Խուան Թոմաս Հերնանի. «ARMSAT_1-ը Երկիրը դիտարկելու լավագույն փոքր արբանյակն է» - Mediamax.am

exclusive
4897 դիտում

Խուան Թոմաս Հերնանի. «ARMSAT_1-ը Երկիրը դիտարկելու լավագույն փոքր արբանյակն է»


Խուան Թոմաս Հերնանին
Խուան Թոմաս Հերնանին

Լուսանկարը` SATLANTIS

Լուսանկարը` SATLANTIS

Խուան Թոմաս Հերնանին
Խուան Թոմաս Հերնանին

Լուսանկարը` SATLANTIS

Լուսանկարը` SATLANTIS


2022 թվականի մայիսի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը: «Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում», - ասել էր նա:

 

10 ամիս անց Մեդիամաքսը զրուցել է «Սատլանտիս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Խուան Թոմաս Հերնանիի հետ:

 

- Ինչո՞ւ է հայկական կողմն հենց ձեր ընկերությանն ընտրեց արբանյակը գործարկելու համար:

 

- Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող SATLANTIS ընկերությունը, որն ապահովում է նորարարական, որակի վրա հիմնված եւ Երկրի ուսումնասիրության փոքր արբանյակների համար հարմարեցված ամբողջական լուծումներ՝ բարձր լուսաչափով օպտիկական օգտակար ծանրաբեռնվածությամբ, առաջարկել էր ամբողջական լուծում՝ Երևանում հիմնել կառավարման կենտրոն եւ լիակատար հսկողություն սահմանել այս եւ հետագա արբանյակների հանդեպ: Բացի դրանից, մենք միակ ընկերությունն էինք, որը պարտավորվեց գործարկել հայկական պայմանագրի ստորագրումից մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 25-ին։

 

Առաջարկվող լուծման եզակի բնութագրերը, ինչպիսիք են տեսանելի (RGB) բազմասպեկտրային լուսաչափը եւ ինֆրակարմիր մոտ ընդգրկույթը (near infra-red band), առաջարկվում են 2մ լուսաչափով` պատկերի ամենամեծ որակով, ինչը ARMSAT_1-ը դարձնում է աշխարհի լավագույն CubeSat-ը Երկրի ուսումնասիրության համար:

 

- Ունե՞ք յուրահատուկ տեխնոլոգիաներ, որոնք ուրիշները չունեն:

 

- Այո, մենք չէինք կարող ապահովել այս եզակի լուծումները առանց SATLANTIS-ի կողմից մշակված Ultra High-Resolution տեխնոլոգիայի, որը պիքսելները դարձնում է 3 անգամ ավելի ճշգրիտ, ինչը հսկայական խնայողություն է Հայաստանի համար:

Լուսանկարը` SATLANTIS

Բացի այդ, արբանյակի մանեւրելու կարողությունը թույլ է տալիս, օրինակ, այն ուղղել Հայաստանի սահմաններով կամ Սեւանա լճի ափով։

 

- Հայաստանում շատերը չգիտեն, թե ինչ է ARMSAT_1-ը: Կարո՞ղ եք որոշ մանրամասներ հաղորդել:

 

- Ընդամենը 16U (20 x 20 x 40 սմ3) չափերով ARMSAT_1-ը, կատարելով օրական 15 պտույտ իր՝ 525 կմ բարձրության հելիոսինքրոն ուղեծրով, կարող է պատկերներ ստանալ ամբողջ երկրի մակերեւույթից օրական 80 րոպեի ընթացքում՝ ընդգրկելով 13 x 7 կմ2 տարածք նկարահանման մեկ վայրկյանում: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքին, ապա արբանյակը յուրաքանչյուր 7 օրը մեկ երեք դիտարկում է իրականացնում երկրի տարածքի վրա։

Լուսանկարը` SATLANTIS

ARMSAT_1-ի դիտարկողական ռազմավարության արդյունքում ստացվում են 13 կմ լայնությամբ գծային խճանկարներ՝ վերլուծության համար պատրաստ տվյալներ՝ 2 մ 4 բազմասպեկտրալ լուսաչափով: Վերլուծության համար պատրաստ տվյալներ ասելով՝ հասկանում ենք բոլոր ուղղումներն արված տվյալներ (ռադիոմետրիկ, երկրաչափական, մթնոլորտային եւ այլն), որպեսզի վերջնական օգտագործողը տվյալների վերլուծությունից առաջ նախնական մշակման կարիք չունենա։

 

- Պետության համար արբանյակ ունենալն ի՞նչ նշանակություն ունի:

 

- Երբ դուք ապրում եք սովորական պայմաններում, կարող եք նկարներ գնել ամերիկյան կամ այլ մատակարարներից: Բայց երբ ունեք արտակարգ իրավիճակներ, ինչպիսիք են հրդեհները, երաշտները, բնական աղետները կամ անվտանգության սպառնալիքները, դուք չեք կարող կախված լինել օտարերկրյա ծառայություններից:

Լուսանկարը` SATLANTIS

Նման ինքնիշխան վերահսկողությունն այսօր հասանելի է երկրների փոքր ակումբին: Հայաստանը որոշեց միանալ այս ակումբին SATLANTIS-ի միջոցով՝ SmallSats-ի ռազմավարությամբ եւ դրան հասավ ռեկորդային՝ 1 տարուց պակաս ժամկետում:

 

- Կարո՞ղ եք ներկայացնել կոնկրետ արդյունքներ, որոնք ձեռք են բերվել այս ընթացքում ARMSAT_1-ի շնորհիվ:

 

- Այսօրվա դրությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներբեռնել է ավելի քան 390 000 պատկեր՝ հիմնականում Հայաստանի տարածքի, որոնք կիրառելի են բազմաթիվ ոլորտներում։ Հաջորդ քայլը, որը նախատեսված է հաջորդ ամսվա համար, միջազգային փորձագետների ներգրավմամբ մի շարք սեմինարների կազմակերպումն է տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների համար, որոնց նպատակը արբանյակի տրամադրած տվյալների օգտագործման խթանումն է: Առաջին սեմինարը գյուղատնտեսության ոլորտի համար կլինի։

 

- Տարածաշրջանում անվտանգության բարդ իրավիճակի պատճառով շատ հայաստանցիներ ենթադրում են, որ արբանյակը կարող է օգտագործվել նաեւ պաշտպանական եւ անվտանգության նպատակներով: Սա զգայուն թեմա է, բայց կարո՞ղ եք մեկնաբանել դա:

 

- ARMSAT_1-ը բազմակողմանի քաղաքացիական արբանյակ է՝ 2 մետր լուսաչափով։ Իհարկե, ապօրինի բնակավայրերի կամ բնական ռեսուրսների սխալ օգտագործման մոնիտորինգը գործառույթներ են, որոնց վրա տարածվում է պետական տարբեր գերատեսչությունների իրավասությունը: Երկիրը բացառիկ հնարավորություն ունի ձեռք բերելու ավելի բարձր լուսաչափով եւ գործառույթներով արբանյակներ:

 

- Ինչպես են բաշխվում պարտականությունները ձեր ընկերության եւ հայկական կողմի միջեւ՝ ո՞վ ինչի համար է պատասխանատու:

 

- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Գեոկոսմոս» օպերատորի միջոցով, պատասխանատու է արբանյակի շահագործման եւ պատկերների օգտագործման համար: Մենք ապահովում ենք սպասարկումը եւ պահեստային աջակցությունը՝ երաշխավորելով արդյունավետ շահագործումը: Մոտ ապագայում կառավարման կենտրոնը նույն ենթակառուցվածքի ներքո կկարողանա վերահսկել հայկական բոլոր արբանյակները։ Մենք շատ շնորհակալ ենք նախարար Ռոբերտ Խաչատրյանին եւ նրա թիմին վստահության համար: Նրանք շուրջ մեկ տարի խելամտորեն կառավարել են այս ծրագիրը եւ հիանալի արդյունքներ գրանցել։

 

- Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

 

- Կարեւոր է չկորցնել պահը։ Մենք ունենք հնարավորությունների պատուհան, որը բավականին նեղ է, եթե Հայաստանը ցանկանում է հաջորդ տարվա համար ունենալ լուսաչափի ենթամետրիկ հզորություն, որը կարող ենք անվանել ARMSAT_2:

 

Սովորական արբանյակային նախագիծը մեզ կուղղորդի մինչեւ 2026 թվական, բայց մենք կրկին կարող ենք հրաշք գործել, ինչպես արեցինք ARMSAT_1-ի պարագայում, որը մեկնարկեց ընդամենը մեկ ամիս անց: Եթե Հայաստանը համաձայնվի ARMSAT_2 պատրաստել հաջորդ ամիսների ընթացքում, մինչեւ 2024 թվականի վերջ մենք կարող ենք ունենալ ենթամետրիկ արբանյակ՝ եզակի բնութագրերով, ինչպիսիք են ինֆրակարմիր ածխածնի երկօքսիդի (CO2) եւ մեթանի (CH4) հարմարեցված ֆիլտրերը։

 

- Հայաստանում գործարան կառուցելու ծրագրեր ունեք. կարո՞ղ եք ավելի մանրամասն խոսել այդ մասին:

 

- Մենք հանձնառություն ենք վերցրել ունենալ գործարան, որտեղ վերջնական կհավաքվի երկրորդ արբանյակը՝ ARMSAT_2: Այդ հաստատությունը բացառիկ կլինի այս տարածաշրջանի համար:

 

- Կա՞ն ռիսկեր, որ կարող են վտանգել նախագծի իրականացումը:

 

- Եթե խոսքն ARMSAT_1-ի մասին է, ապա մենք բարեհաջող եւ բնականոն աշխատում ենք:

Խուան Թոմաս Հերնանին Խուան Թոմաս Հերնանին

Լուսանկարը` SATLANTIS

Ինչ վերաբերում է ARMSAT_2-ին, ապա գործարան եւ արբանյակ կառուցելու մեր պարտավորությունները կարեւոր քայլ են, սակայն նաեւ մեծ ճնշում են ենթադրում ինժեներական թիմի վրա՝ պայմանավորված ժամանակացույցով: Եթե կորցնենք այս պատուհանը, ապա պետք է անցնենք 3 տարի ժամկետ ունեցող նախագծին:

 

Հայաստանը բացահայտ լավ դիրք է գրավում տարածաշրջանում տիեզերքի առաջնորդությունը պահպանելու համար: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առաջին քայլը համարձակ էր եւ ոգեշնչող եւ մեծ հաջողություն ապահովեց: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը օգտվի այդ հաջողությունից եւ արագ անցնի հաջորդ քայլին: Հավաքման ազգային գործարանը թույլ կտա հայկական արբանյակների խումբ ունենալ եւ արձակել երկրորդը ենթամետրիկ արբանյակը հաջորդ տարվա ընթացքում: Ռիսկերը վերաբերում են պահը կորցնելուն եւ դեպի տիեզերք ձգտող այլ երկրների որոշումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին