Իսրայելի փորձը, անօդաչու սարքերն ու Հայաստանի ապագան - Mediamax.am

exclusive
20893 դիտում

Իսրայելի փորձը, անօդաչու սարքերն ու Հայաստանի ապագան


Թալ Շիման
Թալ Շիման

Լուսանկարը` Մեդիամաքս

Սինիթ Սիվան
Սինիթ Սիվան

Լուսանկարը` Մեդիամաքս

Նաիրա Հովակիմյանը
Նաիրա Հովակիմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թալ Շիման
Թալ Շիման

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավիացիոն եւ օդատիեզերական ոչ գծային խնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովը (ICNPAA World Congress 2018) հյուրընկալվել է Երեւանում:

 

Հայաստանի ամերիկյան համալսարանում հուլիսի 3-ից 6-ը տարբեր երկրների առաջատար գիտական հաստատությունների հետազոտողները, հայ գիտնականներն ու արդյունաբերողներն ուսումնասիրում են ճարտարագիտության, գիտության եւ օդատիեզերական ոլորտներում մաթեմատիկական խնդիրներն ու ժամանակակից գիտական արդյունքները:

 

ICNPAA-ն՝ Հայաստանում. նոր հնարավորություններ հայ գիտնականների համար

 

ICNPAA-ն Հայաստան է բերել Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանը, ով համաժողովի համանախագահն է:

 

50 գլոբալ հայերը` Նաիրա Հովակիմյան

Մեդիամաքսի հետ զրույցում Նաիրա Հովակիմյանն ասել է, որ գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու գաղափարը ծնվել է Արցախում 2016թ.-ի ապրիլի պատերազմից հետո, որի ժամանակ Ադրբեջանն ակտիվ անօդաչու թռչող սարքեր էր օգտագործում:

 

«Մտահաղացում եղավ Հայաստանում կազմակերպել գիտաժողովներ, որոնք կարող են խթանել արտասահմանցի գիտնականների հետ համագործակցությունը եւ զարգացնել անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ գիտահետազոտական ուսումնասիրությունները»,- ասել է նա:

 

Միջազգային գիտաժողովները Հայաստանում անցկացնելը Նաիրա Հովակիմյանն անհրաժեշտ է համարում, քանի որ գիտնականները ճանաչում են Հայաստանը, պատրաստակամություն են հայտնում համագործակցել հայ գործընկերների հետ:

Նաիրա Հովակիմյանը Նաիրա Հովակիմյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այսօր մենք աշխարհին կարող ենք ցույց տալ մեր հետաքրքրվածությունը, ակտիվ մասնակցել գիտաժողովներին: Հնարավորություն տալ, օրինակ` ստեղծագործական արձակուրդներ անցկացնել մեզ մոտ եւ հետազոտություններ անել Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի լաբորատորիայում: Մենք պետք է ստեղծագործական դաշտ բացենք արտասահմանից եկող գիտնականների համար»:

 

ICNPAA համաժողովի կազմակերպիչ եւ նախագահ, պրոֆեսոր Սինիթ Սիվան Մեդիամաքսին ասել է, որ կան շատ հայեր, որոնք աշխատում են շատ արագ զարգացող դաշտում՝ Գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) ոլորտում, ինչը կարեւորում է համաժողովը:

Սինիթ Սիվան  Սինիթ Սիվան

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս համաժողովի արդյունքում հայ եւ արտասահմանցի գիտնականների միջեւ կարող են բազմաթիվ ապագա համագործակցություններ ծնվել: Կան շատ մարդիկ, որոնք հետազոտություններ են անում գիտության եւ ճարտարագիտության ոլորտում, եւ մենք ակնկալում ենք, որ համաժողովն արդյունավետ կլինի նրանց համար: Սա հնարավորություն կտա խթանել համագործակցությունը արդյունաբերության եւ գիտության, ինչպես նաեւ տարբեր ճյուղերի գիտնականների միջեւ: Հայաստանը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս ուղղությանը, բազմաթիվ դրամաշնորհներ կան, որոնք կարող են ստանալ հայ երիտասարդ գիտնականներն ու մրցունակ լինել աշխարհում»,- ասել է նա:

 

Համաժողովի մասնակից, Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի (Technion) Համատեղ ավտոնոմ համակարգերի լաբորատորիայի ղեկավար, պրոֆեսոր Թալ Շիման Մեդիամաքսին ասել է, որ նման գիտաժողովները Հայաստանի գիտնականների համար շատ լավ հնարավորություն են ծանոթանալու գիտական համաշխարհային ձեռքբերումներին, սովորել արտասահմանցի գիտնականներից եւ նաեւ նրանց ներկայացնել իրենց աշխատանքները:

Թալ Շիման  Թալ Շիման

Լուսանկարը` Մեդիամաքս

ԱԹՍ-երի արտադրությամբ առաջատար Իսրայելի գիտնականները, եւ մասնավորապես՝ Technion-ը, պրոֆեսոր Թալ Շիմայի խոսքով, կարող են առաջարկել իրենց փորձը.

 

«Մեր ինստիտուտը սիրով կընդունի հայ ուսանողներին ու հետազոտողներին եւ կհամագործակցի նրանց հետ: Հայ գիտնականներից ոմանք այսօր աշխարհում լավագույններից են, եւ Հայաստանը պետք է ներդրումներ կատարի գիտության մեջ, համալսարանները եւ ակադեմիական որակյալ կրթությունը հասանելի դարձնի երիտասարդներին: Ամենը, ինչի կարիքն ունեք, մարդիկ են եւ նրանց ռեսուրսները»:

 

ԱԹՍ-երի արտադրություն. գիտության վրա հիմնվելու կարեւորությունը

 

Նաիրա Հովակիմյանը կարեւորել է Հայաստանում այս ուղղության զարգացումը մի քանի հանգամանքներով. «Խորհրդային ժամանակներից Հայաստանն, ավանդաբար, ունեցել է շատ զարգացած տիեզերական եւ ավիացիոն հետազոտությունների կենտրոններ: Ինչ-որ հատվածներ դեռ պահպանվել են: Հիմա սա շատ արդիական է նաեւ այն պատճառով, որ Հայաստանը պատերազմող երկիր է, մեզ հարկավոր է, որ երիտասարդներն ու գիտահետազոտական կազմակերպությունները խորը ձեւով մտածեն, թե ինչպես կարելի է նման հետազոտություններ կատարել ժամանակակից մեթոդներով եւ համընթաց լինել համաշխարհային գիտական ձեռքբերումների հետ»:

 

Նաիրա Հովակիմյանը նկատել է, որ մի կողմից Հայաստանն ունի նոր ձեւավորվող ռազմաարդյունաբերություն, մյուս կողմից՝ մի քանի փոքր ընկերություններ, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր.

 

«Լավ կլինի, որ այդ փորձարկումներն ու արտադրությունները հիմնված լինեն գիտության վրա եւ գիտականորեն ճիշտ ձեւով արվեն: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում մենք ունենք ժամանակից լաբորատորիա, որը տեխնոլոգիաների հագեցվածության առումով ոչ մի բանով չի զիջում աշխարհի առաջատար լաբորատորիաներին: Այնպես որ, երկրի խնդիրը պետք է լինի օգտագործել նման լաբորատորիաների եւ գիտաժողովների հնարավորությունները, ուսումնասիրություններում ընդգրկել տարբեր սերունդների գիտնականներին, որպեսզի կարողանանք գիտությունը ճիշտ կապել պրակտիկայի հետ»:

 

Ինչպես հետխորհրդային բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, ըստ Նաիրա Հովակիմյանի, գիտությունն ու արտադրությունն իրարից կտրված են եղել եւ սա մեծ խնդիր է նաեւ այսօր: Հայկական այն ընկերությունները, որոնք փորձում են արտադրել անօդաչու թռչող սարքեր, գիտությանը չեն վստահում եւ համարում են, որ ամեն ինչի պետք է հասնեն փորձարկումների միջոցով, իսկ գիտությամբ զբաղվողները, իրենց հերթին, հեռու են պրակտիկայից: Մինչդեռ արտասահմանում այսօր գիտությունն արտադրական խնդիրներին հարմարեցված է զարգանում:

 

«Արտասահմանում գիտությունից մինչեւ անօդաչու սարքի թռիչք կապը զրո վայրկյան է: Մենք ամեն ինչ անում ենք սերտ համագործակցելով, իսկ Հայաստանում համակարգերն իրարից անջատված են եղել, եւ այդ պատմական թերությունը մինչ օրս շարունակվում է: Երբ խոսում եմ նորաստեղծ ընկերությունների հետ, զգում եմ, որ բավականաչափ տեղեկացված չեն գիտական վերջին նորություններին եւ չեն կարողանում ճիշտ արժեւորել գիտության դերը պրակտիկայում: Եթե, օրինակ, իմ հոդվածները կարդաք, առաջին հայացքից չեք պատկերացնի, թե դրանք ինչ կապ ունեն թռիչքների հետ, բայց այդ թեորեմներն ու ապացույցները թռչող սարքերի հիմքն են: Հայաստանում մարդիկ կարծում են, որ մաթեմատիկան մի բան է, թռիչքի փորձարկումն՝ այլ բան: Բայց այդպես չէ իրականում, եւ այդ բացը լրացնելու համար Հայաստանում պետք է ավելի ու ավելի շատ գիտաժողովներ անել», - պնդում է Նաիրա Հովակիմյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին