Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 4-ին Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ընտրվեց Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի տեղապահ: Սա նշանակում է, որ մինչ նոր պատրիարքի ընտրությունը նա է պատրիարքական աթոռի պատասխանատուն ու ղեկավարը:
Պատրիարքի ընտրության գործընթացը սկսվել է Պոլիս 84-րդ պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահից 2 ամիս անց՝ մայիսին: Այս ընթացքում ու դրան նախորդած շրջանում եւս (ծանր հիվանդության պատճառով Մեսրոպ պատրիարքը 2008 թվականից դադարել էր պաշտոնավարել) Պոլսո Աթոռում մթնոլորտը լարված էր:
Դեռ նախորդ շաբաթ տեղապահի երկու թեկնածուները նամակներով հրապարակավ մեղադրում էին իրար՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը Արամ արքեպիսկոպոսին՝ ընտրությունները ձգձգելու, Արամ սրբազանը Մաշալյանին՝ անհիմն մեղադրանքների համար:
Տեղապահի սպասված ընտրությունը կայացավ, եւ պոլսահայ համայնքը պատրաստվում է 85-րդ պատրիարքի ընտրությանը:
Մեդիամաքսը զրուցել է Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ:
Պատրիարքի տեղապահի պարտականություններն ու իրավունքները
Եկեղեցական ընդհանուր ժողովը տեղապահ ընտրեց գաղտնի քվեարկությամբ. 13 ձայն հօգուտ ինձ, 11 ձայն՝ Արամ սրբազանի եւ մեկը՝ ձեռնպահ:
Այս պահին ես ստանձնել եմ պատրիարքի բոլոր իրավունքներն ու պարտականությունները: Բայց կա մի նուրբ կետ: Տեղապահ ընտրվում է անցումային շրջանի համար, եւ նա ոչ թե պատրիարքի նման, այլ նուրբ կերպով պետք է օգտագործի այդ իշխանությունը՝ առանց մեծ փոփոխություններ կատարելու: Քանի որ տեղապահն ինքն էլ պատրիարքի թեկնածու է, իր գործը անկողմնակալ, կանոնների համաձայն պետք է կատարի:
Հաջորդ քայլը պատրիարքի ընտրությունն է
Լինելով բարձրագույն եկեղեցական իշխանություն՝ մինչեւ 85-րդ պատրիարքի ընտրությունը գործընթացը վարելու եմ ես: Առաջիկա շաբաթվա ընթացքում ընտրելու ենք նախաձեռնող մարմին՝ բաղկացած 2 եկեղեցականներից եւ 15 աշխարհականներից, որն էլ կազմակերպելու է պատրիարքի ընտրությունը: Դիմելու ենք պետությանը, որպեսզի ընտրության անցկացման համար կանոնադրություն տրամադրի: Դրա համաձայն՝ կճշտենք, թե ովքեր կարող են լինել պատրիարքի թեկնածու: Պաշտոնական նամակով կդիմենք նրանց՝ պարզելու համար՝ մասնակցելո՞ւ են ընտրության, թե՝ ոչ։ Ըստ այդմ՝ գործընթացը կսկսվի։
Պետությունն ու նախաձեռնող մարմինը կորոշեն ամսաթիվը, եւ երկու փուլով կանցկացվի ընտրությունը: Նախ, յուրաքանչյուր թաղամասի բնակիչներն ընտրելու են իրենց պատգամավորին, որը պատրիարքի ընտրությանը քվեարկելու է իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Այդ պատգամավորները մոտ 70-ն են: Եկեղեցական ընդհանուր ժողովն իր կազմից ընտրելու է 10 հոգեւորականի: Այսպիսով, աշխարհականներն ու հոգեւորականները միանալով՝ Մայր տաճարում գաղտնի քվեարկությամբ ընտրելու են պատրիարքին:
Մինչ ընտրությունը, թեկնածուներին ժամանակ է տրվում քարոզչության համար:
Գործընթացին թուրքական իշխանությունների միջամտության մասին
Տեղապահի ընտրության մասին արդեն տեղեկացրել ենք Մայր Աթոռին, Նվիրապետական մյուս Աթոռներին, նաեւ՝ պետությանը: Արտոնության հարց չկա, այլ՝ տեղյակ պահելու նրբանկատության։ Մենք պետությունից կանոնադրություն ենք ուզել, եւ որպեսզի ամեն ինչ կանոնավոր ընթանա, պետությանը պետք է քայլ առ քայլ տեղեկացնենք մեր անելիքները: Չեմ կարծում, թե այսուհետ պետական որեւէ խոչընդոտի հանդիպենք։
Իրականում, Արամ սրբազանի բացթողումն էր, որ պետությունը միջամտեց գործընթացին: Այլեւս մենք պիտի ջանանք կանոնների համաձայն քայլել: Հստակ գիտենք, որ պետությունը եւս ցանկանում է, որ օր առաջ այս ընտրությունները կայանան, ժողովրդի ձայնը լսելի դառնա, եւ մենք էլ մեր արժանի պատրիարքը ունենանք:
Ակնկալում ենք յուրաքանչյուրի աղոթքը, որ ամեն ինչ Աստծո կամքի համաձայն լինի:
Լուսինե Ղարիբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: