Շառլ Միշելը «կարեւոր քայլ» է համարել Աղդամ-Ասկերան երթուղու բացումը - Mediamax.am

1857 դիտում

Շառլ Միշելը «կարեւոր քայլ» է համարել Աղդամ-Ասկերան երթուղու բացումը


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Եվրոպական Խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կազինջեն սեպտեմբերի 12-ին նոր հայտարարություն է տարածել «Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ»։

Հայտարարության մեջ ասվում է.

 

«2023 թվականի սեպտեմբերի 1-ի մեր հայտարարության մեջ հրապարակայնորեն շարադրված տարրերին եւ առաջարկներին համապատասխան՝ նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել այս եւ այլ մոտեցումների առաջմղման գործում՝ կենտրոնանալով լարվածության թուլացման եւ ղարաբաղցի հայերի մարդասիրական իրավիճակի վրա։

 

Մասնավորապես, նախագահ Միշելը վերջին օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել ինչպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ սեպտեմբերի 9-ին կայացած հեռախոսազրույցների ժամանակ, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ սեպտեմբերի 10-ին, Նյու Դելիում G20 գագաթնաժողովի շրջանակներում:

 

Այս ջանքերը, որոնց աջակցում էին նախագահի գրասենյակի եւ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ամենօրյա շփումները Բաքվի, Երեւանի եւ Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ, ուղղված էին լուծումների մշակմանը լարվածության թուլացման եւ ղարաբաղցի հայերին մարդասիրական հասանելիությունը ապաշրջափակելու համար:

 

Այս համատեքստում մենք նշում ենք ռուսական հումանիտար բեռների անցումը Աղդամ-Ասկերան ճանապարհով։ Մենք հասկանում ենք զգայունությունը այս զարգացման շուրջ եւ հույս ունենք, որ այն խթան կհանդիսանա տեղի բնակչությանը կանոնավոր մարդասիրական մատակարարումների վերսկսման համար:

 

Իրավիճակը տեղում արագորեն վատանում է. Չափազանց կարեւոր է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը ղարաբաղցի հայերին։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարեւոր քայլ է, որը պետք է նպաստի նաեւ Լաչինի միջանցքի բացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն եւ ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործումը։

 

Տեղում ստեղծված բարդ իրավիճակը չափազանց երկար է տեւել, այժմ կարեւոր է գտնել կայուն եւ փոխընդունելի լուծումներ՝ աշնան եւ ձմեռային ժամանակաշրջաններին ընդառաջ մարդասիրական հասանելիությունն ապահովելու համար:

 

Վերահաստատում ենք մեր հաստատակամ համոզմունքը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ պայմանավորվածությունների եւ Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն, եւ ընդգծում ենք մեր համոզմունքը մատակարարման այլ ուղիների օգտակարության վերաբերյալ՝ ի շահ տեղի բնակչության:

 

ԵՄ-ն ակնկալում է, որ այսօրվա իրադարձություններին առաջիկա օրերին եւ շաբաթներին կհետեւեն ավելի կոնկրետ քայլեր, այդ թվում՝ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ իրենց իրավունքների եւ անվտանգության շուրջ երկխոսության, հաշտեցման ջանքերի եւ հայ-ադրբեջանական ընդհանուր խաղաղության գործընթացի վերաբերյալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին