Պուտին. Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովմանը - Mediamax.am

3919 դիտում

Պուտին. Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովմանը


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության ապահովման գործում։

«Ռուսաստանը ավանդաբար, եթե նայենք պատմությանը, ուշադրություն է դարձրել այս ուղղությամբ կայունությանը եւ հնագույն ժամանակներից աջակցել է մեր հայ բարեկամներին հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով։

 

«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, ապա մենք այսօր անում ենք հնարավոր ամեն ինչ Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների համապարփակ եւ համալիր կարգավորման հասնելու համար։ Մենք հսկայական քանակությամբ կապեր ունենք եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի հետ, եւ դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Իհարկե, բոլորս էլ բավականին ծանր վիճակում ենք, սակայն մենք չենք կարող մի կողմ քաշվել Ռուսաստանի բարեկամ պետությունների միջեւ առկա խնդիրներից ու հակասություններից եւ միշտ պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Մենք շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ եւ կայուն զարգացող տարածաշրջան։

 

Անկասկած, խաղաղության հասնելու միակ հնարավոր եւ իրատեսական ճանապարհը կարող է լինել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը։

 

Հենց այդ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կայուն կարգավորմանը։ Մենք դա բազմիցս քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ, եւ որքանով հասկանում եմ, մեր գործընկերը լիովին համաձայն է դրա հետ։ Հարցն այն է, թե ինչպես գտնել լուծումներ: Դա հեշտ չէ, սակայն գտնել այն հնարավոր է միայն այս ճանապարհով: Ապագայում դա հնարավորություն կտա հասնել նաեւ խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասել է Պուտինը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին