Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը ընդունելությունը կսկսի օգոստոսի 15-ից - Mediamax.am

14652 դիտում

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը ընդունելությունը կսկսի օգոստոսի 15-ից


Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու  Փափազյանը
Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու Փափազյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 15-ից ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը կսկսի 12-18 տարեկան պատանիների ընդունելությունը, իսկ դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից:

Այսօր կայացած մամուլի ասուլիսում Սիմոնյան կրթական հիմնադրամի տնօրեն Մարի Լու  Փափազյանն ասել է, որ կենտրոնը գործելու է անվճար:

 

Նա տեղեկացրել է, որ “Թումո”-յի կրթական ծրագրերում ընդգրկվել են 4 ոլորտներ` թվային մեդիա, խաղերի ստեղծում, անիմացիա եւ կայքերի մշակում, եւ կենտրոնը պատրաստ է ուսուցանել մոտ 10.000 երեխայի:

 

«Երեխաների նախնական ուսուցումը կտեւի 1-2 տարի, իսկ առավել շահագրգռված երեխաները կշարունակեն աշխատել հետաքրքիր նախագծերի շուրջ կենտրոնի երկրորդ հարկի հատուկ առանձնասենյակներում”,-ասել է հիմնադրամի տնօրենը` հավելելով, որ սովորողների համար պարբերաբար կազմակերպվելու են գործնական պարապմունքներ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

“Թումո” հիմնադրամի մամուլի համակարգող Սեդա Պապոյանն էլ ասել է, որ կենտրոն ընդունվելու են բոլոր դիմող երեխաները` անկախ համակարգչին տիրապետելու մակարդակից:

 

Պատասխանելով Մեդիամաքս-ի հարցին` կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների ծավալի վերաբերյալ, Մարի Լու Փափազյանն ասել է, որ կենտրոնի ստեղծման համար «Սիմոնյան հիմնադրամը» տրամադրել է $‌43,5 մլն, $‌6,6 մլն գումարը Թումո կենտրոնի` կառավարության կողմից հաստատված բյուջեն է, նաեւ առաջիկայում մոտ $‌1,7 մլն էլ տրամադրվելու է կենտրոնին կից Թումանյանի անվան այգու բարեկարգման աշխատանքների համար:

 

Կենտրոնի բացման միջոցառումները շարունակվելու են երեք օր. օգոստոսի 12-ին եւ 13-ին Թումոյում կկայանան երիտասարդական միջոցառումներ, ելույթ կունենա “Ռեինկարնացիա” խումբը, իսկ օգոստոսի 14-ին տեղի կունենա հանրահայտ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի մենահամերգը:

 

Բոլոր միջոցառումների մուտքը կլինի ազատ:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին