Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կարոլինա համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտում այսօր կկայանա Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, պաշտոնաթող դիվանագետ Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտություն. Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը» (Truth Held Hostage, America and the Armenian Genocide - What then? What now?) գրքի շնորհանդեսը:
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2005թ. փետրվարի 19-ին, ելույթ ունենալով Բերքլիի համալսարանում` հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ, այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը 1915թ. իրադարձությունները «Ցեղասպանություն» էր անվանել: Դրանից մի քանի ամիս անց նա ետ էր կանչվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից եւ թոշակի ուղարկվել:
Ավելի ուշ Ջոն Էվանսը հայտարարել էր, որ չի զղջում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը «Ցեղասպանություն» որակելու համար:
Գրքում Էվանսը ներկայացնում է հրապարակային այս հայտարարությունից առաջ եւ հետո տեղի ունեցած դեպքերը:
«Դեսպան Էվանսի «Պատանդված ճշմարտություն» գիրքն Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի 1918թ. աշխատությունից հետո ամերիկացի դիվանագետի կողմից Հայոց ցեղասպանության մասին գրված ամենակարեւոր աշխատությունն է: Նա գրում է հստակ, ինչը թույլ է տալիս մեզ ինքնուրույն զգալ, թե ինչ է նշանակում պատմական ճշմարտության հարցում կանգնել անձնական եւ քաղաքական էթիկայի երկընտրանքի առջեւ»,- ասել է ամերիկահայ գրող, մի քանի օր առաջ Պուլիցերյան մրցանակի արժանացած Փիթըր Բալաքյանը:
Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող Թոմաս Դե Վաալի բնորոշմամբ՝ գիրքը հիանալի աշխատություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ոչ միայն Հայկական հարցով, այլեւ միջազգային դիվանագիտության եւ քաղաքականության խնդիրներով:
Երուսաղեմի Հոլոքոստի ու ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնին եւս տեսակետ է հայտնել, որ Ջոն Էվանսի գրքի օգնությամբ շատ բան կարելի է իմանալ Հայոց ցեղասպանության մասին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: