Ալիեւը Փաշինյանի առաջարկն «անիրական» եւ «տարօրինակ» է որակել - Mediamax.am

3213 դիտում

Ալիեւը Փաշինյանի առաջարկն «անիրական» եւ «տարօրինակ» է որակել


Լուսանկարը` https://iravaban.net/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «բոլորովին անիրատեսական» է անվանել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկը՝ առանց վիճահարույց հարցերի համաձայնեցման։

«Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ Ալիեւն այդ մասին ասել է Բելգիայի դեսպան Ժուլիեն դե Ֆրեպոյի հետ հանդիպմանը։

 

«Պետության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերն ունեն հավասար նշանակություն, մեկը մյուսից չի կարելի տարանջատել։ Նախագահը հայտարարել է, որ տարօրինակ եւ բոլորովին անիրատեսական է համարում Հայաստանի կառավարության առաջարկը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

 

Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է չեզոք դիրքորոշում պահպանի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի կարգավորման հարցում։ Նա նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը անվստահություն է առաջացրել Բաքվի կողմից։ Ալիեւի խոսքերով, «հեռադիտակային դիվանագիտությունը» դուրս է քաղաքական մշակույթի սահմաններից։

 

Հոկտեմբերի 8-ին Մոսկվայում ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել էր.

 

«Ե՛վ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեւաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։

 

Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետեւյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե խաղաղություն, եւ շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին եւ կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարեւոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն եւ պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն:

 

Ավելին, ստորագրված եւ վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։

 

Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջեւ խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու եւ հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։

 

Այս բոլոր հարցերի ձեւակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, եւ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, եւ սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին