Սելեկտիվ աբորտների հետեւանքով Հայաստանը կարող է կանգնել լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջեւ, պնդում է մասնագետը - Mediamax.am

7121 դիտում

Սելեկտիվ աբորտների հետեւանքով Հայաստանը կարող է կանգնել լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջեւ, պնդում է մասնագետը


Վահե Տեր-Մինասյանն ու Կյուրեղ քահանա Տալյանը
Վահե Տեր-Մինասյանն ու Կյուրեղ քահանա Տալյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող (սելեկտիվ) աբորտները, հանրապետությունը մոտ ապագայում կկանգնի լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջեւ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին հայտարարել է ուռուցքաբան- գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

 

“Այսօր Հայաստանում ամուսնական զույգերը, ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից, նախընտրում են սահմանափակվել 1-2 երեխայով: Հայկական մենթալիտետի համաձայն, այդ երեխաներից մեկն անպայման պետք է արու զավակ լինի: Ապագա երեխայի սեռը որոշելու արդյունքում իրականացվող աբորտները կատարվում են հենց այս մտածելակերպի պատճառով”,- նշել է մասնագետը:

 

Բժիշկը հիշեցրել է, որ Հայաստանում օրենքով թույլատրելի է կնոջ ցանկությամբ մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդատումը: Հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:    

 

“Տեսականորեն Հայաստանում ապագա երեխայի սեռն որոշելու արդյունքում իրականացվող աբորտների թվի աճի խնդիր պետք է չլիներ, քանի որ երեխայի սեռը կարելի է որոշել միայն 12 շաբաթից հետո: Ուստի, այս խնդրի դեմ պայքարելու համար պետք է բացառվեն անօրինական աբորտները, որոնք մեծամասամբ արվում են դեղորայքային ճանապարհով”,- ասել է Վահե Տեր-Մինասյանը: 

 

Նրա խոսքով, եթե կինը չի գիտակցում, թե ինչ վնաս է հասցնում իր առողջությանը տանը դեղորայքային ճանապարհով հղիությունն ընդհատելիս, “անգամ 100 նոր օրենքի ընդունումը անիմաստ կլինի”:

 

Իր հերթին Կոտայքի թեմի Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը հայտարարել է, որ աբորտների թվի աճը վկայում է, որ մարդիկ հոգեւոր անկում են ապրում եւ կորցրել են իրենց երկյուղն Աստծո առաջ: 

 

“Աբորտը մարդասպանություն է, որին մեղսակից են թե կինը, եւ թե տղամարդը, ով դրդում է կնոջն այդ քայլին: Հասունացել է ժամանակը, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցին իր հստակ դիրքորոշումն արտահայտի այս եւ այլ արատավոր երեւույթների կապակցությամբ”,- ասել է Կյուրեղ քահանա Տալյանը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ում նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության հարցերով զեկուցող, շվեյցարացի խորհրդարանական Դորիս Սթամփը (Doris Stump) ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանում առկա է ապագա երեխայի սեռը որոշելու արդյունքում իրականացվող աբորտների խնդիրը:

 

Հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ն ընդունել է «Նախածննդաբերական փուլում պտղի սեռի ընտրության» մասին բանաձեւը: Փաստաթղթի համաձայն, Ալբանիայում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում սեռի ընտրությունը հասել է «տագնապալի անհամաչափությունների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին