Հայաստանը կարեւոր է սփյուռքում հարցվածների 90%-ի համար - Mediamax.am

4291 դիտում

Հայաստանը կարեւոր է սփյուռքում հարցվածների 90%-ի համար


Լուսանկարը` Birthright Armenia


Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի չորս քաղաքներում ավելի քան 1000 հայերի շրջանում առաջին անգամ հարցումներ են անցկացվել՝ ներկայացնելու ժամանակակից Սփյուռքի «պատկերը»։

Հայկական Սփյուռքի Հետազոտությունը (The Armenian Diaspora Survey-ADS) նոր նախաձեռնություն է, որը հիմնադրվել է Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների ծրագրի կողմից եւ իրականացվում է Լոնդոնի Հայկական ինստիտուտի հովանու ներքո։

 

Սա դեռեւս ընթացքի մեծ գտնվող ավելի մեծ ծրագրի պիլոտային փուլն է։

 

Հետազոտությունը իրականացվել է գիտնականներից, հետազոտողներից եւ փորձագետներից կազմված խմբի կողմից։

 

«Մենք նախաձեռնել ենք այս ուսումնասիրությունը՝ լրացնելու Սփյուռքի մասին մեր տեղեկությունների քննադատական բացը, ունենալու արժանահավատ պատկերացնում մեր ժամանակներում բազմաշերտ եւ բազմազան սփյուռքյան կյանքի մասին»,-ասել է Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների ծրագրի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը։

 

2018թ․ մայիսին եւ հունիսին չորս թիմեր հարցումներ են իրականացրել Բոստոնում, Կահիրեում, Մարսելում եւ Փասադենայում։

 

«Մենք հարցնում էինք մարդկանց կարծիքը ինքնության եւ պատկանելիության վերաբերյալ ե՛ւ որպես հայերի, եւ որպես տարբեր պետություններում ապրող քաղաքացիների»,- նշել է պիլոտային ծրագրի ղեկավար Սյուզան Փաթին։

 

12 հետազոտողներ 18 ամսվա ընթացքում մշակել են հետազոտության մեթոդաբանությունը, ուսումնասիրության գործիքները, նախապատրաստական աշխատանքները, կառավարումը եւ ընթացքը։

 

Որոշ նախնական բացահայտումներ արվել են ուսումնասիրության առաջին փուլում։

 

Այսպես՝ հարցվածների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հայկական սփյուռքի շարունակականությունը կարեւոր եւ իմաստալից է․ 94% նշել է, որ դա «բավականաչափ» կամ «շատ» կարեւոր է։

 

Հարցվածների 84%-ն ասել է, որ կարեւոր է օգնել Միջին Արեւելքի հայկական սփյուռքի համայնքներին։

 

«Սա կարեւոր է, քանի որ Ցեղասպանությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ավանդաբար եղել են Սփյուռքի ֆինանսավորման, ուսումնասիրության եւ ուշադրության կենտրոնում»,-նշել են ADS-ում։

 

Հայաստանը «բավականաչափ» եւ «շատ» կարեւոր է հարցվածների 90%-ի համար, նրանց 75%-ը առնվազն մեկ անգամ այցելել է Հայաստան եւ 93%-ը մտադիր է այցելել։

 

Հարցվածները նշել են, որ հայոց լեզուն, պատմությունը, կրոնը եւ, ընդհանուր առմամբ, հայկական ինքնությունը կարեւոր են իրենց համար։

 

«Չնայած չորս քաղաքներում հարցվածները, կարծես, ավելի ակտիվ են, քան այլ համայնքներում, բայց անգամ նրանց 73%-ը ասել է, որ հայկական քաղաքական կազմակերպությունների հետ ակտիվ կապեր չունի։ Այդուհանդերձ, մեծամասնությունն ասել է, որ ակտիվ են այլ հայկական կազմակերպություններում, ինչպիսիք են ՀԲԸՄ-ն, Համագզայինը եւ այլն»,-նշել են ADS-ում։

 

Հարցվածների միայն 14-16%-ն է կանոնավոր կերպով եկեղեցի այցելում, բայց 70%-ը  կարեւոր է համարում ամուսնությունը կնքել հայկական եկեղեցում։

 

Պիլոտային հետազոտության արդյունքները կուսումնասիրվեն ու կվերլուծվեն եւ առաջիկա ամիսներին կներկայացվեն հանրությանը։  

 

Հարցումը կշարունակվի 2019 թվականին՝ նոր քաղաքներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին