Երեւան: Մեդիամաքս: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում կառուցվելիք Հալիձորի զբոսաշրջային կենտրոնի շինարարության ընթացքում Հայաստանում առաջին անգամ կկիրառվեն ունիվերսալ դիզայնի սկզբունքները, որոնք հնարավորություն են տալիս օբյեկտները մատչելի դարձնել հասարակության բոլոր խմբերի ներկայացուցիչների, այդ թվում՝ սահմանափակ կարողություններով անձանց համար:
Այդ նպատակով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում, համագործակցում է Բրիտանական խորհրդի «Ներառական որոշումներ հավասար եւ հաշվետու հասարակության համար» ծրագրի հետ՝ աշխատանքներում ներգրավելով բրիտանացի ճարտարապետ Քիթ Գարներին:
Բրիտանացի մասնագետն արդեն եղել է Տաթեւում, հանդիպումներ եւ քննարկումներ ունեցել IDeA հիմնադրամի եւ հիմնադրամի գործընկեր «Tim Flynn Architects» (Մեծ Բրիտանիա) ճարտարապետական խմբի հայաստանյան ներկայացուցիչների հետ:
Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ եւ IDeA հիմնադրամի, «Tim Flynn Architects»-ի, «Ունիսոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ «Հանրային նշանակության եւ մշակութային ժառանգության օբյեկտների մատչելիությունը. ունիվերսալ դիզայնի սկզբունքները եւ բրիտանական փորձը» թեմայով եւս մեկ հանդիպում ունեցավ, որի ընթացքում Քիթ Գրաները հայ գործընկերներին ներկայացրեց ունիվերսալ դիզայնի սկզբունքներն ու բրիտանական փորձը:
Հանդես գալով բացման խոսքով՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Ուրախ եմ, որ Բրիտանական խորհուրդը ներառված է այս ծրագրում, եւ հնարավորություններ ունի փորձագետներ հրավիրել, ովքեր կկիսեն իրենց մասնագիտական գիտելիքները: Միացյալ Թագավորությունը վերջին տարիներին հատկապես լուրջ առաջընթաց է ունեցել շինությունների մատչելիության ապահովման տեսակետից»:
IDeA հիմնադրամի ղեկավար Էդգար Մանուկյանն ընդգծեց, որ հիմնադրամը ծրագրերն իրականացնելիս կարեւորում է հանրության բոլոր խմբերի համար մատչելի պայմանների ապահովումը:
««Տաթեւեր» ճոպանուղում նույնպես համապատասխան պայմաններ են ստեղծված: Հալիձորում «Տաթեւի դարպասներ» ծրագրի նախագծային փուլում միջազգային փորձագետները մեզ արդեն իսկ աջակցում են մատչելի պայմանների ստեղծման հարցում: Կարծում ենք, նման պայմանների ապահովումը ոչ միայն խթան կհանդիսանա զբոսաշրջային հոսքերի ավելացման համար, այլեւ թույլ կտա աշխատանքի հնարավորություն ստեղծել տարածաշրջանի սահմանափակ կարողություններով անձանց համար», - նշեց նա:
Միացյալ Թագավորությունում ունիվերսալ դիզայնի սկզբունքները կիրառվել են այնպիսի պատմական նշանակության օբյեկտներում, ինչպիսիք են Tower Bridge-ը, Greenwich World Heritage Site-ը եւ Royal Botanic Gardens Kew-ն: Ճարտարապետ Քիթ Գարներն ակտիվորեն ներգրավված է եղել այդ աշխատանքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: