Էմանուել Շարպենտիեն Երեւանում պատմել է «գենետիկական մկրատի» մասին - Mediamax.am

2868 դիտում

Էմանուել Շարպենտիեն Երեւանում պատմել է «գենետիկական մկրատի» մասին


Լուսանկարը` Photolure


Նոբելյան մրցանակակիր, մանրէաբանության, գենետիկայի եւ կենսաքիմիայի ֆրանսիացի հետազոտող Էմանուել Շարպենտիեն Հայաստանում անցկացվող STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի շրջանակում կազմակերպված դասախոսության ժամանակ պատմել է գենետիկ խմբագրման գործիքներից մեկի՝ CRISPR-Cas9 տեխնոլոգիայի կիրառման մասին:

 

Տեխնոլոգիան, որը թույլ է տալիս խմբագրել վիրուսակիր իմունային բջիջները, Էմանուել Շարպենտիեն մշակել է Ջենիֆեր Դուդնայի հետ, ինչի համար նրանք 2020 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ են ստացել:

 

Լսարանի հետ հանդիպմանը գիտնականն անկեղծացավ.

 

«Անսովոր է երկար դադարից հետո նորից բեմի վրա լինել: Վերջին տարիների ընթացքում քիչ են այսպիսի մարդաշատ կոնֆերանսներ կազմակերպվում: Ինձ համար շատ հաճելի է Հայաստանում տեսնել մարդկանց, որոնք միեւնույն ժամանակ հետաքրքրված են ե՛ւ գիտությամբ, ե՛ւ երաժշտությամբ»:

 

Ինչի կարող է բերել «փոքրիկ վիրուսը»

 

Անդրադառնալով վիրուսների եւ բակտերիաների թեմային՝ նա նշել է.

 

«Սա այն թեման է, որը միշտ արդի կլինի: Հատկապես հիմա բոլորը հասկանում են, թե ամենաչնչին մանրէն գլոբալ ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ ինչի կարող է բերել «փոքրիկ վիրուսը»: Դրա համար միշտ արդիական կլինի կենտրոնանալ այսպիսի աշխատանքի, տարբեր վիրուսների վրա»:

 

«Գենետիկական մկրատ»

 

Գիտնականի մշակած տեխնոլոգիան՝ CRISPR-Cas9-ը, որն այլ կերպ անվանում են նաեւ «գենետիկական մկրատ», ներկայում կենսաբանների համար դարձել է գենետիկ խմբագրման ամենատարածված մեթոդը:

 

Էմանուել Շարպենտիեն նշել է, որ գիտական աշխարհը, մասնավորապես կենսաբանական եւ մանրէաբանական, միշտ նոր մեթոդներ է փնտրում ավելի արդյունավետ աշխատելու, կյանքը երկարացնելու եւ կյանքի որակը լավացնելու ուղղությամբ.

 

«Ամբողջ աշխարհում հետազոտողները հաջողությամբ կիրառում են CRISPR-Cas9-ի մեթոդը՝ բույսերի, կենդանիների, մարդկանց եւ լաբորատոր բջջային գծերի ԴՆԹ-ի հաջորդականությունները խմբագրելու համար: Այս տեխնոլոգիան այնքանով է մեզ օգնում, որ կարող ենք շատ ավելի մեծ հետազոտություն անել, շատ ավելի մեծ թիրախային խմբերով, ինչն էլ իր հերթին մեզ կօգնի հայտնաբերել հիվանդությունների նոր մոդելներ եւ գենետիկ փոփոխություններ: Այս տեխնոլոգիան 2012 թվականից միակն է այն համակարգերից, որոնք կարող են ամենատարբեր մանրէները ամենայն ճշգրտությամբ բացահայտել»:

 

Առաքելությունն ավարտված չէ

 

Նոբելյան մրցանակակիրն այսքանով իր առաքելությունն ավարտված չի համարում՝ նշելով, որ իր գործընկերների մանրէաբանների հետ դեռ շատ աշխատանք ունեն անելու:

 

Էմանուել Շարպենտիեն նշել է, որ իր լաբորատորիայում ներկայում աշխատում է մարդկությանն ամենաշատ վնաս պատճառող բակտերիաներից մեկի՝ Streptococcus pyogenes-ի ուսումնասիրության վրա: Այն մեզ ավելի ծանոթ է որպես կոկորդի ցավ պատճառող բակտերիա:

 

«Լաբորատորիայում փակված լինելը, շատ ձախողումներ ունենալը դժվար է, բայց երբ, վերջիվերջո, հասնում ես անձնական հաղթանակների, հասկանում ես՝ թե դա ինչքան կարեւոր կլինի ապագա հետազոտությունների համար»,- ասել է գիտնականը:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին