Փաշինյան. ՌԴ-ի եւ Իրանի հետ երկաթուղային կապ ենք ստանում, որը 30 տարի չի եղել - Mediamax.am

294 դիտում

Փաշինյան. ՌԴ-ի եւ Իրանի հետ երկաթուղային կապ ենք ստանում, որը 30 տարի չի եղել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ստորագրված նախագծով Հայաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ է ստանում, որը 30 տարի չի ունեցել»։

«Այս պահին գոյություն ունեցող երկաթուղային ուղիները գտնվում են Ռուսաստանի կառավարման ներքո, եւ գուցե հետաքրքրություն առաջանա Ռուսաստանի համար ներդրում իրականացնել Իջեւան-Հրազդան, Իջեւան-Ղազախ երկաթուղին վերականգնելու մասով։ Իհարկե, այստեղ անհրաժեշտ կլինի նաեւ Ադրբեջանի համաձայնությունը։

 

 

Մենք երկաթուղային կապ ենք ստանում նաեւ Իրանի հետ, որը էլի շատ կարեւոր է եւ մենք չենք ունեցել։ Մենք երկաթուղային կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, նաեւ՝ լաստանավային սցենարով։ Չինաստանն է ստանում նոր երկաթուղային ճանապարհ դեպի Արեւմուտք, որն այս պահին չունի։ Ուստի շատ էական է, թե հարցին, որ դիտանկյունից կնայենք»,-ԱՄՆ մայրաքաղաք Վաշինտոնից, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Նրա խոսքով՝ կա մեկնաբանություն, որ փաստաթուղթը խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի կամ Իրանի շահերի համար.

 

«Բայց գուցե նույն այս նախագիծը կարող է լավ հնարավորություն դառնալ որպեսզի տնտեսական համագործակցություն սկսվի Իրանի եւ ԱՄՆ–ի հետ, Ռուսաստանի եւ ԱՄՆ–ի հետ։

 

Այս նախագիծը կարող է որոշակի անսպասելի, բայց պոզիտիվ գործընկերության տեղ դառնալ, եւ «Խաղաղության խաչմերուկը» սրանով կարդարանա, որովհետեւ այն երկրները, որոնք խնդիրներ ունեն, գուցե ստանան հնարավորություն գործակցելու ՀՀ-ում եւ Հարավային Կովկասում»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին