Նաիրա Հովակիմյան. «Կարելի է ԱԹՍ-ով զբաղվող թիմ ստեղծել» - Mediamax.am

exclusive
23346 դիտում

Նաիրա Հովակիմյան. «Կարելի է ԱԹՍ-ով զբաղվող թիմ ստեղծել»

Նաիրա Հովակիմյանը
Նաիրա Հովակիմյանը

Լուսանկարը` Ն. Հովակիմյանի արխիվից

Լուսանկարը`


Մեդիամաքսի հարցազրույցը Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիայի (Intelligent Robotics Lab) տնօրեն Նաիրա Հովակիմյանի հետ

Նաիրա Հովակիմյանի մասին Մեդիամաքսն առաջին անգամ գրեց 2012 թվականին՝ ներկայացնելով նրան մեր «50 գլոբալ հայերը» խորագրի շրջանակում: Այնուհետեւ շարունակել ենք հետեւել տաղանդավոր հայ գիտնականի հաջողություններին՝ մեկ տարի առաջ գրեցինք, որ Նաիրա Հովակիմյանը գլխավորել է Իլինոյսի համալսարանին կից Խելացի ռոբոտատեխնիկայի լաբորատորիան, իսկ 2015 թվականի դեկտեմբերին մեջբերեցինք The New York Times-ի հոդվածը՝ Նաիրա Հովակիմյանի թռչող սարքերի մասին:

 

- Ապրիլյան «քառօրյա պատերազմից» հետո Հայաստանում ամենաքննարկվող հարցերից մեկը անօդաչու թռչող սարքերի եւ այլ տեխնոլոգիական զինատեսակների անհրաժեշտությունն է: Արդյո՞ք Հայաստանը շանս ունի այդ նորագույն սարքավորումները եւ զենքերը նախագծել ու արտադրել Հայաստանում։ Դուք ծանոթ եք այս ասպարեզի Հայաստանի գիտական ներուժին՝ ունե՞նք մարդիկ եւ ընկերություններ, որոնք կարող են այդ խնդիրն ինչ-որ չափով լուծել։

 

-Կարծում եմ, կան մարդիկ, որոնք կարող են քայլեր ձեռնարկել եւ ինչ-որ չափով լուծել այդ խնդիրը։ Բայց ձեր մատնանշած «ինչ-որ չափովը» շատ տեղին է, որովհետեւ կան մարդկային եւ ֆինանսական ռեսուրսների հարցեր։

 

Այսօր Հայաստանում, ինչպես շատ է պատահել մեր պատմության ընթացքում, մարդկային ռեսուրսի պակաս կա, ինչի պատճառով մենք աշխարհում չենք կարողանում անել այն, ինչն անում են, օրինակ, հրեա մասնագետներն ու գիտնականները։

Լուսանկարը` The University of Illinois at Urbana-Champaign

Հայաստանում մի քանի ընկերություններ եմ տեսել, որոնք զբաղվում են նման գործով, բայց, կրկնեմ, ռեսուրսների եւ ժամանակի խնդիր կա: Պետք է հասկանալ, որ անգամ եթե այդ աշխատանքները ճիշտ ձեւով կազմակերպվեն, արդյունքը շատ արագ տեսանելի չի լինի:

 

Շատ կարեւոր է նաեւ լուծել մասնագետներին դրսում վերապատրաստելու հարցը: Հայ գիտնականներին պետք է հնարավորություն ընձեռել մեկնել կոնֆերանսների եւ համագործակցել արտերկրի գիտնականների հետ, որպեսզի գիտություն-կիրառություն կապը շատերի համար հասկանալի դառնա: Հայաստանում պետք է գիտության ֆինանսավորում ապահովել լուրջ մակարդակի վրա, հրավիրել դրսի լուրջ մասնագետների, որոնք տեղում կկիսվեն իրենց փորձով: Փորձի փոխանակման ծրագիր է պետք մշակել եւ իրականացնել:

 

- Ենթադրենք, որ կա գործընթացը սկսելու պատրաստակամություն: Արդյո՞ք, պետք է ստեղծվի մի թիմ, որտեղ տարբեր կազմակերպությունների ներկայացուցչություններ կներգրավվեն, իսկ պաշտպանության նախարարությունը հանդես կգա որպես պատվիրատու եւ տեխնիկական առաջադրանք ներկայացնող։ Նման ֆորմատով արդյունավետ կլինի՞ աշխատանքը կազմակերպել։

 

- Կարծում եմ, նման խումբ ձեւավորելու եւ դրանում Հայաստանի եւ այլ երկրներում աշխատող հայերին ներգրավվելու գաղափարը կարող է արդարացված լինել:

 

- Մի բան է նախագծել ինչ-որ սարք կամ հակառակորդի սարքին հակազդելու միջոց, այլ բան է՝ դա կանոնավոր կերպով եւ որակով արտադրել։ Իրատեսակա՞ն է ակնկալել, որ Հայաստանը կկարողանա սեփական արտադրությունը ծավալել։

 

-Դա հնարավոր է, բայց պետք է հասկանալ, որ դա տարիների, այլ ոչ թե ամիսների գործ է: Այդտեղ անհնարին բան չեմ տեսնում։

 

-Դուք խոսեցիք թրեյնինգների մասին։ Այդ շուկայի համաշխարհային առաջատարները պատրաստ կլինե՞ն կիսվել իրենց փորձով:

 

- Որեւէ հզոր երկրի արտադրողների հետ պաշտոնական համագործակցություն փնտրելն, իհարկե, անիմաստ է, սակայն կարելի է անհատ մասնագետների հետ համագործակցել։

Լուսանկարը` The University of Illinois at Urbana-Champaign

- Վերջին օրերին IT ոլորտի մի քանի ընկերություններ եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին: Ի՞նչպես է պետք կազմակերպել աշխատանքը, որ նման իրավիճակները չկրկնվեն: Կարելի է նաեւ կարծիք լսել, որ IT-ընկերություններն այս աշխատանքը չպետք է դիտարկեն զուտ որպես առեւտրային պատվեր ստանալու հնարավորություն, այլեւ հայրենասիրական մղումներ հանդես բերեն:

 

-Բնական է, որ ցանկացած մասնավոր ընկերություն ունի բիզնես-մոտիվացիա, եւ դրանում նրան մեղադրելն անմիտ է: Եթե ընկերությունները շահութաբեր չլինեն, կկորցնեն իրենց լավագույն մասնագետներին, իսկ այսօր մասնագետից ավելի թանկ բան աշխարհում չկա։ Սակայն այդ սկզբունքը միանշանակ է խաղաղ պայմաններում, իսկ պատերազմի ժամանակ իրականությունն ու մոտեցումներն այլ են։

 

Պատերազմի ժամանակ լավ մասնագետը, միգուցե պատրաստ լինի հայրենասիրական մղումով աշխատել եւ սովորականից քիչ վարձատրվել։

Թիմ կազմակերպելն ու այն առաջ տանելը հնարավոր է։ Կարծում եմ նաեւ, որ տարբեր բիզնես-լիդերների կապերի շնորհիվ հնարավոր կլինի նաեւ համեմատաբար մատչելի գներով արտադրող ընկերություն գտնել։

 

- Իսրայելում շատ սթարթափեր ու տեխնոլոգիական ընկերություններ «ծննդով» բանակից են։ Բանակի համար պատվերներ կատարելով, ստեղծելով զուտ ռազմական պրոդուկտներ, այդ փորձն այնուհետեւ կարողանում են նաեւ քաղաքացիական կյանքում կիրառել, եւ ըստ էության, այդտեղ էլ շահութաբեր դառնալ։ Կարո՞ղ է նման մոդելը Հայաստանի դեպքում էլ աշխատել։

 

-Իհարկե։ Ես, ինչպես եւ շատ ուրիշ գիտնականներ, ԱՄՆ-ում երկար տարիներ գիտությամբ զբաղվել եմ ռազմաօդային ուժերի, NASA-ի դրամաշնորհներով: Նման աշխատանքում մենք մնում ենք բուն ինժեներիայից (engineering) կտրված եւ ձեւակերպում ու ապացուցում ենք թեորեմներ, որոնցով երիտասարդներին գիտական աստիճան ենք շնորհում:

 

Ուզում եմ հստակեցնել, որ ակադեմիական համակարգում իմ աշխատանքի պրոդուկտը աստիճան շնորհելն է եւ ոչ թե արտադրությամբ զբաղվելը: Բայց այսօր Ամերիկայում ավելի շատ դրամաշնորհների հնարավորություններ ենք ստանում ոչ թե այդ կառույցներից, այլ հասարակությանն օգտակար ուղղությունների համար աշխատող կազմակերպություններից: Մաթեմատիկան կիրառելի է ամենուրեք հավասարաչափ, պետք է պարզապես խնդիրները ձեւակերպել համապատասխան ձեւով:

 

Բայց այստեղ կա մի կարեւոր հանգամանք, մի մեծ «բայց» կա, որին մարդիկ պետք է անպայման իրազեկ լինեն։ Երբ աշխատում ենք ռազմաարդյունաբերության գրանտներով, գոյություն ունի մեկ շարժիչ՝ անվտանգությունն է։ Երբ NASA-ն կամ ռազմաօդային ուժերն են փորձարկումներ անում, նրանք շեշտը դնում են անվտանգության վրա եւ պատրաստ են դրա դիմաց վճարել: Երբ կենցաղ ենք մտնում եւ ցանկանում ենք նույն գիտությունը կիրառել այնտեղ, տեսնում ենք, որ այդ գինը ընդունելի չէ։ Սովորական մարդիկ նման բարձր գին չեն վճարի։

Լուսանկարը` U.S. Air Force

Օրինակ՝ ռազմական ԱԹՍ-ը հենց այնպես չեն կարող հարմարեցնել գյուղատնտեսական խնդիր լուծելու համար։ Սարքն, իհարկե, առաջադրանքը կլուծի, բայց այդ գինը գյուղացու համար ընդունելի չի լինի։ Այսինքն, մենք պետք է լուծումներ ստանանք՝ ավելի էժան տեխնոլոգիաներով աշխատելով։ Եվ հենց այս հարցը լուծում է գիտությունը:

 

- Կա մեկ այլ կարեւոր խնդիր՝ մենք հաճախ չենք հավատում, որ մենք կարող ենք հասնել մեծ արդյունքների։

 

- Այսօրվա ամենակարեւորը խնդիրն ՝ Հայաստանի երիտասարդ ուղեղներին խրախուսել եւ հավատացնել նրանց, որ հնարավոր է հասնել մեծ արդյունքների՝ կենտրոնանալով գիտության եւ տեխնոլոգիաների վրա: Հուսամ, մենք կարող ենք ունենալ մոտիվացված ուսանողների մի «բանակ», որը կխորանա ֆունդամենտալ տեխնոլոգիաների մեջ, որն էլ ծնունդ է տալիս համարձակ եւ արագ աճող արդյունաբերությանը:

 

Տարիներ են հարկավոր այնպիսի մաթեմատիկոս կրթելու համար, որն ունակ կլինի մեծ մարտահրավերներին դիմակայելու լուծումներ պատկերացնել: Իմ մեծ ցանկությունն ու հույսն է, որ մենք ունենանք 10-20-30 պայծառ գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ, որոնք ամենառաջավոր տեխնոլոգիաները կուսանեն աշխարհի թոփ համալսարաններում: Ես լրիվ իրական եմ համարում մի քանի տարվա ընթացքում պատրաստել մոտ 100 համաշխարհային մակարդակի գիտնականներ, որոնք կաշխատեն Հայաստանում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաները:

 

Ճիշտ ներդրումների դեպքում հնարավոր է Հայաստան ետ բերել հեռացած տաղանդավոր գիտնականներին, որոնք էլ կդառնան այն կորիզը, որի շուրջ կսկսվի հայկական գիտության վերածնունդը: Աշխարհն այսօր փոխկապակցված է, եւ մենք պետք է դրա մասնակիցը լինենք, տանք ու վերցնենք: Լավ սկիզբ կարող է դառնալ գիտության ֆինանսավորման մակարդակը ՀՆԱ-ի ներկայիս 0.26%-ից հասցնել 5%-ի: Դրա շնորհիվ իսկապես այլ իրականություն կձեւավորվի:

 

Նաիրա Հովակիմյանի հետ զրուցել է Արա Թադեւոսյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին