Իսրայելը հարվածել է Իրանին - Mediamax.am

879 դիտում

Իսրայելը հարվածել է Իրանին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր վաղ առավոտյան Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին եւ ռազմական ենթակառուցվածքին:

Իսրայելի ժամանակով ժամը 03:00-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է արտակարգ դրություն, որից հետո Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Իրանին:

 

Բազմաթիվ իրանական օբյեկտներ են թիրախավորվել, մասնավորապես, Իրանի հիմնական ուրանի հարստացման հաստատությունը Նաթանզում, միջուկային օբյեկտներ Խոնդաբում եւ Խորամաբադում, Պարչին ռազմական համալիրը, միջուկային զենքի հետազոտական հաստատությունը Թեհրանի մոտակայքում, ռազմական զորամասեր եւ ենթակառուցվածք Թեհրանի մերձակայքում, բալիստիկ հրթիռների արտադրական հաստատություններ:

 

Տեղեկություններ կան Իրանի օդային պաշտպանության բոլոր չորս S-300 SAM համակարգերի ոչնչացման մասին:

 

Իսրայելը հաղորդում է, որ հարվածների հետեւանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխական պահապանների կորպուսի ղեկավար Հուսեյն Սալամին եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին:

 

Իրանը հայտնում է Թեհրանում քաղաքացիական զոհերի մասին:

 

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ հարվածների նպատակն է «վնաս հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, բալիստիկ հրթիռների գործարաններին եւ ռազմական կարողություններին»:

 

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ չի մասնակցել հարվածներին: 

 

ԱՄՆ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է. 

 

«Մենք չենք մասնակցում Իրանի դեմ հարվածներին, եւ մեր առաջնային առաջնահերթությունն է պաշտպանել ամերիկյան ուժերը տարածաշրջանում: Իսրայելը մեզ տեղեկացրեց, որ այդ գործողությունը անհրաժեշտ է համարել ինքնապաշտպանության համար»:

 

Նեթանյահուն հայտարարել է, որ «այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, որքան պետք է այս սպառնալիքը վերացնելու համար»: 

 

Իրանը զգուշացրել էր, որ հարձակման դեպքում պատասխան կհասցնի ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ-ի թիրախներին:

 

Կիրակի օրը Օմանում նախատեսված ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլն այժմ վտանգված է այն դեպքում, երբ նախօրեին ԱՄՆ նախագահ Թրամփը հույս էր հայտնել, որ դիվանագիտական բանակցությունները կարող են «խաղաղ ելք» առաջարկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին