Երեւան: Մեդիամաքս: Մենք ունեցել ենք մեծանուն գործիչներ, ում մայրը կամ հայրը ծագումով հայ կամ այլ ազգի ներկայացուցիչ են եղել: Վրաստանը բաղկացած է բոլոր այդ էթնիկ խմբերից:
Ինչպես հայտնել է “Գրուզիա Օնլայնը”, այս մասին “Հատուկ ռեպորտաժ” հաղորդման ընթացքում երեկ ասել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին:
Նրա խոսքով, Վրաստանում վերջերս ընդունված “Կրոնական կազմակերպությունների մասին” օրենքը կընդունվեր անգամ այն դեպքում, եթե փողոց դուրս գար 100 հազար մարդ:
“8 տարի առաջ, երբ նախատեսվում էր այս օրենքի ընդունումը, Թբիլիսիի փողոցներ դուրս եկան 100 հոգի եւ բողոքի ցույց անցկացրին: Եվ այն ժամանակվա իշխանությունները հետաձգեցին օրինագծի ընդունումը”,- ասել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը անդրադարձել է նաեւ իր էթնիկ ծագման շուրջ պտտվող խոսակցություններին:
“Հայաստանյան մի հեռուստաընկերության ներկայացուցիչներ ժամանել էին ինձ հետ հարցազրույց անցկացնելու: Նրանք ինձ ասացին, որ գիտեն իմ հայկական ծագման մասին, եւ հավելեցին, որ վախենում են, թե ինձ մոտ բարդույթներ կառաջանան այդ կապակցությամբ: Ես նրանց պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը: Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ:
Հեռուստատեսությամբ եւս մի ծրագիր կար, որտեղ սովետական շրջանի մի վերապրուկ վեր կացավ ու ասաց, որ Սահակաշվիլին հայ է: Ինձ զանգահարեց մայրս եւ ասաց. նրանք այնտեղ այդքան խոսեցին, եւ որեւէ մեկը նրանցից չասաց, որ դու հայ չես: Մենք այդ բոլոր էթնիկ խմբերի խառնուրդն ենք, մեծ քաղաքակրթությամբ երկիր”,- ասել է Վրաստանի նախագահը:
Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ հուլիսի սկզբին Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է փոփոխություններ Քաղաքացիական օրենսգրքում, որոնց համաձայն հինգ կրոնական փոքրամասնություններին` Հայ Առաքելական եկեղեցուն, Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին եւ բապտիստական եկեղեցուն, նախատեսվում է տրամադրել իրավական կարգավիճակ: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրել է փոփոխությունները: Այս որոշումը քննադատվել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու եւ անձամբ Պատրիարք Իլիա Երկրորդի կողմից, ով հայտարարել էր, որ այդ որոշումը կհանգեցնի բացասական հետեւանքների ինչպես եկեղեցու, այնպես էլ երկրի համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: