Երեւան: Մեդիամաքս: "Արմավիա” ընկերության կողմից ձեռք բերված Sukhoi Superjet-100 ինքնաթիռը կարող է մեկ տարուց վերադառնալ լրացուցիչ մշակման, այսօր գրում է ՌԲԿ daily թերթը:
Այս տարվա ապրիլի 19-ին Արմավիա-ն ձեռք է բերել վաճառված առաջին Sukhoi Superjet-100-ը: Ինչպես գրում է ՌԲԿ daily-ն` վկայակոչելով ինքնաթիռի տեխնիկական շահագործման ուղեցույցը, 7-ից մինչեւ 19 սերիաների բոլոր օդանավերը (հենց դրանք են տրամադրվում Արմավիա-ին եւ Աէրոֆլոտ-ին) կունենան ինքնաթիռի կառուցվածքի եւ վառելիքի համակարգի տարեկան պիտանելիության մի շարք սահմանափակումներ:
Այդ պատճառով էլ SSJ-100-ին պահանջվում է ավելի լուրջ տեխնիկական աջակցություն, քան արտասահմանյան արտադրության նույնատիպ օդանավերին: Կետերից մեկի համաձայն, 2000 թռիչքից հետո (օրական 10 ժամ թռիչքի դեպքում դա տարածաշրջանային ինքնաթիռի մոտավորապես մեկ տարվա շահագործումն է կազմում) ինքնաթիռը կարող է օդանավի կառուցվածքի լրամշակման հանձնվել 8 կետերով: Մինչդեռ սովորաբար ինքնաթիռները լրամշակման են հանձնվում 10 000 թռիչքից ոչ շուտ, նշում է թերթը:
Մինչդեռ Արմավիա-ն գոհ է օդանավից, գրում է ՌԲԿ daily-ն:
«Ձեռք բերման պահից ի վեր օդանավը կատարել է 200 թռիչք դեպի Մոսկվա, Թեհրան, Սանկտ-Պետերբուրգ, Դուբայ, Աթենք եւ այլ երկրներ: Համակարգերի անսարքություններ չեն եղել, բացի շարժիչի ընդունիչից , որը նախատեսված չէր ինքնաթիռի նման ակտիվ շահագործմանը համար», - ՌԲԿ daily-ն մեջբերում է Արմավիա-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խոսքերը: