Դարեն Արոնոֆսկին՝ սիրած ֆիլմերի, վախերի ու կասկածների մասին - Mediamax.am

2618 դիտում

Դարեն Արոնոֆսկին՝ սիրած ֆիլմերի, վախերի ու կասկածների մասին


Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Շատերն են Դարեն Արոնոֆսկուն «Requiem for a Dream» ֆիլմից ճանաչում ու սիրում. միայն սաունդթրեքը հերիք է, որ անգամ նրա արվեստին անծանոթները ֆիլմը հիշեն: Երբ հայ հանդիսատեսից մեկը Արոնոֆսկու հետ հանդիպման ժամանակ ասաց, որ «Requiem for a Dream»-ը իր ամենասիրած ֆիլմն է, աշխարհահռչակ կինոռեժիսորը պատասխանեց` ուրեմն դուք դեռ իմ նոր «Մա՛յր» ֆիլմը չեք տեսել...

2017-ին նկարահանած «Մա՛յր» ֆիլմի հայաստանյան ցուցադրությունից րոպեներ առաջ Դարենը դժվարանում էր ներկայացնել գործը. «որովհետեւ բարդ ֆիլմ է, շատ տարբեր զգացողություններ եք ունենալու, որոնք ոչ միշտ են հաճելի... Վերջում, հույս ունեմ, որ մի պահ կանգ կառնեք ու կմտածեք ֆիլմի շուրջ ու կզրուցեք դրա մասին»,-ասում էր կինոռեժիսորը: 

Դարեն Արոնոֆսկին մի քանի օր է` Երեւանում է: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Դարենը` իր հետահայաց ծրագրի բացմանն ու «Մա՛յր» ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ հանդիպել էր՝ իր ֆիլմերի սիրահարների, արվեստով հետաքրքրվողների ու լրագրողների հետ: Մեդիամաքսը գրի է առել Դարեն Արոնոֆկու՝ հայաստանյան հանդիսատեսի հետ կիսած ուշագրավ մի քանի մտքերը: 

«Մա՛յր» ֆիլմի եւ քննադատությունների մասին

 

Երբ նկարում էինք «Մա՛յրը», միշտ գիտակցում էինք, որ շատ-շատ ագրեսիվ ենք մեր լսարանի առջեւ: Ֆիլմի հիմքում ընկած է շատ լուրջ մտահոգություն եւ բարկություն, որն այսօր տիրում է երկրագնդի վրա: Բավականին շատ են այն մարդիկ, որոնք չեն ցանկանում դիտել ֆիլմը: 

 

Յուրաքանչյուր ֆիլմ նկարելուց առաջ ես գիտեմ, որ ինձ նմանատիպ արձագանք է սպասում: Չնայած գիտեի դրա մասին, վերապրելը այլ բան էր, որովհետեւ երբ ստեղծագործում ես, միանգամայն բացվում ես՝ ամբողջ սրտով: Արվեստի արարումը սիրո գործողություն է: 

 

Լուսանկարը` Թումո

 

Քննադատությունը կարեւոր բան է, դրանից կարելի է սովորել, բայց կարեւոր է նաեւ հիշել՝ միշտ կգտնվեն մարդիկ, որոնք լավ չեն ընկալի ձեր արվեստը: Կարեւոր է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք չեն ընդունում, որ ֆիլմ ստեղծելը շատ մեծ համարձակություն է: Դրանք այն մարդիկ են, որոնց պետք է անտեսել: 

 

Գաղափարն ընտրելու եւ ֆիլմերը ստեղծելու մասին

 

Միշտ ունենում եմ բազմաթիվ գաղափարներ եւ մարաթոնյան վազքի նման թողնում եմ, որ դրանք վազեն իմ գլխում: Փորձարկում ես, աշխատում ես դրանց վրա, խնամում ես, փորձում ես ավելի լավը դարձնել այն, վերջում ամփոփում ես այն մեկով, որ զգում ես՝ առանց այդ գաղափարն իրականացնելու չես կարող ապրել:  

 

Լուսանկարը` Թումո

 

Կարծում եմ` ամեն ինչ սկսվում է անգիտակցաբար: Ոմանք այն անվանում են մուսա, ոմանք ասում են` Աստված է, էներգիա կամ ոգի: Արվեստի ամենահուզիչ պահն այն է, երբ քո ներկայությունն այլեւս վերջանում է այնտեղ. յուրաքանչյուր արվեստագետ գիտի այդ մասին, երբ դու եւ ստեղծագործությունը տարանջատվում եք. հենց սրա համար ենք բոլորս աշխատում: Իմ կյանքում նման պահերը շատ չեն եղել, բայց սա հենց այն է, ինչին ես ձգտում եմ հասնել եւ ինչն ինձ կարող է հուզել: 

 

Լուսանկարը` Թումո

 

Ես այնքան էլ լավ չեմ կարողանում բացատրել, թե ինչպես են ստեղծվում իմ ֆիլմերը, դրանք պարզապես գալիս են իմ ներսից: Սովորաբար, երբ ֆիլմն արդեն ստեղծված է, մարդիկ նայում են, գրում են դրա մասին: Արդյունքում հասկանում ես, որ յուրաքանչյուր մարդու համար ֆիլմերս տարբեր իմաստ ունեն: Կարեւորը՝ անկեղծ լինես հանդիսատեսի հետ: 

 

Սիրած ֆիլմերի մասին

 

Ֆիլմերը համեմատում եմ երեխաների հետ եւ շատ դժվար է որոշել՝ ո՞րն է քո սիրելի ֆիլմը: Ինչպես երեխաների, այնպես էլ ֆիլմերի դեպքում՝ կան բաներ, որոնք հավանում ես, կան՝ որոնք քեզ դուր չեն գալիս: 

 

Կարծում եմ՝ հիմա ամենասիրած ֆիլմս «Մա՛յրն» է, քանի որ այն պարզապես ամենավերջինն է: 

 

 

Վախերի մասին

 

Ամեն օր ստիպված ես աշխատել, դա է սարսափեցնող:

 

Մարդը, որը չունի կասկածներ, չունի նաեւ իմաստություն: Աշխարհում յուրաքանչյուր արվեստագետ ունի անսահման կասկածներ. հենց սա է ստիպում մեզ շատ աշխատել: Գրկաբաց ողջունեք վախերը եւ պայքարեք դրանց դեմ: 

 

Խորհուրդներ՝ երիտասարդ կինոստեղծողներին

 

Պատմիր պատմություն, որը միայն դու կարող ես պատմել: Եթե ներկայացնես մի պատմություն, որը շատ անձնական է ու շատ անկեղծ, կունենաս քո լսարանը: 

 

Երկրորդ կարեւոր պայմանը համառությունն է. այնքան մարդ կասի՝ ոչ, թող-գնա այստեղից... Միեւնույն է՝ շարունակիր առաջ գնալ ու հավատալ քո սեփական պատմությանը: 

 

Լուսանկարը` Թումո

 

Երրորդ՝ քո շուրջն ընտանիք ստեղծիր. շրջապատիր քեզ այն մարդկանցով, որոնք կիսում են երազանքներդ, աջակցում եւ ոգեւորում են քեզ: 

 

Չորրորդ՝ աշխատիր կենտրոնացած ու արա տնային աշխատանքդ: 

 

Եվ վերջում՝ իսկապես նվիրվիր այն բանին, ինչ անում ես. այն քեզ կիրք կփոխանցի, որն անհրաժեշտ է հաղթահարելու բոլոր խոչընդոտները: 

 

Լուսանկարը` Թումո

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին