Նուբար Աֆեյան. Ցուցադրելու ենք հայի կամքն ու ուժը - Mediamax.am

9047 դիտում

Նուբար Աֆեյան. Ցուցադրելու ենք հայի կամքն ու ուժը


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` 100LIVES


«100 կյանք» նախագծի եւ «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանն ապրիլի 21-ին եղել է Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման հյուրը:

 

Մեդիամաքսը ներկայացնում է որոշ մտքեր Նուբար Աֆեյանի հարցազրույցից:

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի մասին

 

«100 կյանք» նախագիծը ստեղծվեց անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Այն նոր ուղղություն է հայերի կյանքում եւ հատկապես վերապրածների համար մի նոր մարտահրավեր է: Մենք այսօր ողջ ենք, որովհետեւ մեր նախնիներն օգնություն են ստացել ուրիշներից: Վերջին 100 տարիների ընթացքում մենք նրանց երախտագիտություն հայտնելու եւ դրանով իսկ մեզ ուժեղ զգալու առիթ չենք ունեցել:

 

«Ավրորա» մրցանակը վերապրածների կողմից նվեր է աշխարհին: Ուզում ենք աշխարհի ուշադրությունն ուղղել այն հերոսների վրա, որոնք չխնայելով իրենց կյանքերը՝ օգնություն են ցուցաբերում նրանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:

 

Ճիշտ է, «Ավրորա»-ի բոլոր հավակնորդներն արժանի են մրցանակին, եւ մենք դժվար ընտրության առջեւ ենք կանգնած, բայց մեր մրցանակաբաշխության մեջ հաղթող չի լինելու: Մենք պարզապես աշխարհին ենք ներկայացնելու մի մարդու, որն իր կյանքը վտանգում է ուրիշներին օգնելու համար: Բարեբախտաբար, մեր ժյուրիի անդամները, որոնք հանրահայտ մարդիկ են, շատ պրոֆեսիոնալ են եւ այդպիսի որոշումներ կայացնելու փորձ ունեն:

 

Ի՞նչ է տալիս «Ավրորա»-ն Հայաստանին

 

Մարդասիրության ոլորտում մենք ցանկանում ենք երեւալ որպես առաջնակարգ, երախտագետ, նվիրված ազգ, ոըը պատրաստ է իր ուժն ու դրամագլուխը ներդնել այս գործի մեջ: Սա շատ կարեւոր քայլ է: Կարեւոր է, որ նոր հարյուրամյակը սկսենք այս մտավիճակով:

 

Չնայած որ մրցանակը հայի չի տրվելու, այն նպատակ ունի այնպես անել, որ հայերն իրենց զգան համաշխարհային մակարդակի արժեքավոր ազգ:

 

Հային ճանաչելը մի բան է, բայց հասկանալն ուրիշ բան է: Դժվար է հասկանալ հայի հոգեբանությունը կամ տառապանքը, որի միջով նա անցել է: Ես 53 տարեկան եմ, բայց ողջ կյանքիս վրա մեծ ազդեցություն է ունեցել Ցեղասպանության թեման: Թեպետ շատ ոլորտներում ինձ հաջողված եմ համարում, բայց այդ ցավը կարծես դարձել է հավիտենական: Պետք է կարողանանք վերապրածների եւ զոհերի ցավը լավ ուղղությամբ տանել: Այս տեսանկյունից մենք կարող ենք մյուսների համար օրինակելի դառնալ:

 

Շատերն են հարցնում, թե ինչո՞ւ ենք օգնում ուրիշներին, եթե առաջին հերթին ինքներս մեզ պետք է օգնենք: Մենք Ռուբեն Վարդանյանի եւ Վարդան Գրեգորյանի հետ շատ ենք խոսել այս մասին: Մենք չենք կարծում, որ աշխարհին նման մրցանակ նվիրելը հակառակում է ողջ աշխարհի հայությանն ու Արցախին օգնելուն: Երկուսն էլ կարող ենք անել, եւ որքան շատ, այնքան լավ:

 

Արցախյան քառօրյա պատերազմի մասին

 

Արցախյան պատերազմը մեզ անակնկալի բերեց: Բայց միեւնույն ժամանակ մեզ հիշեցրեց, որ որպես հայ միշտ աշխարհի հասկացողության եւ մարդասիրական վերաբերմունքի կարիքն ունենք: Մենք միշտ լինելու ենք այս տարածաշրջանում եւ ապրելու ենք մարդկանց հետ, որոնք ժամանակ առ ժամանակ պատրաստ են այդ տեսակ բարբարոսությունների: Նրանց ատելությունը մեզ համար անհասկանալի է, բայց իրենց հասկացողության մեջ դա նորմալ մի բան է:

 

Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք աշխարհի հետ եւ դառնանք, թե՛ մարդասիրության օրինակ, թե՛ ազգ, որն ինքն էլ այդ մարդասիրության կարիքն ունի: Այս օրերին հարյուրավոր մարդիկ են գալու Հայաստան եւ տեսնեն, որ մենք փորձում ենք մարդասիրություն տարածել, բայց մեր ազգը տառապում է ոճրագործություններից:

 

Մենք աշխատելու ենք դառնալ զորավոր եւ ազդեցիկ, չնայած որ փոքր ազգ ենք:

 

Ապրիլի 24-ին հավաքվելով՝ մենք պետք է մեզ հաշիվ տանք, թե որն է մեր պարտքը մեր նախնիների առաջ, որ զոհեցին իրենց: Դա պետք է մեզ ուժ տա եւ դառնա մեր նպատակը:

 

Մեզ շատ է մտահոգում իրավիճակն Արցախում:

 

Ադրբեջանը շատ փող է տալիս լրատվամիջոցներին եւ փորձում փոխել իրականությունը, այլ կարծիք ձեւավորել այս հարցի շուրջ: Բայց Ռուսաստանում, Եվրոպայում եւ Ամերիկայում հայերն ավելի շատ են եւ միշտ փորձելու են հակադրվել կեղծիքին: Մենք մեր մեջ պետք է ուժ գտնենք եւ համախմբվենք, որպեսզի հաղթահարենք այս փորձությունը:

 

Ապրիլի առաջին օրերին մենք շատ մտահոգվեցինք, բայց հիմա՝ ապրիլի 24-ին, հեղինակավոր մարդիկ են գալու Երեւան, եւ մենք պատրաստ ենք նրանց հյուրասիրել, ցուցադրել հայի կամքն ու ուժը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին