Ռուբեն Ռուբինյան. «Դեմ եմ, երբ ասում են՝ «թողեք աշխատեն»» - Mediamax.am

exclusive
24387 դիտում

Ռուբեն Ռուբինյան. «Դեմ եմ, երբ ասում են՝ «թողեք աշխատեն»»


Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռուբեն Ռուբինյանը
Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նորանշանակ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը հեղափոխության մեկնարկին Հայաստանում չէր: «Հրանտ Դինք» հիմնադրամում աշխատանքի շրջանակում նա երեք ամսով մեկնել էր Ստամբուլ, դեռ 1 ամիս պետք է այնտեղ մնար, սակայն թողեց գործերն ու վերադարձավ Հայաստան: 

Շարունակելով ներկայացնել կառավարության նոր անդամներին՝ Մեդիամաքսը զրուցել է 28-ամյա Ռուբեն Ռուբինյանի հետ: Փոխնախարարի ամենամեծ մտավախություններից մեկն այս պահին կապված է արժանի պաշտոնավարման, պաշտոնի բերած գայթակղություններին դիմակայելու, ակամայից չփոխվելու հետ: 

 

2008-ին խոցվեց մեր արժանապատվությունը

 

«Երբ քայլարշավը մեկնարկեց, առցանց էի մասնակցում աշխատանքներին: Մամուլի մոնիտորինգ էի անում, քանի որ թիմակիցներս օբյեկտիվորեն կտրված էին ինֆորմացիայից: Երբ շարժման մասնակիցները մտան Ռադիոյի տուն, չդիմացա, հենց այդ պահին որոշեցի տոմս գնել: Հաջորդ առավոտյան արդեն Հայաստանում էի»,- հիշում է Ռուբենը: Վստահ չէր, որ հենց 2018-ի ապրիլին կլինի հեղափոխություն, բայց կասկած չուներ, որ առաջիկա տարիներին Հայաստանում փոփոխություններ կլինեն

 

«Իհարկե, բոլորս երազողներ ենք, բայց ոչ անհույս ռոմանտիկներ, որպեսզի մտածեինք, թե հիմա գնալու ենք եւ հեղափոխություն անենք: Այնուամենայնիվ, որքան էլ փոքր լիներ շանսը, մեզ համար ակնհայտ էր, որ չենք կարող ոչինչ չանել: Ինչ-որ առումով դա արժանապատվության հարց էր»,- ասում է գործիչը, որի քաղաքական ինքնասիրությունը խոցվել էր դեռեւս 2008-ին:

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռուբենը ցույցերին մասնակցում էր դեռեւս 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ իշխանության համար պայքարում էին Ռոբերտ Քոչարյանն ու Ստեփան Դեմիրճյանը: «Բնականաբար, 13 տարեկանում շատ բան չէի հասկանում, միայն գիտեի, որ կա Ռոբերտ Քոչարյան, որն այդքան էլ դրական կերպար չէ, եւ Ստեփան Դեմիրճյան, որը համեմատության մեջ ավելի դրական է: 2008-ին ավելի գիտակից էի: Մեր սերնդից շատերի արժանապատվությունը խոցվեց այդ ժամանակ, ինչը հաջորդ 10 տարվա ընթացքում մեծ ազդեցություն ունեցավ բոլորիս հոգեբանության վրա,- ասում է փոխնախարարը, որի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը 2008-ին ձերբակալվել եւ ավելի քան երկու ամիս անցկացրել է քրեակատարողական հիմնարկում: - Ընդդիմադիր բոլոր շարժումներն ազդել են իմ քաղաքական գիտակցության ձեւավորման վրա, առավել առանցքային նշանակություն են ունեցել բոլոր տարիների նախագահական ընտրություններն ու դրանց  հաջորդած հանրահավաքները՝ իրենց լավ ու վատ կողմերով, բայց ինձ կոնկրետ իրադարձություն չի համոզել, որ պետք է պայքարել: Միշտ էլ այդ համոզմանն եմ եղել: Ինձ ինչ հիշում եմ, քաղաքականացված եմ եղել, նույնիսկ 6 տարեկանում: Դա, հավանաբար, պայմանավորված էր այն հանգամանքով, որ ընտանիքս քաղաքականացված էր: Բնականաբար, փոքր տարիքում հորս աչքերով էի նայում քաղաքականությանը: Հետագայում հետադարձ հայացքով նայում էի, թե ինչ սխալներ են եղել այդ տարիներին»:

 

Ես պակաս ռոմանտիկ, ավելի պրագմատիկ եմ, քան հայրս

 

Ռուբինյանի արմատները հորական կողմից տանում են Գյումրի եւ Արեւմտյան Հայաստան՝ Վան, մորական կողմից՝ Բաքու եւ Արցախ: Ինքը ծնվել եւ մեծացել է Երեւանում: Հայրը՝ Կարապետ Ռուբինյանն եղել է ղարաբաղյան, այնուհետեւ՝ Հայոց համազգային շարժման ակտիվ մասնակից: Զբաղեցրել է ԱԺ փոխնախագահի, Երեւանի փոխքաղաքապետի եւ այլ պաշտոններ: Մայրը լրագրող է: Եղբայրն իրեն հեռու է պահում քաղաքականությունից, բանկում է աշխատում, քույրը դեռ 4 տարեկան է:

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ասում է՝ քաղաքականությամբ զբաղվելու որոշումն ընտանիքի անդամների հետ չի քննարկել: «Ընտանիքիս անդամներին չեմ հարցրել՝ դե՞մ են որոշմանս, թե՞ ոչ: Իրենք էլ չեն արտահայտվել: Հայրս էլ է երիտասարդ տարիքում պաշտոն զբաղեցրել, բայց ինձ խորհուրդներ չի տալիս: Քաղաքականության մասին առանձնապես շատ չենք խոսում: Հնարավոր է՝ էպիզոդիկ հարց հետաքրքրի, թե ինչպես էր իրենց ժամանակ, հարցնեմ, սակայն  քննարկումներ որպես այդպիսին չենք ունենում: Տարակարծություն էլ չունենք, թեեւ կարծում եմ՝ ես պակաս ռոմանտիկ, ավելի պրագմատիկ եմ, քան հայրս»: 

 

Պաշտոնին զգուշորեն մոտեցող գործչի կարծիքով՝ հայրն արժանապատվությամբ է պաշտոնավարել: «Այդ առումով ես շատ հպարտ եմ»,- շեշտում է նա:

 

Իշխանությունը կարող է փչացնել մարդուն

 

Փոխնախարարը վախենում է հանկարծ ակամա չփոխվի: Խոստովանում է՝ այս միտքը շատ է բարդացրել իր կյանքը: «Բոլոր թիմակիցներիս անունից չեմ խոսի, որովհետեւ ամեն մարդ իր մոտեցումն ունի, սակայն ինձ մոտ անընդհատ տագնապի զգացում կա՝ իսկ եթե չարդարացնե՞մ սպասելիքները, եթե չդիմանա՞մ ճնշմանն ու սկզբունքներիս դեմ գնամ: Դա ամենահաճելի պայմանները չի ստեղծում հանգիստ կյանքի համար, սակայն ես պատրաստ եմ այս ուղուն: Սա իմ ընտրությունն է եղել»,- ընդգծում է նա:

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ռուբենը հիշում է հոր շրջապատի օրինակը. «Անձամբ տեսել եմ բոլոր այն գայթակղությունները, որոնք կարող են լինել, մարդկանց, որոնք չեն դիմացել դրանց: Կարծում եմ, դա շատ լավ է, որպեսզի չկրկնեմ այն սխալները, որոնք արվել են մեզ պես երիտասարդ պաշտոնյաները 1990-ականների սկզբին: Շատ ավելի հեշտ է չսխալվել, երբ նախկինում տեսել ես այդ սխալն ու դրա հետեւանքը: Շատ կարեւոր է, որպեսզի մարդը չկորցնի ինքնառեպրեսիայի կարողությունը: Կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ եթե այս ամենի դեմ պայքարելուց հետո սկսենք գործել նախկին տրամաբանության մեջ, կդառնանք ավելի վատը, քան եղել են նախկինները»:

 

Լոնդոնում ապրելու եւ աշխատելու գաղափարն ինձ երբեք գրավիչ չի թվացել

 

Այն, որ քաղաքականությամբ է զբաղվելու, Ռուբինյանի համար վաղուց էր հստակ: Այլ աշխատանքով նա չի զբաղվել: Ասում է՝ ընդդիմադիր հայացքների շնորհիվ չէ, որ սկսել է հետաքրքրվել քաղաքականությամբ: Եթե Հայաստանում լիներ այնպիսի իշխանություն, որի գործունեության հետ համաձայն կլիներ, իրեն կրկին կտեսնեինք այս ասպարեզում: «Քաղաքականությամբ զբաղվելուս համար երկու բաղադրիչ կար: Առաջինն անձնական հետաքրքրվածությունն էր, երկրորդը՝ այն գիտակցումը, որ քանի դեռ այս մարդիկ երկրի իշխանության են, ես չեմ կարող ինձ արժանապատիվ զգալ Հայաստանում: Կամ պետք է մի բան անեմ, որ ինձ արժանապատիվ զգամ իմ երկրում կամ արտագաղթեմ: Արտագաղթել չէի ուզում»,- ասում է Ռուբենը, որը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատն ավարտելուց հետո կրթություն է ստացել Լոնդոնում եւ Լեհաստանում: 

 

Արտերկրում կրթություն ստացած շատ մարդիկ հեռանկարային չեն համարում Հայաստան վերադառնալը: Ռուբինյանի խոսքով՝ իրեն, հակառակը, երբեք գրավիչ չի թվացել, օրինակ, Լոնդոնում ապրելու եւ աշխատելու գաղափարը: 

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ուսումն ավարտելուց անմիջապես հետո Ռուբենը վերադարձել է Հայաստան ու զորակոչվել բանակ: ««Այ ախպեր, ինչի՞ եկար» արտահայտությունը շատ եմ լսել, սակայն ես բնական ցանկություն ունեի ապրել Հայաստանում: Սա պարզապես վերամբարձ հայտարարություն չէ: Երբ վերադարձա, օրենքով պարտավոր էի ծառայել, զորակոչվեցի բանակ»,- նկատում է փոխնախարարն ու չի ցանկանում շեշտադրել, թե վերադարձել էր Հայաստան ծառայության նպատակով: Այս փաստին վերաբերում է որպես բնականոն ընթացք, որին հատուկ երանգ տալ պետք չէ: 

 

Ծառայել է Արմավիրի մարզում: Խոստովանում է՝ 22 տարեկանում բանակ զորակոչվելը մի փոքր բարդ էր: Ասում է՝ արդեն ձեւավորված ու կայացած մարդու համար ավելի դժվար է անվերապահորեն ենթարկվել հրամաններին, որոնց մի մասն անընդունելի ես համարում: Այնուամենայնիվ, իր ծառայության տարիները բնորոշում է հանգստ ու հաճելի: Ասում է՝ տեսակով հանգիստ մարդ է, խնդիրներ որպես այդպիսին չի ունեցել:

 

Նախարար, փոխնախարար, թե այլ աշխատանք՝ կարեւոր չէր

 

28 տարեկանում փոխնախարարի պաշտոն ստանձնելը Ռուբինյանի կարիերայում թռիչքային աճ էր, որը, նրա խոսքով, բնականոն է հեղափոխության պայմաններում:

 

«Գիտեմ, որ այս թռիչքային փոփոխությունները կարող են նաեւ մտահոգություններ առաջացնել, օրինակ, իմ դեպքում՝ կապված անփորձության հետ: Այդ մտահոգությունը լեգիտիմ է, սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանում հիմա սերնդափոխություն է՝ քաղաքական, արժեքային, մշակութային առումով»,- նկատում է նա:

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Քաղաքական դաշտում գործունեություն ծավալել ցանկացող գործիչը վստահեցնում է՝ կարեւոր չէր՝ իրեն ինչ պաշտոն կտան, կարեւորն այդ պաշտոնում օգտակար լինելն է: Նրա խոսքով՝ դերերի բաշխման ժամանակ նախարարի կամ որեւէ կառույցի ղեկավարի պաշտոնի չի հավակնել: «Կարծեմ՝ պարոն Մնացականյանը դեռ նշանակված չէր, երբ «ՔՊ»-ում իմ թեկնածությունը քննարկվում էր փոխնախարարի պաշտոնի համար: Ինձ համար կարեւորը ոչ թե ինչ-որ տեղ ղեկավար կամ ղեկավարի տեղակալ լինելն էր, այլ արդյունավետ լինելը: Ինձ համար կարեւոր է, որ աշխատանքս լավ անեմ, աճեմ եւ օգնեմ մեր թիմին բերել այն փոփոխությունները, որոնք խոստացել ենք: Ինքս ուզում էի լինել ԱԳՆ-ում, սակայն եթե որոշվեր, որ ես այլ տեղում ավելի շատ օգուտ կտամ, կլինեի այլ տեղում»:

 

Ռուբինյանն իշխանության է եկել իր տեսլականով: Ասում է՝լուծումներն ունեն երկու մակարդակ: Առաջինը ենթադրում է փոփոխություններ պետական համակարգի գործունեության տրամաբանության մեջ, քանի որ տարիներ շարունակ պետական ամբողջ համակարգում կառավարությունը ոչ այնքան արդյունավետ եւ արդար է եղել: «Ես շատ եմ կարեւորում, որ ԱԳՆ-ն ավելի բաց լինի հասարակության համար: Նախկինում ԱԳՆ-ն համարվում էր «կորած» նախարարություն: Հաճախ՝ անարդարացիորեն, որովհետեւ ԱԳՆ աշխատանքն իր բնույթով ամենաերեւացողը չէ, սակայն եղել են նաեւ սուբյեկտիվ խնդիրներ»,- ասում է նա:

 

Ռուբինյանի խոսքով՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հարաբերությունները հիմնված են փոխըմբռնման վրա: Ասում է՝ նոր Հայաստանում նախարար լինել չի նշանակում միանձնյա որոշում կայացնել. «Իհարկե, որոշում կայացնողը նախարարն է, սակայն մեր դեպքում կենտրոնացված բուրգ որպես այդպիսին չկա: Մենք քննարկում ենք խնդիրներն ու գալիս ինչ-որ որոշման»:

Իշխանության գալուց հետո չպետք է դադարել քննադատ լինել 

 

Ռուբինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Նա պատմում է, որ ծառայության վերջին ամիսներին արդեն նախապատրաստվում էր քաղաքական դաշտ մտնելուն, սակայն այլեւս չէր համակրում գործող ընդդիմադիր ուժերից որեւէ մեկին: 

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես իմ պատկերացումներն ունեի: Մի օր Նիկոլ Փաշինյանի ելույթն էի լսում: Իմ պատկերացումներն ու իր առաջարկները 90 տոկոսով համընկնում էին: Դեռ համալսարանական տարիներից ճանաչում էի ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանի եղբորը: Քանի որ Արայիկը նախաձեռնության մեջ էր, զորացրվելուց հետո կապ հաստատեցի, հարցրեցի՝ ինչո՞վ կարող եմ օգնել: Քաղաքացիների հետ հանդիպում ունեին, հրավիրեց, գնացի, պարզվեց՝ կանոնադրություն են քննարկում, պատրասվում են համաժողով անել եւ կուսակցություն հիմնել: Առաջին իսկ օրվանից մասնակցեցի քննարկումներին, երկու շաբաթ անց համաժողովն էր, որի ժամանակ իմ թեկնածությունն առաջադրվեց եւ հաստատվեց որպես վարչության անդամ»,- պատմում է նա, ապա հավելում, որ արժեքային բախումներ թիմում չեն ունենում, որովհետեւ նույն հայացքներն ունեն: Ինչ վերաբերում է բանավեճերին՝ այդպիսիք լինում են, օրինակ, քաղաքական քայլերի տրամաբանության վերաբերյալ, եւ բերում նոր լուծումների:

 

Իշխանության գալուց հետո կարեւոր է չդադարել քննադատ լինել, նկատել ու մատնանշել կուսակիցների, իշխանության մյուս անդամների բացթողումները: Ռուբինյանը հավատացնում է՝ քննադատությունները չեն դադարում: Իր հասցեին դեռ քննադատություն չի լսել, քանի որ մեկ շաբաթ է, ինչ ստանձնել է պաշտոնը: 

 

Գործընկերներին քննադատել հասցրել է: Ասում է՝ իր նկատառումները կապված են եղել PR-ի, այս կամ այն հարցը հանրությանը մատուցելու ձեւի հետ: Միաժամանակ շեշտում է, որ սկզբունքային քննադատություն թիմակիցների հանդեպ դեռ չունի:

 

Իշխանափոխությունից հետո երեք օր փակվեցի տանը

 

Իշխանափոխության հասնելուց հետո Ռուբինյանը մի քանի օր առանձնանալու կարիք է ունեցել: Ասում է՝ փոփոխությունների ալիքն ու մեծ ուշադրությունը զգացել է ոչ թե պաշտոնը ստանձնելուց, այլ իշխանափոխությունից անմիջապես հետո: 

 

«Քանի որ հաղթանակի ոգեշնչանքը շատ մեծ էր, բոլորն ուզում էին խոսել քաղաքական իրողությունների մասին, իսկ ես՝ ոչ: Ինչ խոսք, մարդկանց հետաքրքրվածությունը լավ է եւ հասկանալի, սակայն անձամբ ինձ համար շատ դժվար էր հաղթահարել այդ պահը: Շփման գերդոզավորում էր, հատկապես որ ինքս ինձ շփվող մարդ համարել չեմ կարող: Երեք օր տանից դուրս չէի գալիս, մենակությունն էի վայելում,- պատմում է նա ու նկատում, որ արդեն հաղթահարել է այդ պահը: - Գիտակցում եմ մեր պատասխանատվությունն ու պարտավորությունը երբեք չփակվել աշխատասենյակներում եւ չհեռանալ ժողովրդից: Մենք դրա դեմ ենք պայքարել»:

 

Դեմ եմ, երբ ասում են՝ թողեք աշխատեն

 

Ռուբենը կոչ է անում ըմբոստ հասարակությանը չկորցնել զգոնությունը նաեւ իրենց իշխանության հանդեպ: 

 

Ռուբեն Ռուբինյանը Ռուբեն Ռուբինյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

«Ես դեմ եմ, երբ ասում են՝ «թողեք աշխատեն»: Ոչ ոք իմ ձեռքը չի բռնել, որ աշխատեմ: Խնդիր չեմ տեսնում, երբ մեր առջեւ պահանջներ են դնում: Դա ճնշում է, որը լավ է: «Թողեք աշխատենք» թեզը Հայաստանում առաջ եկավ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ. առանձնապես չէին աշխատում, բայց ասում էին՝ թողեք աշխատենք: Բնականաբար, հեղափոխությունը բերեց շատ մեծ սպասումներ: Որոշ շրջանակներ ավելի շտապողական են: Կան հարցեր, որոնք նոր կառավարությունն օբյեկտիվորեն հիմա լուծել չի կարող, «թողեք աշխատեն»-ն այդ կոնտեքստում է ասվում, սակայն, իմ կարծիքով, որեւէ խնդիր չկա, եթե տարբեր շրջանակներ անընդհատ պահանջներ ներկայացնեն մեզ: Եթե նույնիսկ որպես պաշտոնյա հանգիստ օրդ խաթարվում է, պետք է գիտակցես, որ դա է առաջընթացը: Դա է իշխանությանը զսպում եւ առաջ մղում: Երբ թողնում ես, որ աշխատեն, չեն աշխատում, պետք է բզես, որ աշխատեն»,- շեշտում է նա:

 

Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարները՝ Շաքե Հովաննիսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին