է «Առողջ Հայաստան»-ի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի անդամ Լարիսա Հովհաննիսյանը: 

Լարիսա Հովհաննիսյանը Լարիսա Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Health for Armenia»-ն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ Այն հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների եւ գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Մայիսի 1-ի տվյալներով՝ մարզային բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժշկի 24 հաստիք թափուր է:

 

Սա պաշտոնական թիվն է: Ըստ «Առողջ Հայաստան»-ի համահիմնադիր Մկրտիչ Կիրակոսյանի՝ տեղում կատարված ուսումնասիրություններն ավելի մտահոգիչ պատկեր են ստեղծում. բնակիչները տարիներով իրենց բժշկին չեն տեսնում, կամ  թոշակի տարիքի հասած բժիշկը փոխարինող չունենալու պատճառով ստիպված շարունակում է աշխատել, թեեւ ֆիզիկապես ի վիճակի չէ գյուղից գյուղ գնալ: 

 

Մայրաքաղաքում հակառակ պատկերն է։ 2017թվականի տվյալներով՝ 10 հազար բնակչի հաշվով մարզերում 14.6, իսկ Երեւանում 30,02 բժիշկ կա:

 

«Մենք մեզ վրա չենք վերցնում այդ տեղերը լրացնելու պետության աշխատանքը: Մեր նպատակն է ստեղծել բժիշկների նոր սերունդ, որի առաջնորդները կփոխեն առողջապահության ոլորտի լանդշաֆտը»,- ասում է Մկրտիչ Կիրակոսյանը:

Մկրտիչ Կիրակոսյանը Մկրտիչ Կիրակոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Առողջ Հայաստան»-ի մասնակից կարող են դառնալ աշխատանքի իրավունք ունեցող ընտանեկան բժիշկներն ու բուժակները առանց տարիքային սահմանափակման: Նրանք 2 տարով մեկնելու են մարզեր եւ աշխատելու են թիմերով`սպասարկելով մի քանի համայնք: 

 

«Ստանդարտների համաձայն ամեն բժիշկ սպասարկում է 2 հազար բնակչության: Քանի որ մեր գյուղերը հիմնականում փոքր են, մեկ բժիշկը 3-4 գյուղ է սպասարկում: Կլինի մեկ բժիշկ եւ չորս բուժակ: Մենք հատուկ ենք ասում բուժակ եւ ոչ թե բուժքույր, քանի որ կանանցից բացի, կարող են նաեւ տղաներ լինել: Բուժակը իր հմտություններով ավելի մոտ է ամերիկյան nurse հասկացությանը: Բժիշկը կնստի մի գյուղում, իսկ բուժակները կլինեն նրա աջ ձեռքը տարբեր համայնքներում: Դրա համար նրանք պետք է շատ հմտություններ ունենան»,- ասում է ընտանեկան բժիշկ, ծրագրի համահիմնադիր Գայանե Ոսկանյանը:

Գայանե Ոսկանյանը Գայանե Ոսկանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի փուլով ընտրված մասնակիցները հինգ շաբաթ ինտենսիվ վերապատրաստվելու են, իսկ առաջնորդության եւ մասնագիտական զարգացման ծրագիրը շարունակվելու է աշխատանքի երկու տարվա ընթացքում։ 

 

Մասնակիցների հետ աշխատելու են մենթոր-բժիշկներ՝ Հայաստանից եւ սփյուռքից, իսկ բժիշկն ինքը դառնալու է մենթոր իր բուժակների համար:

 

«Եթե ես նորավարտ բժիշկ լինեի Հայաստանում, միանգամից կմիանայի ծրագրին, որովհետեւ Երեւանում քեզ ոչ ոք առանց փորձի աշխատելու հնարավորություն չի տա: Երբ երիտասարդ ես, ունես մի քանի տարի ինքդ քեզ հասկանալու, քո հոտառությամբ բժշկություն սովորելու «արտոնություն»:

 

Ամենակարեւորը՝ կա առաջնորդի հատկանիշները զարգացնելու հնարավորություն, ինչն անհրաժեշտ է ցանկացած մարդու հաջողակ լինելու համար, այն էլ՝ Հայաստանում, որտեղ դպրոցներն ու համալսարաններն առաջնորդության հմտություն հազվադեպ են տալիս։ Ես այս ամենը կդիտարկեի որպես լավագույն ներդրում իմ կարիերայում»,- ասում է Լարիսա Հովհաննիսյանը:

 

Փորձնական ծրագիրը մեկնարկելու է Լոռու մարզից: 2020-ի դեկտեմբերին «Առողջ Հայաստան» ծրագրով Լոռու համայնքներում աշխատելու է 4 բժիշկ եւ 16 բուժակ: Բացի պետական աշխատավարձից, նրանք ֆինանսական աջակցություն են ստանալու ծրագրից:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք նախապատվությունը տալու ենք գյուղական համայնքների բուժակներին: Ընտրելու ենք նրանց, որոնք իրենց գիտելիքներով եւ արժեհամակարգով համապատասխանում են ծրագրին, կիսում մեր գաղափարները: Նրանք կցվելու են համայնքներ գործուղված մեր բժիշկներին, անցնելու են վերապատրաստում: Կարեւոր է բարձրացնել բուժակների մասնագիտական եւ առաջնորդական հմտությունները: Իսկ եթե համայնքում լինի բուժակի կարիք, մենք բժշկի հետ նաեւ բուժակներ կգործուղենք»:

 

Մասնագիտական աջակցություն «Health for Armenia»-ն ստանում է  «ArAHED» (Armenian Association for Health Education and Development) հիմնադրամից: Հիմնադրամի անդամ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) պրոֆեսոր Շանթ Շեխերդիմյանն ասում է՝ անցել է ժամանակը, երբ Հայաստան ինքնաթիռներով սարքավորումներ էին ուղարկում: Հիմա պետք է աջակցել, որպեսզի  առողջապահության ոլորտը կայուն եւ ինքնուրույն զարգանա:

Շանթ Շեխերդիմյանը Շանթ Շեխերդիմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Սա ոչ թե մարդասիրական, այլ ոլորտն ամրապնդող ծրագիր է: Այն արմատական խնդիրներ է լուծելու: Հայաստանի առողջապահության իրական խնդիրը ոչ թե հիվանդանոցների, այլ որակի, ֆինանսավորման, կրթության, մարդկային ռեսուրսի ճիշտ բաշխման պակասն է: Մենք չենք երազում մարզերում բացել օնկոլոգիական կենտրոններ, բայց դրա մի տոկոս գումարով կարող ենք նույնչափ կամ գուցե ավելի կյանքեր փրկել, կյանքի որակի վրա ազդել»,- ասում է Շանթ Շեխերդիմյանը, որը նաեւ մանկական վիրաբույժ է եւ «Առողջ Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ:

 

Առողջապահության նախարարության հետ «Առողջ Հայաստան» հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2018-ի նոյեմբերին: Նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Քրիստինե Գյուրջյանն ասում է, որ չնայած շրջանավարտների մեծ թվին, մարզերում աշխատել ցանկացողները քիչ են:

 

Խնդիրը փորձում են լուծել կարճաժամկետ գործուղումների եւ նպատակային կլինիկական օրդինատուրայի միջոցով, որի համար տարեկան 50 տեղ է հատկացվում: Պետությունը վճարում է դիմորդի ուսման վարձը եւ ըստ պահանջի՝ որոշում նրա մասնագիտացումը: Ավարտելուց հետո բժիշկը պարտավորվում է 5 տարի աշխատել այնտեղ, որտեղ իրեն կգործուղեն:

 

Քրիստինե Գյուրջյանն ասում է, որ միայն մի կառույց այս խնդիրը լուծել չի կարող: «Առողջ Հայաստան»-ը կօգնի ընտանեկան բժիշկների հարցում:

Քրիստինե Գյուրջյանը Քրիստինե Գյուրջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հիմնադրամն ուզում է ուսումնասիրել ընտանեկան բժիշկների փաստացի պահանջարկը: Կարծում եմ՝ այդ հարցում նրանք մեզ բավականին կօգնեն, որովհետեւ թվերը ստանում ես, բայց գնում, ուրիշ պատկեր ես տեսնում: Հատկապես կարեւոր է, որ թափուր հաստիքները լրացնելիս ծրագիրը նախապատվությունը տալու է երիտասարդ կադրերին: Ընտանեկան բժիշկների ինստիտուտը լավ աշխատեց մարզերում, բայց քանի որ բժիշկների տարիքային շեմը բարձր է, մեզ թարմացում է պետք»,- ասում է Քրիստինե Գյուրջյանը: 

 

«Health for Armenia»-ի մասնակիցները նաեւ առողջապահական համայնքային ծրագրեր են իրականացնելու: «Իսկ եթե նույն համայնքում «Դասավանդի՛ր, Հայաստան» եւ «Առողջ Հայաստան» ծրագրերի մասնակիցներ լինեն, ազդեցությունը շատ ավելի մեծ կլինի»,- ասում են հիմնադիրները: 

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին