Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ոդիսականը - Mediamax.am

exclusive
6297 դիտում

Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ոդիսականը


Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին

Լուսանկարը` REUTERS

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին

Լուսանկարը` REUTERS

Մեսրոպ արքեպիսկոպոսն Մութաֆյանը
Մեսրոպ արքեպիսկոպոսն Մութաֆյանը

Լուսանկարը` REUTERS

Հանդիպման մասնակիցները
Հանդիպման մասնակիցները

Լուսանկարը` Մայր Աթոռ

Մաղաքիա Օրմանյանը
Մաղաքիա Օրմանյանը

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ


Մարտի 15-ին Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Այս պաշտոնի համար եւս երկու թեկնածու կար՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եւ Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: «Պարզաբանում» խորագիրը ներկայացնում է՝ ինչո՞ւ է դատարկ մնացել պատրիարքական աթոռը, ո՞վ եւ ինչպե՞ս կարող է դառնալ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք:

 

1. Ո՞վ կարող է ընտրվել Պոլսո Հայոց պատրիարք:

 

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Պոլսո Հայոց պատրիարք ընտրվելու մի քանի չափորոշիչ կա: Թեկնածուն պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն կամ լինի Թուրքիայի նախկին քաղաքացի, լինի Թուրքիայում ծնված, թուրքական բանակում ծառայած: Պատրիարք կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը: Պատրիարքին ընտրում է եկեղեցականներից եւ աշխարհականներից բաղկացած Ընդհանուր ժողովը: Նորընտիր պատրիարքը հանդիսավոր երդում է տալիս ի թիվս այլ պարտավորությունների, նաեւ «Աստծո եւ Հայոց Ազգի ներկայացուցիչների Ընդհանուր ժողովի առջեւ երդվում եմ հավատարիմ մնալ Ազգային Սահմանադրությանը եւ ամբողջ սրտով հսկել նրա անթերի գործադրությունը»:

Մաղաքիա Օրմանյանը Մաղաքիա Օրմանյանը

Լուսանկարը` հեղինակը հայտնի չէ

1461 թվականից մինչ օրս պատրիարքական աթոռն ունեցել է 84 գահակալ: Նրանցից ոմանք առավել հայտնի են հոգեւոր, ազգային, գրական, մշակութային դաշտում ունեցած մեծ դերակատարությամբ (Հովհաննես Թ. Կոլոտ Բաղիշեցի (1715-1741), Մաղաքիա Օրմանյան (1896-1908), Շնորհք Ա Գալուստյան (1961-1990): 

 

Պոլսո պատրիարքներից չորս ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս:

 

2. Ե՞րբ եւ ինչո՞ւ է «հանգստի կոչվել» Պոլսո Հայոց Մեսրոպ Բ. պատրիարքը:

 

1998 թվականի հոկտեմբերի 14-ին 42-ամյա Մեսրոպ արքեպիսկոպոսն (Մութաֆյան) ընտրվել է Պոլսի Հայոց 84-րդ գահակալ: Թեեւ նա համարվում էր Թուրքիայում հայ եկեղեցու եւ համայնքի փաստացի ներկայացուցիչ ու ղեկավար, բայց 2008 թվականին ծանր հիվանդության պատճառով դադարել էր պաշտոնավարել: Պատրիարքական աթոռի ընթացիկ աշխատանքները կատարելու համար 2010 թվականին Հոգեւորականց համագումար ժողովը պատրիարքական ընդհանուր փոխանորդ է ընտրել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Մեսրոպ արքեպիսկոպոսն Մութաֆյանը Մեսրոպ արքեպիսկոպոսն Մութաֆյանը

Լուսանկարը` REUTERS

Պոլսո պատրիարքարանի պատմության ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ պատրիարքի կենդանության օրոք նրա պարտականությունները կատարում է փոխանորդը: Հայ Եկեղեցու կանոնների ու ավանդության համաձայն, պատրիարքի 7 տարվա բացակայությունը թույլ է տալիս լուծարել պատրիարքական ուխտը: 2016-ի հոկտեմբերի 26-ին Պատրիարքության Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովում որոշում կայացվեց «հանգստի կոչել» Մեսրոպ Բ. պատրիարքին:

 

3. Ե՞րբ եւ ինչպե՞ս է կազմակերպվելու նոր պատրիարքի ընտրությունը:

 

Մեսրոպ արքեպիսկոպոսին «պատրիարք ի հանգստեան» կոչելուց հետո նրա գահը թափուր է մնացել: Այս տարեսկզբին ընտրությունների անցկացման շուրջ խնդիր էր ծագել պատրիարքի թեկնածուներից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի եւ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի միջեւ: Խնդիրը հարթելու եւ ընտրության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էր հրավիրել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության երեք միաբան սրբազաններին՝ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին եւ Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:

Հանդիպման մասնակիցները Հանդիպման մասնակիցները

Լուսանկարը` Մայր Աթոռ

Ընդհանուր համաձայնություն էր ձեռք բերվել, որ մարտի 15-ին Եկեղեցական համագումար ժողովն ընտրելու է տեղապահ՝ այսպիսով դադարեցնելով Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները:

 

Տեղապայի ընտրությունից  հետո 10-օրյա ժամկետում պետք է ընտրվի Նախաձեռնարկ մարմին, որն էլ, իր հերթին, վեց ամսվա ընթացքում, տեղապահի գլխավորությամբ, կազմակերպելու է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի ընտրությունը եւ բոլոր թեկնածուների ընտրական քարոզչության համար հավասար պայմաններ է ապահովելու: Հայ Առաքելական եկեղեցում Պոլսո պատրիարք ընտրվելու իրավունք ունի 6 հոգեւորական: Այս պահին թեկնածությունն առաջադրել է նրանցից 4-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:

 

4. Ո՞վ է «թույլատրում» անցկացնել պատրիարքի ընտրության:

 

Ըստ թուրքագետ Աշոտ Մելքոնյանի, «թույլտվություն» կոչվածն իրավական խնդիրներ ունի: Ընտրություն անցկացնելու դիմումն ընդունում է Ստամբուլի նահանգապետարանը, որտեղ գրանցված է Պոլսո պատրիարքությունը: Ստամբուլի նահանգապետարանը տեղեկացնում է Ներքին գործերի նախարարությանը, որն էլ տալիս է, այսպես կոչված, թույլտվությունը:  «Մեր ընկալմամբ ավելի ճիշտ կլինի «թույլտվության» փոխարեն օգտագործել «ի գիտություն» բառը»,- ասում է Աշոտ Մելքոնյանը: «Այսինքն՝ Պոլսո պատրիարքությունը ոչ թե ակնկալում է թույլտվություն, այլ իր գրությունը հենց այդպես էլ ձեւակերպում է՝ ներկայացնում ենք ի գիտություն, որ անցկացնելու ենք պատրիարքական ընտրություններ: Քանի որ այդ օրը տեղի են ունենում համայնքային ընտրություններ, ձեւավորվում են հանձնաժողովներ, նահանգապետարանը եւ Ներքին գործերի նախարարությունը պետք է ապահովեն քաղաքացիների անվտանգությունը: Եվ դրա համար էլ դիմում են նրանց: Բայց քանի որ իրավական այս խնդիրը շատ հեղհեղուկ վիճակում է, թուրքական իշխանությունները կարողանում են այն ձեւակերպել ըստ նպատակահարմարության, ըստ կոնկրետ նպատակի: Այսինքն՝ կարող են այդ ի գիտության գրությունը չընդունել, ձգձգել, թույլ չտալ ընտրություն անցկացնել: Այդպիսի 2 նախադեպ եղել է՝ 1923-1927 թվականին եւ 1944-1950 թվականին թույլ չեն տվել ընտրություն անցկացնել: Իսկ 1927 թվականի ընտրությանը կրկին հեղհեղուկ իրավական վիճակ է եղել. նահանգապետարանը գրավոր թույլտվություն չի տվել, բայց համայնքից եկած գրությունն ընդունել է ի գիտություն, եւ դա համարվել է թույլտվություն»:

 

Այն մասին, որ թուրքական իշխանությունները գործում են ըստ նպատակահարմարության, վկայում է այն փաստը, որ մարտի 15-ին տեղապահի ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո Արամ Աթեշյանը ներկաներին բաժանել է Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը, որում նշվում է, որ պատրիարքական ընտրություններ իրականացնելը իրավականորեն անհնար է։

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Պոլսում 2011թ. դեկտեմբերին

Լուսանկարը` REUTERS

«Ակօս»-ի հաղորդման համաձայն, Ստմաբուլի նահանգապետարանից կատարված միջամտության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանը։ Նա ասել է, որ պատրիարքարանից մի խումբ՝ այդ թվում Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, այցելելու են Ստամբուլի նահանգապետարան։ «Ես նահանգապետարան չեմ գնալու։ Այցի ընթացքում պատրիարքական տեղապահի ընտրությունների տրամաբանությունն են բացատրելու։ Այնուհետեւ հայտարարություն է արվելու։ Սա մի քանի օր է տեւելու, եւ ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու»,- նշել է Բեքչյանը։ 

 

Պատրաստեց Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին