Հովհաննես Թումանյանի ժառանգները մեկնաբանել են Անաստաս Միկոյանի հետ իրենց լարված հարաբերությունների մասին ասեկոսեները - Mediamax.am

exclusive
9735 դիտում

Հովհաննես Թումանյանի ժառանգները մեկնաբանել են Անաստաս Միկոյանի հետ իրենց լարված հարաբերությունների մասին ասեկոսեները


Հովհաննես Թումանյանը եւ Անաստաս Միկոյանը
Հովհաննես Թումանյանը եւ Անաստաս Միկոյանը

Լուսանկարը` gantegh.agbubulgaria.org, wikimedia.org


Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թոռնուհիներ Սուրմա Թումանյանը եւ Իրմա Սաֆրազբեկյանը նամակով հերքել են հայկական առցանց ԶԼՄ-ներում տարածված պնդումները, թե Թումանյանի ընտանիքը լարված հարաբերություններ է ունեցել սովետական կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի հետ: Ստորեւ ներկայացնում ենք նրանց նամակն ամբողջությամբ:

 

“Ցավոք, այս պահին գտնվում ենք Հայաստանից հեռու, բայց համացանցով հետեւում ենք Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ կապված բանավեճին։

 

Մեր համոզմամբ, հատկապես այսօր, մեր ազգի նշանավոր զավակների վրա ցեխ շպրտելու իրավունք չունենք, ինչը փորձում են անել այդ «քննարկումների» շատ մասնակիցներ, մանավանդ, որ այդ ճանապարհին փորձում են օգտագործել ոչ ստույգ, աղավաղված տեղեկատվություն։

 

Խոսքը կոնկրետ դեպքում այն մասին է, որ իբր թե Թումանյանի այրին արհամարհել է Անաստաս Միկոյանին, թույլ չի տվել տուն-թանգարան մտնել։ Ինչպե՞ս կարող էր մեր տատը` Օլգա Թումանյանը չընդունել Միկոյանին, երբ ինքը` Միկոյանն էր աջակցել եւ օգնել, որ Երեւանում բացվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։ 1949 թվականի սկզբին Նվարդ Թումանյանը Մոսկվայում հանդիպել է Անաստաս Միկոյանին եւ նրան ներկայացրել մեր ընտանիքի ցանկությունը` Երեւանում տուն-թանգարան ունենալու մասին։ Միկոյանը հավանություն է տվել ընտանիքի այդ ցանկությանը եւ Նվարդի ներկայությամբ զանգահարել այն ժամանակվա Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանին, նրան փոխանցել իր եւ Նվարդի զրույցի բովանդակությունը։ Շատ չանցած, Հայաստանում որոշում է կայացվել Երեւանում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան կառուցելու մասին։

 

Անաստաս Միկոյանի օգնությամբ թանգարանը բացվել է 1953 թվականի ապրիլի 5-ին։ Այդ նույն տարի նա թանգարան այցելեց։ Այդ այցելությանը մեզանից ներկա էր Սուրմա Թումանյանը` Արեգի դուստրը։ Երբ նա իր ապագա ամուսնու` Արտյոմ Թոթոլյանի հետ ներս է մտնում, թանգարանի ճաշասենյակում թախտի վրա նստած Անաստաս Միկոյանը եւ Օլգա Թումանյանը հանգիստ զրուցում էին։ Տեսնելով Սուրմային եւ Արտյոմին՝ Օլգա Թումանյանը Միկոյանին ասում է, որ Արեգի դուստրն է։ Իսկ Արեգի հետ, երբ նա կուսկենտկոմի պատասխանատու աշխատող էր, Միկոյանը ջերմ բարեկամություն ուներ։ Ուրիշ բան չլիներ` երկուսն էլ հայրենակիցներ էին, լոռեցիներ։

 

Տեսնելով Սուրմային եւ Արտյոմին՝ Օլգա Թումանյանը Միկոյանին ասում է, որ իր առաջացած տարիքում կուզենար իմանալ` արդյոք ո՞ղջ են իր որդիները։ Միկոյանն ասում է, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին, բացի այդ մեկից, որովհետեւ ինքը դրանց պատասխանը չգիտի։ Այնուհետեւ Անաստաս Միկոյանը` Օլգա Թումանյանի հետ զրույցն ավարտելով, դուրս է գալիս այդ սենյակից, շրջում թանգարանով մեկ եւ պատվավոր հյուրերի գրքում` Արտյոմի ներկայությամբ ջերմ գրառում թողնում Թումանյանի մասին։

 

Դրանից հետո նա նորից է եղել Թումանյանի տուն-թանգարանում եւ ջերմ ընդունվել Թումանյանի կնոջ եւ ընտանիքի անդամների կողմից։ Այս առումով հիշարժան էր Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությունը։ Այդ օրը եւս Անաստաս Միկոյանն այցելեց Օլգա Թումանյանին։ Երկար զրուցեցին, հետո  Միկոյանը մասնակցեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, ինչպես նաեւ մեր պապիկի ծննդավայրում` Դսեղում  կազմակերպված համաժողովրդական հանդիսություններին։

 

Նա մշտապես ջերմ բարեկամական կապեր էր պահպանում Թումանյանի շառավիղների հետ։ Մոտ էր Թումանյանների փեսայի` դիվանագետ Համազասպ Հարությունյանի հետ, ով Թումանյանի թոռնուհու` Անահիտի ամուսինն էր։ Նա, ով հմուտ դիվանագետ ու դեսպան էր, ասում էր, որ 3-րդ համաշխարհային պատերազմը կանխարգելել է Անաստաս Միկոյանը։ Հենց ինքը` Միկոյանն է իր հուշագրությունում գրում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի շինարարության մասին։ Տարբեր առիթներով միշտ էլ ջերմ բարեկամական կապեր են դրսեւորվել Միկոյանների եւ Թումանյանների միջեւ։ Եվ ամենեւին այնպես չի եղել, որ Օլգա Թումանյանը գնար Մոսկվա եւ Անաստաս Միկոյանը նրան չընդուներ։ Ընդհանրապես, Օլգա Թումանյանն երբեւէ Մոսկվայում չի եղել։

 

Այս բոլորի պայմաններում ո՞ւմ է ձեռնտու այդ զրպարտանքը։ Իսկ ճշմարտությունը մեկն է` Անաստաս Միկոյանը Թումանյանի ընտանիքի բարեկամն էր։ Հետաքրքիր է, թե ի՞նչ կլինի մեզանից հետո, երբ նման սուտ տեղեկությունները հերքող չի լինի”։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին