Երեւան, Մեդիամաքս: Քաղաքական տեխնոլոգ եւ բլոգեր Դավիդ Էյդելմանը հայտարարել է, որ Ադրբեջան մեկնած իսրայելական պատվիրակության անդամներից ոչ մեկը չի խոսել 1918թ. հայերի կողմից հրեաների կանխամտածված ցեղասպանության մասին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Դավիդ Էյդելմանը, ով մարտի 27-31-ը Ադրբեջան էր այցելել իսրայելացի լրագրողների ու քաղտեխնոլոգների խմբի կազմում, այդ մասին ասել է IzRus պորտալի հետ հարցազրույցում:
Մեկնաբանելով հայաստանյան մամուլի հրապարակումները` Դավիդ Էյդելմանն ասել է, որ այդպիսի հայտարարություններ չեն արել նաեւ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները:
Նրա խոսքերով, ոչ մի հիմք չկա խոսելու 1918թ. հրեաների դեմ հայկական կանխամտածված էթնիկական զտումների մասին: «Դա չի հայտարարել ոչ պաշտոնական Ադրբեջանը, ոչ ադրբեջանական պատմաբանները, ոչ Իսրայելից ժամանած լրագրողներն ու քաղաքագետները: Ինչո՞ւ են հայկական մեկնաբանները վիճում իրենք իրենց հետ` իրենց ընդդիմախոսներին վերագրելով այն դատողությունները, որոնք իրենք են հնարել»,- ասել է Դավիդ Էյդելմանը:
Դավիդ Էյդելմանի հարցազրույցի ամբողջական տեքստը հասանելի է http://izrus.co.il/dvuhstoronka/article/2011-03-21/13739.html հասցեով: