Հայաստան-ՆԱՏՕ` համագործակցության արդյունքներն ու նոր ուղիները - Mediamax.am

8338 դիտում

Հայաստան-ՆԱՏՕ` համագործակցության արդյունքներն ու նոր ուղիները


Լուսանկարը` Մեդիամաքս

Մաթիաս Քիսլերը
Մաթիաս Քիսլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լեւոն Այվազյանը
Լեւոն Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Եդիգարյանը
Արմեն Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոզարիա Պուգլիսին
Ռոզարիա Պուգլիսին

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 13-ից 18-ը Հայաստանում կանցկացվի 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը, որին ընդառաջ այսօր Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձ է եղել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը:

 

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսին կարեւորել է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը` հանրությանը համագործակցության ամբողջ ծավալը ներկայացնելու հնարավորության տեսանկյունից:

Ռոզարիա Պուգլիսին Ռոզարիա Պուգլիսին

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք երախտապարտ ենք Հայաստանին` 121 խաղաղապահ Աֆղանստանում եւ 35-ը՝ Կոսովոյում ունենալու համար: Հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ երկիր չէ, այպիսի ներդրումը շատ բարձր է գնահատվում: Սակայն մեր գործակցությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով: Մի շարք ծրագրեր ունենք, որոնք վերաբերում են պաշտպանական ոլորտում պատշաճ կառավարմանը, ռազմական կրթությանը, բարեվարքության զարգացմանը (building integrity) եւ այլն», - ասել է նա:

 

Ռոզարիա Պուգլիսին նշել է, որ Հայաստանը «կայուն եւ վստահելի» գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:

 

«Մենք գիտենք, թե Հայաստանն ինչ է ուզում եւ մենք գոհ ենք դրանից», - ասել է նա:

 

Ռոզարիա Պուգլիսին հայտնել է, որ դեկտեմբերի 18-ին Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոտեմյոլերը:

 

2017-ը` Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար

 

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանն ասել է, որ անցնող տարին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առումով հարուստ էր իրադարձություններով` այցերով, բանակցություններով եւ ծավալուն քննարկումներով: 

Արմեն Եդիգարյանը Արմեն Եդիգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«2006 թվականից ի վեր Հայաստանը հաջողությամբ իրականացնում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ): Այս տարվա ապրիլին Հյուսիսատլանտյան խորհուրդը ընդունեց թվով 5-րդ փոստաթուղթը, որն ուրվագծում է մեր համագործակցությունը 2017-19թթ.-ի համար: Այս տարի հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները Հայաստան-ՆԱՏՕ Վստահության առաջին հիմնադրամի (Trust Fund) ստեղծման շուրջ եւ ստորագրվեց համապատասխան համաձայնագիրը»,- ասել է նա:

 

ՆԱՏՕ-ի չափանիշներն ու Հայաստանը

 

Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն ասել է, որ առաջնահերթ խնդիրներն ունեն երկարաժամկետ բնույթ: Հայաստանը նույն ծավալով շարունակել է խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում եւ Կոսովոյում: Մյուս կարեւոր առաջնահերթությունը փոխգործունակ կարողությունների զարգացումն է, ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի ուժերն ու կարողությունները համապատասխանեցվում են ՆԱՏՕ-ի չափանիշներին:

Լեւոն Այվազյանը Լեւոն Այվազյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այդ ստանդարտներով նոր կարողություններ ենք ստեղծվում: Ռազմական կրթության եւ վերապատրաստման ոլորտում եւս երկարամյա համագործակցություն կա` ՆԱՏՕ-ի պաշտպանական կրթական ընդլայնված ծրագրով խորհրդատվություն ենք ստանում: Ընդհանուր պաշտպանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ նույնպես աշխատանքներ են ընթանում` բարեվարքության եւ կանանց ներգրավման ոլորտներում տարբեր միջոցառումներ են իրականացվում»,- ասել է նա:

 

Լեւոն Այվազյանը հավելել է, որ ակտիվ է ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ դաշինքի անդամ պետությունների հետ երկկողմ ձեւաչափով համագործակցությունը:

 

Վստահության հիմնադրամը

 

2017-ին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ձեռքբերումներից է Վստահության հիմնադրամի ստեղծումը, որը նախատեսում է ոչ պիտանի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ոչնչացում: Ծրագրի հիմնական ֆինանսավորող կողմը Գերմանիան է: 

Մաթիաս Քիսլերը Մաթիաս Քիսլերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մամուլի ասուլիսին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասել է, որ հիմնադրամը Գերմանիայի համար կարեւոր եւ պատասխանատու հարց է զենքերի վերահսկման գործիքների ներդրման առումով:

 

«Նախատեսվում է ոչ պիտանի 21 մարտական մեքենաների եւ ավելի քան 140 ոչ պիտանի մարտական համակարգերի ոչնչացումը»,- ասել է Գերմանիայի դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին