Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրադրության նոր սրում ունենք»:
«Նախորդ կիրակի Ադրբեջանի զինվորականները դարանակալել ու հարձակվել են Հին շեն ու Մեծ շեն գյուղեր ուղեւորվող ոստիկանների վրա, որոնցից երեքը զոհվել է:
Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում. առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումն ու նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելը:
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն արդեն հայտարարել է, որ պատրաստ է շարունակելու խոսակցությունն Ադրբեջանի հետ, ինչը չափազանց կարեւոր է: Անհրաժեշտ է ստեղծել միջազգային հուսալի մեխանիզմներ, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան եւ ինստիտուցիոնալ խոսակցությունը տեղի ունենա», - կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարտի 5-ի սադրանքի մյուս նպատակն է ստեղծել կեղծ «ապացույցներ», թե Հայաստանից Լեռնային Ղարաբաղ զենք եւ զինամթերք է տեղափոխվում:
«Այս թեման Ադրբեջանի համար հատկապես կարեւոր է Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը»,- հիշեցրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում ավելի սրելու համար:
«Ավելի հրատապ է դառնում ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը եւ ԼՂ ժողովրդին էթնիկ զտումների եւ ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները»,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: