Փաշինյանն ասել է, որ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են - Mediamax.am

4621 դիտում

Փաշինյանն ասել է, որ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման եւ խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են»:

«Եթե կողմերը հավատարիմ են մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության ու հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական։

 

Առաջին սկզբունքն է՝ ճանաչել Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Շահարկումների առարկա են դարձել 29 800կմ² եւ 86 600կմ² թվերը, որոնք վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական  ԽՍՀ տարածքների մասին արձանագրումները: Այնտեղ գրված է Հայաստանի Հանրապետություն՝ 29 800կմ² եւ Ադրբեջանական Հանրապետություն՝ 86 600կմ²»,- ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Նա մանրամասնել է, որ երկրորդ սկզբունքն է դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի համաձայնագրի հիման վրա եւ երրորդը՝ բացել տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա, որոնք պետք է գործեն փոխադարձության եւ հավասարության հիմունքներով:

 

«Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում սահմանին պետք է ապահովի մաքսային հսկողություն, ինչպես նաեւ ապահովի կոմունիկացիաների անվտանգությունը», - հավելել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր կրողների համար առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի:

 

«Ենթակառուցվածքային առումով զգալի աշխատանք ենք կատարել: Վերազինել ենք Մարգարայի անցակետը եւ հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- եզրափակել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին