2014 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր - Mediamax.am

exclusive
9175 դիտում

2014 թվական՝ կյանք, մարդիկ, փաստեր


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՀՀ նախագաի մամուլի ծառայություն

Լուսանկարը` UWC Dilijan College

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` PanPhoto


Մեդիամաքս-ը ամփոփում է 2014 թվականը` փորձելով առանձնացնել այն իրադարձությունները, որոնք առավել գրավեցին հասարակության ուշադրությունը:

 

Տարվա մարդը՝ հայ զինվորը

 

Անցնող տարին աչքի ընկավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հակառակորդի կողմից իրավիճակը լարելու աննախադեպ փորձերով եւ դիվերսիոն գործողություններով:

 

Լուսանկարը՝ PanPhoto

Հուլիս-օգոստոս ամիսները հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր շփման գծում գրանցված ամենալարված ժամանակաշրջանն էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում տարվա ընթացքում զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ…

 

Սահմանին լարված իրավիճակի լույսի ներքո սկսեցինք ավելի շատ խոսել, գնահատել, մեծարել մեր սահմաններն ու անվտանգությունը պահպանողներին: Հասկացանք, որ մեր ժամանակի իրական հերոսը ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչն է կամ օլիգարխը, այլ առաջնագծում կանգնած հայ զինվորը:

 

Տարվա իրադարձությունը՝ UWC Դիլիջան քոլեջի բացումը

 

Հոկտեմբերի 11-ին Դիլիջանում հանդիսավորությամբ բացվեց UWC Դիլիջան քոլեջը, որն Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի առաջին դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում։

 

Այսօր քոլեջում սովորում է 96 աշակերտ աշխարհի մոտ 50 երկրից՝ Եվրոպայից եւ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից, Ռուսաստանից եւ ԱՊՀ այլ պետություններից:

 

Լուսանկարը՝ UWC Dilijan College

UWC Դիլիջան քոլեջը գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի մտահղացումն է, որի իրականացման ուղղությամբ նրանք առաջին քայլեր ձեռնարկեցին դեռ 2006 թվականին: Քոլեջի շինարարությունն իրականացվել է բազմաթիվ նվիրատուների միջոցներով։ Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել էր 115 միլիոն դոլար։

 

Տարվա հրաժարականը՝ Տիգրան Սարգսյանի հեռացումը վարչապետի պաշտոնից

 

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին հրաժարական ներկայացրեց: Նա վարչապետի պաշտոնն առաջին անգամ ստանձնել էր 2008 թվականի ապրիլի 9-ին՝ վերանշանակվելով 2012 թ. հունիսի 2-ին:

 

Իր ֆեյսբուքյան էջում Տիգրան Սարգսյանը գրել էր, որ հրաժարականի որոշումը «հասունացած էր եւ խորը գիտակցված»:

 

Ոմանք վարչապետի հրաժարականը պայմանավորեցին «քառյակի» գործողությունների հետ, որը, մասնավորապես, ծրագրում էր շուրջօրյա հանրահավաքներ սկսել՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Սակայն իշխող Հանրապետական կուսակցությունում նշեցին, որ կառավարության ղեկավարը որոշումը կայացրել է սեփական նախաձեռնությամբ եւ հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ ամիսներ առաջ:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

ՀՀ նոր վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, իսկ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:

 

2014-ի տարելիցները՝ հայ-թուրքական արձանագրությունների 5-ամյակը, հրադադարի 20-ամյակը եւ «հոկտեմբերի 27-ի» 15-րդ տարելիցը

 

Մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։ Եվ հենց 2014 թվականին հրադադարի խախտումները Ադրբեջանի կողմից առավել հաճախակի եւ սանձարձակ դարձան:

 

Հոկտեմբերի 10-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների 5-ամյակը: Չնայած արձանագրությունները իրավական տեսակետից շարունակում են ուժի մեջ մնալ, շատերի կարծիքով դրանք վաղուց «մեռած» են:

 

Հոկտեմբերի 27-ին լրացավ Հայաստանի Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրագործված ահաբեկչության 15-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը ոչ միայն խլեց Հայաստանի վառ առաջնորդների կյանքը, այլեւ անդառնալի վնասներ հասցրեց պետությանը եւ հասարակությանը:

 

Տարվա հիասթափությունը ՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը

 

Դեռ չէին հանդարտվել կրքերն 2013թ. հունիսին Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի եւ դրա հետեւանքով հարուցված քրեական գործի շուրջ, երբ հայ հանրությունը ստիպված եղավ վերապրել հերթական հիասթափությունը իշխանությունների մատուցմամբ:  

 

Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Միջադեպից հետո Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես հրաժարվեց, իսկ այնուհետեւ վայր դրեց մարզպետի պաշտոնը:

Ժամանակի ընթացքում, սակայն, նա փաստորեն կարողացավ իշխանություններին ապացուցել իր «անփոխարինելի» լինելը եւ վերադարձավ մարզպետի պաշտոնին:

 

Տարվա թերի լուծումը՝ պարտադիր կուտակային համակարգը

 

2014 թ.-ին Հայաստանում թափ հավաքեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ դժգոհության ալիքը: Երկրի ղեկավարությունն ի սկզբանե հավաստիացնում էր, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը «Հայաստանի ապագան երաշխավորող ռեֆորմ է», մինչդեռ 1974 թ.-ից հետո ծնված ՀՀ մի շարք քաղաքացիներ շարունակում էին բողոքի ցույցերն ընդդեմ կուտակային «պարտադիր» բաղադրիչի:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «պարտադիր» բաղադրիչը, իսկ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կասեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

 

Արդյունքում կառավարությունը նոր օրենսդրական փաթեթ ներկայացրեց, որի էությունը, սակայն, շատ-շատերի համար ոչ հստակ մնաց: Արդյունքում, այսօր բավական դժվար է ասել, թե այսօր կենսաթոշակային ինչ համակարգ է գործում Հայաստանում:

 

Տարվա մեջբերումը՝ «գրողի ծոցը վավերացնեք»

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի իր ելույթում դիմեց «ժողովրդի լեզվի» օգնությանը.

 

«Հայտնի է, որ պաշտոնական Երեւանի նախաձեռնած` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը հասավ մինչեւ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրում: Այդ արձանագրություններն արդեն տարիներ շարունակ դարակներում են` սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը: Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»: Ժողովրդական լեզվով արտահայտված այս բառերի մեջ մի ողջ ազգի դարավոր պայքարն է խտացած, որ ուրիշի հայրենիքի վրա առուծախ անողներին անառարկելիորեն բացատրում է` Հայրենիքը սուրբ է, եւ ձեր առուծախը հեռու տարեք մեզնից: Ահա նման պայմաններում է, որ այսօր պաշտոնական Երեւանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»:

 

Լուսանկարը՝ ՀՀ նախագաի մամուլի ծառայություն

 

Տարվա հանգուցալուծումը՝ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ

 

Տարեվերջին լուծվեց 2014թ. թերեւս գլխավոր ինտրիգը՝ Հայաստանը 2015թ. հունվարի 2-ից կլինի Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Ամիսներ տեւած հրապարակային հայտարարությունների եւ կուլիսային գործընթացներից հետո Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարները «հաշտվեցին» Հայաստանի անդամակցության մտքի հետ:

 

Տարվա ցավը՝ ուղղաթիռի կործանումը Արցախում

 

Նոյեմբերի 12-ին Արցախում հակառակորդի կողմից խփվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը: Միջադեպին հաջորդող օրերին Ադրբեջանը ոչ միայն հրետակոծում էր ուղղաթիռի անկման վայրը, այլեւ, անտեսելով միջազգային հանրության կոչերը, հրաժարվում էր երկխոսել հայկական կողմի հետ՝ ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները վերադարձնելու համար: 

 

ԼՂՀ Պաշտպանության բանակը հատուկ նշանակության գործողություն իրականացրեց՝  դեպքի վայրից տարհանելով օդաչուների մասունքները:

 

Տարվա աբսուրդը՝ ԴԱՀԿ աշխատակիցների երդումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

 

Դեկտեմբերի 9-ին Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված 16 անձանց երդման հանդիսավոր արարողությունը։ ԴԱՀԿ-ն այդպես էլ բանական բացատրություն չտվեց՝ թե ինչո՞ւ էր երդման համար ընտրվել հատկապես այդ վայրը:

 

Տարվա շոկը՝ դրամի արժեզրկումը

 

Դեկտեմբերի սկզբին քաղաքացիները ականատես եղան հայկական դրամի ժամ առ ժամ արժեզրկմանը: Իշխանությունները դրամի արժեզրկումը բացատրեցին գլոբալ գործընթացներով եւ պղտոր ջրում ձուկ որսալու ցանկացողների սպեկուլյանտներով, ում անուններն, իհարկե, անհայտ մնացին: Որոշ խանութներ դադարեցրել էին առեւտուրը, մյուսներում նկատվում էր գների աճ, իսկ մարդիկ խուճապահար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության ապրանքներն էին գնում:

 

Տարվա հյուրերը՝ Մագնուս Կարլսենը, Կառլոս Գոնը, Կիմ Կի-Դուկը, Րաֆֆի Գրիգորյանը

 

2014 թվականի ընթացքում Հայաստան այցելեցին տարբեր ոլորտների առաջին մեծության աստղեր:

 

«Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հյուրն էր ժամանակակից կինոյի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Կիմ Կի-Դուկը, որի հետ «սելֆի» արեցին փառատոնի գրեթե բոլոր հանդիսատեսները:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

 

Հունիսին IDeA հիմնադրամի եւ «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստան այցելեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ եւ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը։ Մագնուս Կառլսենը եւ Լեւոն Արոնյանը շախմատի միաժամանակյա խաղեր անցկացրին Երեւանում եւ Տաթեւում: Հայ պատգամավորներից մեկը, օգտնվելով Մագնուս Կառլսենի վրիպումից, հաղթեց նրան, ինչի մասին բարձրաձայնում էր մի քանի օր շարունակ:

 

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ապրիլին Թումո կենտրոնի հրավերով Հայաստանում էր Twitter-ի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը: Նա աշխատաժողովներ եւ սեմինարներ անցկացրեց Թումո-ի սաների համար:

 

Սեպտեմբերին գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանի հրավերով Հայաստան այցելեց աշխարհի ամենահայտնի թոփ-մենեջերներից մեկը, Renault եւ Nissan ընկերությունների նախագահ եւ գլխավոր տնօրեն, Renault-Nissan դաշինքի ղեկավար Կառլոս Գոնը: Նա եղավ Դիլիջանում, Հաղարծինում, Գառնիում եւ Գեղարդում, այցելեց Մատենադարան, Գաֆեսջյան արվեստների Կենտրոն, Երեւանի կոնյակի գործարան:

 

Տարվա բանավեճը՝ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը

 

Տարվա ընթացքում թեժ վեճեր եղան այն մասին, թե արդյո՞ք պետք է Երեւանում տեղադրել 1930-1960-ականների ԽՍՀՄ ղեկավարներից մեկի՝ Անաստաս Միկոյանի արձանը, ինչպես առաջարկում էր քաղաքապետարանը: Ընդդիմախոսները ասում էին, որ Միկոյանը, ինչպես եւ Ստալինի մյուս զինակիցները, մեղավոր է տասնյակ հազարավոր մարդկանց՝ այդ թվում՝ հայերի բռնադատման եւ մահվան համար:

 

Կողմնակիցները պնդում էին, որ Անաստաս Միկոյանը ականավոր պետական գործիչ էր, որը շատ բան է արել Հայաստանի համար: Ի վերջո, բանավեճը մարեց, իսկ արձանը չտեղադրվեց: Դա, իհարկե, չի նշանակում, որ քաղաքային իշխանությունները հրաժարվել են արձանը տեղադրելու մտքից:

 

Տարվա չիրագործված հույսը՝ Սարգսյան-Ալիեւ երկխոսության վերսկսումը

 

2014 թվականի երկրորդ կեսին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեք հանդիպում անցկացրեցին Սոչիում, Ուէլսում եւ Փարիզում:

 

Շփումների ակտիվացումը բավական երկար տեւած ընդմիջումից հետո որոշակի հույսեր էր ներշնչում: Ավելին, Հայաստանի արտգործնախարարը բավականին դրական գնահատական տվեց փարիզյան հանդիպմանը: Սակայն Ադրբեջանի զինուժի կողմից հայկական ուղղաթիռի կործանումը ոչնչացրեց դրական սպասումները՝ գործընթացը մտցնելով հերթական փակուղու մեջ:

 

Տարվա տագնապը՝ Քեսաբի ճակատագիրը

 

Մարտի վերջին իսլամական գրոհայինները գրավեցին հայերով բնակեցված սիրական Քեսաբ քաղաքը, որի բնակչությունը ստիպված եղավ տեղափոխվել Լաթակիա: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հայտարարեց, որ «Քեսաբի շրջանը գրավվեց Թուրքիայի աջակցությամբ եւ նրա բանակի անմիջական մասնակցությամբ»:

 

Ամռանը սիրիական բանակը ետ գրավեց Քեսաբը եւ հայերը սկսեցին վերադառնալ՝ փորձելով վերացնել ավերածությունները:

 

 

Սակայն դեկտեմբերի վերջին հաղորդագրություններ տարածվեցին այն մասին, որ  իսլամական գրոհայինները կրկին հայտնվել են Քեսաբի մատույցներում, իսկ հայերը կրկին գաղթում են Լաթակիա:

 

Տարվա ոճիրները՝ Կարեն Պետրոսյանի սպանությունը եւ Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը

 

Օգոստոսին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ գերի ընկած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը «անսպասելի մահացել է անհայտ պատճառով»:

 

Ակնհայտ էր, որ Կարեն Պետրոսյանը սպանվել էր Բաքվում, երբ պարզ էր դարձել, որ նրան հնարավոր չէ ներկայացնել իբրեւ «դիվերսանտ»:

 

Միջազգային հարաբերությունների բազմաթիվ կոչերից հետո հոկտեմբերին Ադրբեջանը վերադարձրեց Կարեն Պետրոսյանի դին:

 

Սեպտեմբերին «Իսլամական պետության» (ISIS) անդամները պայթեցրին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

«Նման բարբարոսությունը պարզապես հանցավոր անաստվածություն է, որը որեւէ հավատքի հետ կապ ունենալ չի կարող», - ասաց Հայաստանի նախագահի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթում:

 

Տարվա որոշումը՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման մասին

 

Հայ Առաքելական Եկեղեցին որոշում կայացրեց 2015թ. ապրիլին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման մասին:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

 

«Մենք չենք նշում 1,5 միլիոն թիվը, ոչ էլ անհատների անուններ: Լինելու է հավաքական սրբադասում` ի հիշատակ  նրանց, ովքեր ընկան հանուն հավատքի եւ հայրենիքի», - ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական հայեցակարգային գրասենյակի ղեկավար Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

 

Տարվա թիվը՝ 11 մլրդ 181 մլն դրամ

 

Ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների ընդհանուր ծավալը կազմել է 11 մլրդ 181 մլն դրամ, մայիսին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

 

Տարվա տարօրինակ նշանակումը՝ Յուրի Վարդանյանը

 

Լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը, որը, ցավոք, ոչնչով աչքի չընկավ սպորտի նախարարի պաշտոնում, նշանակվեց Հայաստանի դեսպան Վրաստանում: Որեւէ բացատրություն չհնչեց այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող երկրում դեսպան է նշանակվում մի մարդ, որը դիվանագիտական գործունեության որեւէ փորձ չունի:

 

Տարվա անբնական դաշինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Գագիկ Ծառուկյան

 

2014 թվականին ակնհայտ դարձավ, որ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ) ձգտում են դաշինք ձեւավորել: Արդյունքում եղավ այն, ինչը 2008 թվականին ՀՀ առաջին նախագահի կողմնակիցները կարող էին միայն վատ երազում տեսնել՝ Ազատության հրապարակում կողք կողքի կանգնեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

 

Այս երկու գործիչների կերպարներն ու անցած ուղին այնքան տարբեր են, դաշինքն էլ այնքան հակաբնական է, որ դժվարությամբ է տեղավորվում անգամ «քաղաքականության մեջ չկան մշտական դաշնակիցներ, կան միայն մշտական շահեր» հայտնի արտահայտության շրջանակում:

 

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

 

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ համոզիչ բացատրություններ չտվեցին 2013 թվականի նախագահական ընտրություններից իրենց չմասնակցելու մասին:

 

Տարվա վերադարձը՝ Հակոբ Ինջիղուլյանը

 

Հոկտեմբերին երրորդ երկրից Հայաստան տեղափոխվեց 2013-ի օգոստոսին Ադրբեջանում գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը:

 

«Գերության ժամանակ միշտ երազել եմ գալ Հայաստան: Ամենաշատը կարոտել եմ հայրենիքիս, հայրենի գյուղն ու հարազատներիս»,- ասել էր Հակոբ Ինջիղուլյանը:

 

«Սկզբում սպառնում էին գնդակահարել, հարցազրույցները տեղի էին ունենում ճնշումների ներքո: Անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումներից առաջ ասում էին, թե ինչ պետք է խոսեմ, ընտանիքիս ուղղված նամակների բովանդակությունն էր վերահսկվում եւ ասվում` ինչ պետք է գրվի», - պատմել էր Հակոբը:

 

Տարվա խոստումը՝ Սերժ Սարգսյանը այլեւս չի առաջադրվի նախագահի պաշտոնում

 

Ապրիլին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստում Սերժ Սարգսյանն ասել էր.

«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»:

 

Արա Թադեւոսյան

Եկատերինա Պողոսյան

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին