Երեւան: Մեդիամաքս: «Դիլիջան» ազգային պարկը զբոսաշրջիկների ու այցելուների համար դարձել է ավելի գրավիչ ու հարմարավետ՝ շնորհիվ բարեկարգված ու նոր ստեղծված արահետների, տեղադրված ցուցանակների ու վահանակների։
«Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» դրամաշնորհային ծրագրին իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը՝ Եվրոպական միության եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։
«Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիստական գրավչությունն ավելացնելու եւ բնությունը պահպանելու նպատակով ստեղծվել է 18 կմ երկարությամբ չորս հետիոտնային արահետ, բարեկարգվել՝ 8-ը, բացվել է 29 կմ երկարությամբ հեծանվային երթուղի։
Որպեսզի զբոսաշրջիկն իրեն հարմարավետ ու անվտանգ զգա, արահետներին տեղադրվել են նախազգուշացնող եւ տեղեկատվական ցուցանակներ, զուգարանախցիկներ եւ աղբամաններ, սահմանվել են պարկի երեք հիմնական զբոսաշրջային մուտքերը։
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ «Դիլիջան» ազգային պարկում իրականացված աշխատանքները լրացուցիչ ֆինանսական հոսքերի հնարավորություն են ստեղծելու։
«Մտածում էինք՝ ինչպես անել, որ այս արահետները հաջողությամբ շուկա հանվեն եւ լինեն տնտեսապես եկամտաբեր։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի մասնագետների հետ տուրիստական փաթեթներ են մշակվել, որոնցում արահետները ներկայացված են թե՛ առանձին-առանձին, թե՛ այլ պրոդուկտների հետ։ Փորձելու ենք վաճառք կազմակերպել եւ ստացված հասույթը, բնականաբար, ուղղել ազգային պարկի աշխատանքների կազմակերպմանը, բնության պահպանությանը»,- ասել է «Դիլիջան» ազգային պարկի աջակցության ու երթուղիների զարգացման համակարգող Արեգ Կարապետյանը։
Ազգայի պարկի տնօրենի տեղակալ Ռոբերտ Ալիխանյանն էլ նշել է, որ Դիլիջան այցելող տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների փոքր տոկոսն էր հասնում ազգային պարկ։ Վերջին տարիներին այստեղ աշխատանքներ կատարվել են, բայց այս ծավալի՝ առաջին անգամ։
Ազգային պարկի բարեկարգումը «Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի 6 բաղադրիչներից ամենախոշորն է։ Ծրագիրը մասամբ լուծում է նաեւ տեղացիների աշխատատեղերի ու զբաղվածության խնդիրը։ Կարճաժամկետ աշխատանքներից բացի՝ ծրագրի ավարտին ստեղծվելու է մոտ 50 կայուն աշխատատեղ։ Պատասխանատուները հույս ունեն, որ այդ թիվը կմեծանա իրենց՝ փոքր եւ միջին բիզնեսի աջակցության ծրագրերի շնորհիվ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: