1. Ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է ստեղծվել ռուսական 102-րդ ռազմակայանը Հայաստանում:
Ռազմակայանը ստեղծվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Անդրկովկասյան ռազմական օկրուգի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիման վրա: 1995թ. մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Բորիս Ելցինն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը պայմանագիր ստորագրեցին՝ Հայաստանում 25 տարի ժամկետով ռուսաստանյան ռազմակայան ստեղծելու մասին: Այս ժամկետն ավտոմատ երկարաձգվելու էր եւս 5 տարով՝ կողմերի համաձայնության դեպքում:
«1997թ. ապրիլի 18-ին այն վավերացել էր Պետդուման, հաղթահարելով ադրբեջանամետ լոբբիի հակազդեցությունը, որի շարժիչ ուժն էր Դումայի պաշտպանության կոմիտեի նախագահ, գեներալ-լեյտենանտ Լեւ Ռոխլինը: Սպասել չտվեցին նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, որոնք մի քանի օր անց վավերացրեցին պայմանագիրը»,- գրել էր Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վլադիմիր Ստուպիշինը:
2. Ի՞նչ է փոխվել Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից N 5 Արձանագրության ստորագրումից հետո:
2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվեց N5 արձանագրությունը՝ 1995թ. հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին: Արձանագրության համաձայն՝ ռուսական ռազմակայանը Գյումրիում կտեղակայվի մինչեւ 2044թ.: Պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, իսկ արձանագրությունն այն դարձրեց 49 տարի: Բացի այդ, արձանագրության համաձայն, ընդլայնվում էր ռազմակայանի աշխարհագրական եւ ռազմավարական պատասխանատվության ոլորտը: Եթե մինչ այդ ռազմակայանի գործառույթները սահմանափակվում էին նախկին ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններով, ապա արձանագրության ստորագրումից հետո այդ սահմանափակումը համաձայնագրի տեքստից հանվեց:
Ռուսական կողմը Հայաստանի ռազմական անվտանգությունը համատեղ ապահովելու եւ հայկական զինուժն արդիական զինատեսակներով սպառազինմանը սատարելու պարտավորություն ստանձնեց:
3. Որքա՞ն է ռազմակայանի զինծառայողների թիվը, եւ ի՞նչ սպառազինություն կա այնտեղ:
102-րդ ռազմակայանում, ընդհանուր առմամբ, ծառայում է շուրջ 5 հազար զինվորական: Ռազմական աղբյուրների տվյալներով՝ ռազմակայանում առկա է 74 տանկ, 17 hետեւակի մարտական մեքենա (ԲՄՊ), 148 զրահավոր փոխադրիչ մեքենա (ԲՏՌ), 84 հրետանային համակարգ, С-300 եւ С-200 զենիթահրթիռային համալիրներ: 2012թ. ռազմակայանի սպառազինությունը համալրվել է անօդաչու թռչող սարքերով, որոնք համատեղելի են GLONASS եւ GPS համակարգերի հետ:
2001-ից մշտական համատեղ մարտական հերթապահություն սկսեցին իրականացնել Ռուսաստանի եւ Հայաստանի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերն ու միջոցները: Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված 18 ռուսական ՄԻԳ-29-ները օդային սահմանների պաշտպանության եւ պահպանման մարտական հերթապահություն են իրականացնում՝ ԱՊՀ երկրների միասնական ՀՕՊ համակարգի շրջանակում:
4. Ո՞վ է վճարում ռազմակայանի համար:
Մոսկվան ռազմակայանը անվճար է վարձակալում: Մասամբ այն ֆինանսավորվում է Հայաստանի պետբյուջեի միջոցների հաշվին:
5. Ի՞նչ միջադեպեր են տեղի ունեցել ռուս զինվորականների մասնակցությամբ:
1999թ. ապրիլի 14-ին երկու ռուս զինծառայող, ոչ սթափ վիճակում, հայտնվել էին Գյումրիի շուկայում, որտեղ ինքնաձիգներից անկանոն կրակ էին բացել: Արդյունքում՝ 2 զոհ եւ 9 վիրավոր: Հայկական եւ ռուսական դատական մարմիններն համաձայնության էին եկել, ըստ որի՝ դատավարությունը տեղի ունեցավ Հայաստանում, հայ դատավորի նախագահությամբ եւ Հայաստանի օրենսդրությամբ: Ենթադրվում էր, որ ռուս զինվորականներն իրենց պատիժը եւս կրելու էին Հայաստանում:
Գյումրիի դատարանի վճռով նրանք դատապարտվեցին 15 եւ 14 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Ոչ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տարի պատիժը կրելուց հետո հանցագործները տեղափոխվեցին Ռուսաստան, իսկ ընդհանուր առմամբ նրանք բանտում անցկացրեցին 7-8 տարի:
2003թ. հուլիսի 11-ին ռուսական ռազմակայանում տեղի ունեցավ փոխհրաձգություն: Մի քանի երիտասարդ փորձել էին ներթափանցել ռազմակայանի տարածք, սակայն հանդիպել էին հերթապահի դիմադրությանը: Քաշքշուկի ընթացքում հրազեն էր կիրառվել, եւ արդյունքում սպանվել էին Գյումրիի բնակիչներ Արթուր Պողոսյանը եւ Արմեն Արոյանը: Եվս երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրամանով պաշտոնից ազատվեց բազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովը: Անդրկովկասի ռազմական օկրուգի խորհրդի զեկույցում նշվել էր, որ Տիտովը զինվորական կարգապահության կոպիտ խախտումներ էր թույլ տվել՝ «չկատարելով ծառայողական պարտականությունները»:
2013թ. ապրիլի 7-ին ռուսական ռազմակայանի տանկային հրաձգարանի տարածքում մահացել էին 2001թ. ծնված Ա.Մկրտչյանը եւ 1997թ. ծնված Մ.Գեւորգյանը: Երեխաները մահացել էին ականի պայթյունի հետեւանքով:
2015թ. հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում գազանաբար սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը դանակից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր հունվարի 19-ին: Գործով գլխավոր մեղադրյալը ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: