Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (WMF) ֆինանսական օժանդակությամբ մտադիր է վերականգնել Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Ինչպես Մեդիամաքսի հետ հարցազրույցում հայտնել է ICOMOS-Հայաստանի (Հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային խորհուրդ) նախագահ Գագիկ Գյուրջյանը, թուրքական Anadolu Kultur ոչ կառավարական կազմակերպության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, վերականգնողական աշխատանքներին պետք է մասնակցեն նաեւ հայաստանյան մասնագետներ, սակայն Թուրքիայի մշակույթի նախարարությունը դեմ է արտահայտվել:
Գագիկ Գյուրջյանը նշել է, որ նախկին սխալներից, մասնավորապես, հայկական ճարտարապետության տեխնիկայից շեղվելուց խուսափելու նպատակով, ինչը տեղի ունեցավ Թուրքիայում հայկական հուշարձանների վերականգնման ընթացքում, հայ մասնագետների մասնակցությունն այդ նախագծին պարտադիր է:
«Կան բազմաթիվ օրինակներ, երբ վերականգնողական աշխատանքներում թույլ են տրվել սխալներ, եւ դժվար է հասկանալ` դա արվում է միտումնավոր, թե գիտելիքի բացակայության պատճառով»,- ասել է նա:
ICOMOS-Հայաստանի նախագահի կարծիքով, Անիի դեպքում խոսքը մասնակի վերականգնման եւ պահպանության մասին է: Նախագծի համաձայն, նախեւառաջ նախատեսվում է անցկացնել հնագիտական հետազոտություն եւ աշխատանքների պլանավորում: Նախատեսվում է, որ աշխատանքները կմեկնարկեն 2012 թվականին եւ կշարունակվեն 3-4 տարի:
ICOMOS-Հայաստանը դիմել է ICOMOS-ի գլխավոր գրասենյակ` հայ մասնագետներին Անիի աշխատանքներում ներգրավելու հարցում օժանդակելու խնդրանքով, սակայն դեռեւս պատասխան չի ստացել:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Մեդիամաքսին ասել է, որ ինչպես եւ Վանում Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման դեպքում, իրենք մտադիր են դիմել Թուրքիայի ճարտարապետների միությանը: «Մեր ջանքերն ուղղված են նախկին սխալների բացառմանն այն դեպքում, եթե սկսվեն վերականգնողական աշխատանքները»,- ասել է նա: