Երեւան: Մեդիամաքս: «Սասնա Ծռեր» կուսակցության քարտուղարությունն այսօր հայտարարություն է տարածել «ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով»:
Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:
Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին եւ նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:
Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:
Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ եւս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում եւ, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:
Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որեւէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:
Եթե այս անգամ էլ լռենք եւ քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու եւ այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար», - ասված է հայտարարության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: