Ալեն Սիմոնյան. «Ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը» - Mediamax.am

3275 դիտում

Ալեն Սիմոնյան. «Ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը»


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները»:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- Դուբլինում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը:

 

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն:

 

«Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի:

 

Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին