Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «ռուս ժողովուրդն այսօր սգում է հայ ժողովրդի հետ միասին»:
Այս մասին Վլադիմիր Պուտինն ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողության շրջանակում իր ելույթի ընթացքում:
«1915թ. իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում դրանք ընկալվեցին որպես սեփական ցավ: Հազարավոր հայեր ապաստան գտան Ռուսաստանի տարածքում եւ փրկվեցին: Այսօր մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Այսօր Ռուսաստանի հարյուրավոր քաղաքներում կանցկացվի շուրջ 2000 ոգեկոչման միջոցառում»,- ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ մարդկանց զանգվածային սպանությունները չունեն որեւէ արդարացում:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ անցյալի ողբերգական իրադարձությունները այլեւս երբեք չկրկնվեն:
«Ռուսաստանի եւ Հայաստանի եղբայրական ժողովուրդների հարաբերությունները միշտ բնորոշվել են հոգեւոր առանձնահատուկ մերձությամբ եւ փոխադարձ օժանդակությամբ: Այդպես է եղել 100 տարի առաջ, Մեծ Հայրենական պատերազմի տարիներին, ինչպես նաեւ Սպիտակի կործանարար երկրաշարժի ժամանակ: Մենք ձեզ հետ ենք, մեր բարեկամներ»,- ասել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: