[Շարժում 1988/25]. Աշոտ Մանուչարյան` մենք ստացանք նոր որակի մարդ, ժողովուրդ, ազգ - Mediamax.am

exclusive
25971 դիտում

[Շարժում 1988/25]. Աշոտ Մանուչարյան` մենք ստացանք նոր որակի մարդ, ժողովուրդ, ազգ

Հայաստանի անկախության խնդիրը խիստ մարգինալ էր մնում առաջին շրջանում, սակայն հետագայում անդադար ուժեղացավ:

Աշոտ Մանուչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը
Աշոտ Մանուչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր:

Ցույց` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու պահանջով:
Ցույց` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու պահանջով:

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

Աշոտ Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյանը:

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

Աշոտ Մանուչարյանը:
Աշոտ Մանուչարյանը:

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյան եւ Ալեքսան Հակոբյանը:
Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյան եւ Ալեքսան Հակոբյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:


Ղարաբաղ, թե՞ անկախություն

 

Ղարաբաղի հարցը չառաջադրվեց դիսիդենտական շրջանակների կողմից: Այն մարդիկ, որոնք եղել էին խորհրդային ճամբարներում, ազգային գաղափարներն էին առաջ քաշում ու Ղարաբաղը չէին առանձնացնում մնացյալ խնդիրներից: Այդպիսիք էին Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Վարդան Հարությունյանը, Ռազմիկ Մարկոսյանը եւ շատ ուրիշներ: Այդ շրջանակը ոչ միայն շարժման նախաձեռնողը չէր, այլեւ ինչ-որ տեղ քննադատաբար եւ կասկածով էր վերաբերվում նրանց, ովքեր ի վերջո սկսեցին ղեկավարել շարժումը:

 

Սկզբում Շարժման առաջատարներն էին մտավորականության ներկայացուցիչները: Օրինակ, Բագրատ Ուլուբաբյանի շուրջ հավաքված էին մարդիկ` ակադեմիական շրջանակներից, գրողներ, հրապարակախոսներ:

Երիտասարդների խումբը գործում էր Իգոր Մուրադյանի առաջնորդությամբ, նրա հետ էին Մանվել Սարգսյանը, հետագայում` Վազգեն Մանուկյանը ու նրա ընկերները:

 

Անկախության գաղափարները Վազգեն Մանուկյանին հոգեհարազատ էին` նա եւ իր շրջապատի մարդիկ այդ միտքն ուշադրության կենտրոնում էին պահում: Սակայն նրանք, ովքեր առավել պատասխանատու էին, շատ լավ հասկանում էին, որ երկու հարցերի զուգորդումը կխանգարի Ղարաբաղի հարցին, մեծ դիստրուկցիա կմտցնի խորհրդային ղեկավարության գործողությունների մեջ:

 

Նոր որակի մարդ

 

Հայաստանի անկախության խնդիրը խիստ մարգինալ էր մնում առաջին շրջանում, սակայն հետագայում անդադար ուժեղացավ:

Ըստ էության, մինչեւ 1991թ. օգոստոսը, երբ տեղի ունեցան ԳԿՉՊ-ի հետ կապված իրադարձությունները, ակնհայտ էր, որ Խորհրդային Միության ղեկավարությունը շատ լուրջ գործոն է: Բայց, իհարկե, որոշիչ գործոնը ժողովրդական գործոնն էր: Առաջնայինը այլեւս ոչ թե Խորհրդային Միությունն էր, կամ միջազգային հանրությունը, այլ շարժումը` իր որակով, լիցքով, ամբողջականությամբ:

 

Շարժումն ինքն իրեն ընկալում էր այսպես` չկա աշխարհում որեւէ հարց, որ ինքն ի զորու չէ լուծել, եւ Ղարաբաղի հարցը դրանցից առաջինն էր: Սկզբում մարդկանց միավորեց Ղարաբաղը, հետո ավելացան արդարության, ժողովրդավարության գործոնները, սակայն ժողովրդին հրապարակում պահում էին ոչ թե այդ գործոնները:

Այն, որ ժողովուրդն այդքան ժամանակ շարժմանը հավատարիմ մնաց, պայմանավորված էր նրանով, որ մենք ստացանք նոր որակի մարդ, ժողովուրդ, ազգ: Պահողը հենց այդ նոր որակն էր, դրախտային վիճակը:

Մարդը միշտ փնտրում է հանգստություն, ներդաշնակություն, ու մեկ էլ մեկ ակնթարթում ստանում է այդ ամենը: Իր սեփական ներքին որակը ներդաշնակ է իրեն շրջապատող աշխարհի որակին ու չգիտակցված կերպով դա դառնում է բնական վիճակ, որը շատ մեծ ձգողական ուժ ունի: Ղարաբաղյան շարժման մեր բարձրագույն ստեղծագործությունն այդ մարդն էր եւ այդ ժողովուրդը:

 

Դիլիջանից` դեպի շարժում

 

Առաջնորդների շրջանակի ձեւավորման մեջ շատ մեծ էր պատահականության գործոնը, գոնե` իմ մասով: Մեծ դեր է խաղացել մեր դպրոցը, որտեղ աշխատում էի որպես ուսմասվար դաստիարակության գծով: Սամսոն Ղազարյանը եւ Համբարձում Գալստյանը պատմության ուսուցիչներ էին: Վանո Սիրադեղյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սամվել Գեւորգյանի երեխաները սովորում էին մեր դպրոցում: Մեր դպրոցի բարձրախոսներն են օգտագործվել առաջին հանրահավաքի ժամանակ:

 

Այդ ձմեռ Երեւանում գրիպի համաճարակ էր ու երեխաների մի խումբ տարել էինք Դիլիջան, որպեսզի կոփվեն: Երբ Դիլիջանից վերադառնում էինք, ավտոբուսի վարորդն ասաց, որ Երեւանում հանրահավաքներ են:

 

Սամսող Ղազարյանն այսպես է նկարագրում.

 

«Հանրահավաք էինք անցկացնում, երբ տեսանք, որ ավտոբուսից իջավ Աշոտ Մանուչարյանը: Մոտեցավ մեզ, հարցրեց, բա էս ի՞նչ հաշիվ է, տղերք: Մենք էլ ասացինք, որ Ղարաբաղի հարցն ենք բարձրացնում: Աշոտն էլ ասաց` Ղարաբաղը ի՞նչ է: Բերեցինք քարտեզներ ցույց տվեցինք, որից հետո Աշոտը հարցրեց, թե միկրոֆոնները որտեղ են ու դրանից հետո նրան միկրոֆոններից այլեւս չկարողացան պոկել»:

 

Սա, իհարկե, հումորային ձեւակերպում է, որը, սակայն, ճշմարտությունից հեռու չէ:

 

Երբ Երեւան ժամանեցին Քաղբյուրոյի անդամներ Լուկյանովը ու Դոլգիխը, Ակադեմիայի շենքի աստիճաններին հանրահավաք էր, որը վարում էին Սամսոն Ղազարյանն ու Համբարձում Գալստյանը: Թվարկում էին պատվիրակության անդամների անունները, որոնք պետք է գնան Կենտկոմի շենք` Քաղբյուրոյի անդամների հետ հանդիպելու համար: Հիմնականում գրողների, նկարիչների անուններ էին հնչեցնում:  Ի վերջո, չդիմացա ու ասացի, որ «այնտեղ գրական երեկո չի լինելու, պետք է նաեւ քաղաքականությունից հասկացող մարդ ուղարկել»:

 

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

 

Համբարձումն էլ ասաց, թե «այդքան խելոք ես, դու գնա»: Ես էլ ասացի` «կգնամ» ու այդպես հայտնվեցի այնտեղ: Երբ պատրաստվում էինք հանդիպմանը, հասկացա, որ միասնական մոտեցում չկա, պարզ չէ, թե ի՞նչ պետք է խոսենք ու համակարգելու գործը ինձ վրա վերցրեցի:

 

«Ղարաբաղ» կոմիտեն

Իգոր Մուրադյանի կողմից ստեղծվել էր կոմիտեի երկու կազմ: Առաջինը որոշակի իմաստով «նեղ» կազմն էր, որի մեջ մտնում էին մարդիկ, որոնք «առեղծվածային» են թվում: Նրանցից էր Արթուր Մկրտչյանը` Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի հետագա առաջին նախագահը: Նա Համբարձում Գալստյանի ընկերն էր, իսկ ես նրան ճանաչում էին ուսանողական տարիներից: Այդ կազմում էր նաեւ Հադրութից նկարիչ Էմիլ Աբրահամյանը, Մանվել Սարգսյանը: Կար նաեւ ավելի մեծ շրջանակ, որը կոչվում էր «կազմկոմիտե»:

 

Կոնֆլիկտը Իգոր Մուրադյանի հետ առաջացավ նրանից հետո, երբ նա մի հանրահավաքում հայտարարեց, որ մարդիկ պետք է շշերով ու շամփուրներով գան: Իգորը շատ պատասխանատու մարդ է, եւ իր այդ արտահայտությունը փաստացի պատասխանն էր Գորբաչովի սարսափելի հայտարարությանը: Նա ասել էր, որ ԽՍՀՄ ղեկավարությունը պետք է շուտափույթ լուծի Ղարաբաղյան հարցը, սակայն հաշվի առնելով, որ գոյություն ունի «ադրբեջանական գործոն»: «Ադրբեջանական գործոն» ասելով, նա ի նկատի էր ունեցել Սումգայիթը: Մտավորականության ներկայացուցիչները պնդում էին, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիների նկատմամբ որեւէ ոտնձգություն չլինի, քանի որ նրանք խաղաղ մարդիկ են, իսկ մեր կռիվը ջարդարարների հետ է:

 

Իգոր Մուրադյանն այդ պահին առաջին պատասխանատվությունն էր կրում ու ես պատկերացնում եմ նրա վրդովմունքի ու ցասումի աստիճանը այդ պահին: Սակայն ինձ համար այդ արտահայտությունը անթույլատրելի էր ու շարունակում է այդպիսին մնալ առ այսօր:

 

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

 

Դրանից հետո ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեի 11 հոգուց բաղկացած այն կազմը, որը ընդունված է վերջնական կազմ համարել: Չնայած նրան, որ շատ տարբեր մարդիկ էին հավաքված ու հակասություններ հաճախ էին լինում, հարազատ մթնոլորտ էր տիրում: Համբարձում Գալստյանը ազգային որոշակի փորձ ուներ եւ միաժամանակ կոմերիտմիության դպրոցն էր անցել, ինչպես եւ Ալեքսան Հակոբյանը:

Պատասխանատվության մասին

 

Սարսափելի ծանր էր պատասխանատվության բեռը: Լինում էին պահեր, երբ այլեւս ի վիճակի չէիր մնալ այդ լարված վիճակում: Պատասխանատու մարդկանց համար ահավոր հյուծիչ է անընդհատ դիմանալ այդ բեռին: Մի կողմից հսկայական լիցք ես ստանում ժողովրդից, որը, անշուշտ օգնում է հաղթահարել դժվարությունները: Մյուս կողմից` հյուծվում ես:

 

Բանտի ճանապարհին ու բանտում

 

Երբ 1988-ի դեկտեմբերին հայտնվեցի ինքնաթիռում, երկար չէի կարող հասկանալ, թե որտե՞ղ են ինձ տանում: Քանի որ դրանից մի քանի ամիս առաջ Պարույր Հայրիկյանին արտաքսել էին Եթովպիա, կարծում էի, որ նույնը ինձ սպասում: Հսկայական բեռնատար ինքնաթիռ էր, որի մեջ մի փոքր խուց կար` անմիջապես օդաչուների խցիկի տակ: Այդ խցում ինձ հետ նստած էին երկու ավտոմատավոր զինվորներ ու մեկ սպա: Օդաչուների խոսակցությունը խցում լսվում էր եւ երբ նրանք ասացին, որ մտնում ենք Դնեպրոպետրովսկի օդային գոտի, հասկացա, որ կարծես ԽՍՀՄ տարածքից դուրս չեն տանում:

 

Ինչքա՞ն ժամանակ մեզ կպահեն բանտում, չգիտեր նաեւ Գորբաչովը: Մեր ազատ արձակելը պայմանավորված էր նրանով, որ շարժումը նոր թափ առավ: Եթե դա չլիներ, մեզ ազատ չէին արձակի:

 

Սկզբում ինձ մեղադրանք էին առաջադրել հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խախտելու համար, իսկ ազատ արձակելուց մի քանի օր առաջ նոր, շատ ավելի լուրջ մեղադրանք առաջադրեցին` ազգամիջյան թշնամանքի հրահրում: Որքան էլ զավեշտալի է, բայց մեղադրանքում գրված էր, որ «Մանուչարյանն ասել է, որ հայ երեխաները պետք է սովորեն հայկական դպրոցներում, ինչով թշնամանք էր հրահրում ադրբեջանցիների հանդեպ»:

 

Ցույց` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու պահանջով:

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

 

Բանտում մեկուսացված էինք, մեզ պահում էին տարբեր թեւերում, որ շփվելու հնարավորություն չունենանք, սակայն ժամանակի ընթացքում տարբերակներ գտանք  որոշակի տեղեկատվություն փոխանակելու համար: Առաջին մի քանի հարցաքննություններից հետո հրաժարվեցի պատասխանել հարցերին, որովհետեւ տեսա հստակ միտում` ամեն ինչ ներկայացնել այնպես, թե իբր Ղարաբաղյան շարժումը սկսել է Հայաստանի կուսակցական վերնախավի հետ կապված մաֆիան:

Սկզբից ազատ արձակեցին Խաչիկ Ստամբոլցյանին ու Ալեքսան Հակոբյանին` «փորձնական», ժողովրդի արձագանքը հասկանալու համար:

 

Տրոհումը

 

Մի քանի տարի անց «Ղարաբաղ» կոմիտեն տրոհվեց, իսկ 1994 թվականի գարնանը Ազատության հրապարակում Աշոտ Մանուչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Վանո Սիրադեղյանին «մարդասպաններ» անվանեց:

 

Սարսափելի ծանր էր: Ես շատ ծանր տարա տրոհումը: Երբ հրաժարական տվեցի ՀՀ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, իրավիճակը այսպես էի պատկերացնում` իշխանության մեջ մնում են իմ ընկերները, որոնք անկեղծորեն սխալվում են կամ մոլորության մեջ են:

Քեզ վստահողին խաբելը համարվում է Աստծո սպանության հավասար հանցագործություն: Գիտակցումը, որ մերոնցից մեկը հանկարծ կարող է խաբել ժողովրդին, սարսափելի ծանր էր:

Բանտում կարդացածս գրքերից մեկը Դանթեի «Դժոխքն» էր: Կարծում եմ, որ այդ գիրքը կարդալու լավագույն տեղը հենց բանտն է, որտեղ սրվում են պատկերացումները: «Դժոխքում» մարդկանց սպանությունները սկսվում են չորրորդ շրջանից: Իններորդ շրջանում, Հուդայի հետ միասին նույն փոսում են նրանք, ովքեր խաբել են վստահողներին: Այսինքն` քեզ վստահողին խաբելը համարվում է Աստծո սպանության հավասար հանցագործություն: Գիտակցումը, որ մերոնցից մեկը հանկարծ կարող է խաբել ժողովրդին, սարսափելի ծանր էր: Սկզբնական շրջանում ես չէի մտածում, որ իրավիճակն այդպիսին է:

 

Ծայրահեղ ելույթներս կապված էին ոչ միայն վրդովմունքի հետ: Թոխմախի Մհերը, այլոց հետ միասին, հրահանգ էր ստացել գալ ու խանգարել մեր հանրահավաքը: Այդ մարդիկ եկել էին զինված, ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ: Քաշքշուք սկսվեց, կրքերը բորբոքվում էին եւ իրավիճակը փոխելու համար ես միկրոֆոնը խլեցի Վազգեն Մանուկյանի ձեռքից ու սկսեցի հայհոյել Լեւոնին եւ Վանոյին: Դրանք մարդկանց հանգիստ թողեցին եւ եկան դեպի իմ կողմ`վերջին հայհոյանքները ու սպառնալիքները տեղալով: Դա օգնեց, որ հանրահավաքի մասնակիցները հասկանան, թե ինչ է տեղի ունենում եւ դրանց պարզապես դուրս շպրտեցին հրապարակից:

Ճակատագրի բերումով Բաբկեն Արարքցյանի հետ հանդիպել եմ 1996 թվականի հայտնի դեպքերի ժամանակ: Ես նրան հանեցի այդ ջարդի միջավայրից, չնայած որ նա առայսօր պնդում է, թե իբր ես իրեն առեւանգել եմ: Իրականում, եթե այդ օրը ինձ չմոտենային ՆԳՆ «սպեցնազի» մի քանի տղաներ, որոնք ինձ ճանաչում էին, եւ մենք միասին չճեղքեինք ամբոխը, Բաբկեն Արարքցյանը կարող էր եւ ողջ չմնալ:

 

Համբարձում Գալստյանի սպանությունը

 

Սպանության կազմակերպիչները ներքին բախում հրահրելու խնդիր էին հետապնդում, քանի որ «Ղարաբաղ» կոմիտեն բաժանված էր երկու մասի, եւ Համբարձում Գալստյանը այն մասում էր, որն այլեւս իշխանություն չէր: Բայց հակառակը եղավ` երբ Համբարձումին սպանեցին, առաջին ռեակցիան այն էր, որ մեզ բոլորիս պետք է հավաքվել ու խոսել:

Կասկածներ ունեի Սիրադեղյանի հետ կապված, սակայն այն թևում կար նաեւ Վազգեն Սարգսյանը, ում հետ ես պատերազմ էի անցել ու անգամ կասկածել չէի կարող, որ նա կարող էր տեղյակ լինել այդ սպանության մասին:

 

Վանոն

 

Վանո Սիրադեղյանին ես շատ բարձր էի գնահատում: Նա ֆանտաստիկ մարդ է, շատ խորը անձնավորություն: Այդ տաղանդավոր մարդու անկման մեղավորությունը վերագրում եմ բոլորիս: Վանոն ստեղծագործաբար էր մոտենում նաեւ պետությանը, բայց քաղաքականությունն ու պետական գործունեությունն, այնուամենայնիվ, կոնսերվատիվ ոլորտներ են:

 

Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյան եւ Ալեքսան Հակոբյանը:

Լուսանկարը` Ֆոտոլուր:

 

1996 թվականին Վանոյի 50-ամյակն էր, ինձ թղթակիցներ մոտեցան ու մեկնաբանություն խնդրեցին: Ու ես թղթակիցների միջոցով շնորհավորեցի Վանոյին ու գիտեմ, որ դա իր վրա մեծ ազդեցություն էր գործել (Այդ նյութը կարդացեք ստորեւ-Մեդիամաքս)

 

«Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, կատարում են ֆանատիկները, իսկ արդյունքից օգտվում են սրիկաները»

 

Գիտե՞ք, որ դա գրված է Համբարձումի գերեզմանին: Համբարձումի սպանությունից մեկ օր առաջ գնացել էի նրա մոտ: Հոդված էր գրում ու վերեւում դրել էր այդ արտահայտությունը`«Հեղափոխությունները նախապատրաստում են ռոմանտիկները, կատարում են ֆանատիկները, իսկ արդյունքից օգտվում են սրիկաները»: Հարցրեց, թե «չես հիշում, ո՞վ էր սա ասել»: Ասացի, որ կարծես Բիսմարկն է ասել, բայց նրանից առաջ էլի ինչ-որ մեկը խոսել էր այդ մասին: Համբարձումն էլ ասաց, «դե լավ», ու տակը գրեց` «մի խելոք մարդ»: Այդպես էլ գրված է գերեզմանին:

Իրականում դժոխքն ու դրախտը մարդու ներսում են ու ամեն մարդ ապրում է իր այդ ներքին հատվածներից մեկում: Իսկ մենք մի այնպիսի «ֆոկուս» կատարեցինք, որի հետեւանքով նոր որակի մարդ ստացանք:

Այդ արտահայտության հետ համաձայն չեմ այն իմաստով, որ մենք հանգիստ կարող էինք չգնալ այն ուղով, որով գնացինք:  Ունեինք մի շրջան, երբ մենք ուրիշ էինք: Փոխվեցինք 1988-ից հետո` մեկը 1 տարի հետո, մյուսը` 5 տարի հետո, դա կարեւոր չէ: Իրականում դժոխքն ու դրախտը մարդու ներսում են ու ամեն մարդ ապրում է իր այդ ներքին հատվածներից մեկում: Իսկ մենք մի այնպիսի «ֆոկուս» կատարեցինք, որի հետեւանքով նոր որակի մարդ ստացանք: Դա իրականություն է եղել ու շատ կարեւոր է այդ իրականությունը պահպանել մեր ու ապագա սերունդների համար:

 

Լուսանկարը` Ա. Մանուչարյանի արխիվից:

 

Օրինակ, իմ գաղափարական հակառակորդ Բժեզինսկին` խոսելով Ամերիկայի ու աշխարհի առջեւ ծառացած խնդիրների մասին, ասում է, որ այսպիսի մի մարդ պիտի «ստանանք»: Բայց այդ «ստացման» ձեւը մենք գիտենք, դա մեր know-how-ն է: Բայց խնդիր այն է, որ դա ինքներս մեզանից գաղտնի ենք պահում ու չգիտենք` ինչպես դա մեզ հաջողվեց 25 տարի առաջ: Եթե կարողանանք կրկին հայտնաբերել կամ «գաղտնազերծել», դա կլինի խոշորագույն ձեռքբերումը:

 

Աշոտ Մանուչարյանի հետ զրուցել են Արա Թադեւոսյանը եւ Արամ Արարատյանը:

ՎԱՆՈ ԵՎ ՎԱՆԻԿ ՍՄԲԱՏՈՎԻՉ

Հակադրում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը

«Առավոտ» օրաթերթ

13.11.1996

 

- Վանոյի հետ ծանոթացել եմ նախ 87-ին` հեռակա կարգով, այն ժամանակ մեր ձեռքում էր գրողների միության ինչ-որ ժողովում ասված Վանոյի խոսքը` համարձակն, հախուռն: Հիմնական ծանոթությունս եղավ 88-ին: Երեւի թե, քչերն են պատկերացնում Վանոյի իսկական դերը շարժման մեջ: Իմ կարծիքով` նա Շարժման մեջ ուղղակի հայ ժողովրդի էությունն էր ամբողջացնում: Այսինքն` «Ղարաբաղ» կոմիտեում կար մի օղակ, որը զբաղված էր քաղաքական ծրագրավորմամբ, այդ խումբը ծրագրում էր, թե քաղաքական ինչ քայլեր, գործողություններ պիտի կատարվեն Հայաստանում: Դրանից հետո, անպայման, հրավիրվում էր Վանո Սիրադեղյանը, որին ամեն ինչ ներկայացվում էր.նա անմիջականորեն կարող էր ասել. «էս ինչ ախմախ-ախմախ բաներ եք դուրս տալիս»: Եվ այս կոպիտ ոճի ետեւում չափազանց կարեւոր էություն էր: Վանոյի ասածը շատ էր կարեւոր, որովհետեւ դա նշանակում էր, որ ժողովուրդն այս նախօրոք ծրագրածը չի ընդունի, կմերժի, դա չի համապատասխանում իրավիճակին: Վանոն խորությամբ զգում էր ժողովրդի վիճակը, բնավ պատահական չէ, որ նա գրող է: Իմ կարծիքով, ուղղակի պատահական է այն, որ նա ուսուցիչ չդարձավ:

 

Այսպիսին է իմ գնահատականը այն ժամանակվա Վանոյի: Շարժման հաղթանակից հետո ես որոշեցի դպրոց վերադառնալ. միակ մարդը «Ղարաբաղ» կոմիտեից, որին ես առաջարկել եմ դպրոց գնալ, Վանո Սիրադեղյանն էր: Իմ արժեքների համակարգում նախ գալիս են չինովնիկները, ապա` նախարարները, վարչապետը, հետո` հանրապետության նախագահը, հետո` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հետո` մի քանի դատարկ տեղ, ու դրանից շատ ավելի, էապես ավելի բարձր` ուսուցիչը: Երբ ես Վանոյին առաջարկում էի ուսուցիչ դառնալ, իմ այս սանդղակից էի ելնում: Վանոն, իհարկե, ռեալ իրավիճակից եւ իր հոգեվիճակից ելնելով` շատ հստակ ասաց. «Հերիք է դատարկ դուրս տաս»: Ես գնացի դպրոց, իսկ ինքը մնաց քաղաքականության մեջ: Ուզում եմ ասել` այն ժամանակվա Վանոն ինձ համար Շարժման մեջ շատ էական մարդ էր, ուսուցիչ: Մարդ, որը 100 տոկոսով համընկնում էր մեր ժողովրդի առանցքին, այն առանցքին, որը շոշափեց եւ փորձեց հաստատել Շարժումը: Էպիկական ասած` այդ առանցքը գալիս է Հայկից եւ գնում դեպի անվերջություն, իսկ Վանոն բաղկացուցիչ մասն էր դրա:

 

Բայց եկան նոր ժամանակներ, եւ այդ առանցքի փոփոխությունը Վանոյի մեջ կատարվեց երեւի թե 90-ական թվականից: Նա դարձավ ՀՀՇ վարչության նախագահ, դեռ ՆԳ նախարար չէր դարձել, սակայն առանցքն ուրիշ էր: Այդ փոփոխված առանցքին տարբեր անուններ են տալիս` պետականության կայացում, պետական մտածողություն, ինձ համար դա «էությունից էական շեղում է»:

 

«Ղարաբաղ» կոմիտեի զգալի մեծամասնությունը, ըստ իս, պետք է իշխանությունից դուրս մնար, առավելագույնն այնտեղ կարող էին լինել մեկ-երկու հոգի: Այդ դեպքում արդեն ժողովրդի առանցքը ոչ միայն չէր կորչի, այլեւ կհստակվեր: Պալատական մթնոլորտը չափազանց ծանր է` խարդավանքներ, մրցակցություն: Ես եղել եմ պալատներում, գիտեմ, միշտ չէ, որ հնարավոր է պահպանել կայունությունը: Պարզապես, «Ղարաբաղ» կոմիտեն պետք է կարողանար պահել իր կանոնադրությունը, չպահպանեց: Այդպիսինն է կյանքը, եւ առանցքի փոփոխության ժամանակ կորավ Վանո Սիրադեղյանն ու ի հայտ եկավ Վանիկ Սմբատովիչը: Վանիկ Սմբատովիչը նոր երեւույթ է, անշուշտ, Վանոյից նրա մեջ շատ բան մնացել է, ունակությունները պահպանվել են եւ դրսեւորվում են, ժամանակ առ ժամանակ նա շատ օրիգինալ բաներ է անում, կարծես նույնիսկ օգտակար, բայց, քանի որ այդ ամենը շարժվում է վատ առանցքի շուրջ, ապա, ընդհանուր առմամբ, կատարվում է սխալ գործ: Առանձին վերցրած` նայում ես` ճիշտ է, ընդհանուր` սխալ: Վանոյի գերզգայունակությունը, որ նրան ուղղակի կապում է ժողովրդի հետ, մտածական կամ վերլուծական չէր: Նրա միտքն աշխատում է ոչ թե համակարգերով, վերլուծական, քաղաքական-տնտեսական հարթություններում, այլ շատ ավելի էական` մարդկային հարթության մեջ: Այսօր, քանի որ առանցքը սխալ է, այդ բոլոր ունակություններն ու հնարավորությունները դասավորվում են շեղված գծի շուրջ` ըստ էության համարյա  էական ոչինչ չբերելով ոչ իրեն, ոչ մարդկանց:

 

50-ամյակն է: Պետք է ինչ-որ բան ցանկանալ: Իմ կողմից ես կցանկանայի, որ մի հրաշք լիներ, եւ հենց 50-ամյակի օրը, որ լավագույնն է կյանքում, Վանիկ Սմբատովիչը կորչեր-գնար, ու Վանոն ետ գար: Իհարկե, դա հրաշք կլինի, իրական կյանքը մի փոքր այլ է: Բայց եթե հրաշքը կատարվի, ապա կկորչեն նրա ոսկե շղթաները, որոնք, ճիշտն ասած, վաղ թե ուշ կորչելու են: Հիշում եմ մի թեսթ, որ ինձ հետ անցկացրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Կարեւոր, հրատապ գործով մտա առանձնասենյակ` ինչ-որ գիրք էր կարդում: Նա ինձ ասաց. «Անընդհատ գլուխ ես գովում, թե կարդացել ես բոլոր փիլիսոփաներին, մի ասույթ կարդամ, ասա` ով է գրել»: Բովանդակությունն  այսպիսինն էր. «Յուրաքանչյուր մարդ ուզում է անպայման իրենից հետո մի բան թողնել: Բայց դրա կարիքը բնավ չկա: Թող, գնա ու հանգիստ անցիր, իսկ եթե շատ է պետք, մի բան էլ վերցրու, հետդ տար: Միայն թե մի աշխատիր անպայման մի բան թողնել»: Ես Պլատոնից սկսեցի, Պլատոնով ավարտեցի: Պարզվեց` Վանո Սիրադեղյանի գրքից է: Ինձ համար մինչեւ այսօր այս գրածի տեսանկյունից անհասկանալի է` ինչո՞վ է հիմա զբաղված Սիրադեղյանը:

 

Համենայն դեպս, եթե ցանկանալու հարց է, ապա թող կորցնի իր ոսկե շղթաները, որովհետեւ դրանով ժողովուրդը մեծ շանս կստանա` կորցնելու համար իր շղթաները` Վանոյի բերած: Եթե հանկարծ այդպիսի հրաշք տեղի ունենա, երեւի թե, պատկերացնում եմ, հին-նոր Վանոյի քայլն այս իրավիճակում: Կմտնի բաճկոնի գրպանը, կհանի բանալիները (Վանոյի գրպանում` բանտերի բանալիներ…): Կգնա, կբացի բանտերի դռները, որտեղ այժմ հացագործներ էլ կան, բայց մի զգալի մասն իր` 88 թվականի ժողովուրդն է` շատ հարցերում մեղավոր, շատ հարցերում անմեղ: 88-ի Վանոյի համար նրանցից շատերի մեղքն էլ այս իրավիճակում մեղք չէ: Եվ կարձակի նրանց: Ինչեւէ, մարդկանց համար նա միշտ զարմանալի կյանք է ունեցել, ուզում եմ, որ վերջում էլ իմ ասած զարմանալին լինի…

 

[Շարժում 1988/25] նախագծի բոլոր նյութերը հասանելի են այստեղ:

[Շարժում 1988/25] նախագծի գլխավոր գործընկերն է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին