Շոյգուն հասկացրել է, որ Մոսկվան չի զիջելու Հայաստանի երկաթուղու կոնցեսիան - Mediamax.am

Փետրվար 19, 2026
227 դիտում

Շոյգուն հասկացրել է, որ Մոսկվան չի զիջելու Հայաստանի երկաթուղու կոնցեսիան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն «չմշակված որոշում» է որակել «Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինելու Ռուսաստանին երկաթուղու կառավարման գործում»։

«Չեմ գնահատի այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ կերպով և երկար ժամանակ աշխատում է Հայաստանում՝ ոչ ամենապարզ պայմաններում»,– նշել է Շոյգուն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

 

«Վերջերս մեկնաբանել էի Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ միջուկային ոլորտում համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Արդյո՞ք նման, դիվանագիտական լեզվով ասած, չմշակված որոշումները չեն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի սովորական քաղաքացիները։ Գրեթե երկու տասնամյակի ընթացքում ձևավորված համակարգը կարող է պարզապես մեկ ակնթարթում կոտրվել։

 

Դրա համար, բնականաբար, պատասխանատվություն չի ստանձնի ոչ մի «բարեկամ երկիր»։ Հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը ելնելու է բացառապես իր քաղաքացիների շահերից»,– հայտարարել է Շոյգուն։

 

Այդպես է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ըստ որի՝ ռուսական կողմը կարող է քննարկել հայկական երկաթուղու որոշ հատվածների կոնցեսիայի վաճառքը Ռուսաստանի եւ Հայաստանի համար բարեկամական պետություններից մեկին, մասնավորապես Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Քաթարին։

 

Սերգեյ Շոյգուն հիշեցրել է, որ գրեթե 20 տարի «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն «պատասխանատու կերպով կատարում է կոնցեսիոն պայմանագրի դրույթները, այդ թվում՝ ներդրումներին վերաբերող»։

 

Նրա խոսքով՝ այդ ընթացքում հայկական երկաթուղային համակարգում ներդրումների ծավալը գնահատվում է ավելի քան 30 մլրդ ռուբլի։

 

«Ու հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության կոնցեսիայի ներքո վախեցնում է հնարավոր գործընկերներին՝ խոչընդոտելով տարածաշրջանային ծրագրերին, և մտորում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը Ռուսաստանի և Հայաստանի հանդեպ բարեկամ երկրի փոխանցելու մասին»,– նկատել է Շոյգուն։

 

«Ընկերության ներդրումը հանրապետության տնտեսությունում դժվար է գերագնահատել. Հայաստանի կարիքների համար բոլոր կարևոր բեռները փոխադրվում են Հարավ-Կովկասյան երկաթուղու» կողմից։ Երկաթուղին նաև ռազմավարական դեր է կատարում՝ ապահովելով ծովին ելք չունեցող երկրի տրանսպորտային կապը»,– նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ 




Մեր ընտրանին