Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է - Mediamax.am

7472 դիտում

Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Անցած գիշեր Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում ռուսաստանցի սահմանապահների կողմից հայտնաբերվել եւ ձերբակալվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին սպանության համար կասկածվող Վալերի Պերմյակովը:

Այդ մասին, ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

 

Ըստ նախնական տեղեկությունների, Վալերի Պերմյակովը փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:

 

Հունվարի 12-ի դաժան սպանության փաստը քննարկվել էր Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտոնատար անձանց հանդիպումների եւ հեռախոսազրույցների ընթացքում:

 

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել էր Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ Զրուցակիցները կարեւորել էին Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահ մարմինների համագործակցությունը։

 

Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։

 

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել էր Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին, որը նշել էր, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ եւ աջակցում է գործի քննությանը:

 

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը միջադեպը քննարկել էր Ռուսաստանի դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ Անդրեյ Բերյոզկինի հետ:

 

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում սպանվել էին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները՝ Սերյոժա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Աիդա Ավետիսյանը, Արմեն Ավետիսյանը, Արաքսյա Պողոսյանը, Հասմիկ Ավետիսյանը:

2014 թվականին ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվել էր:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին