Ալիեւը հերքել է Հայաստանի տարածք ներխուժելու մեղադրանքները - Mediamax.am

3809 դիտում

Ալիեւը հերքել է Հայաստանի տարածք ներխուժելու մեղադրանքները


Լուսանկարը` rend.az


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «անհիմն» է անվանել Հայաստանի տարածք ներխուժելու մեղադրանքները։

«Եթե սահմանն անցներ այնտեղ, որտեղ իրենք պնդում են, ապա այնտեղ կվերազինեին սահմանագծերը, կոմունիկացիաները, ինժեներական աշխատանքներ կիրականացնեին։ Նրանք հավատում էին, որ ողջ Ղարաբաղն ու Զանգեզուրը կմնան իրենց վերահսկողության տակ, այդ իսկ պատճառով ադրբեջանա-հայկական սահմանին ոչ մի աշխատանք չէին իրականացնում»,- ասել է Ալիեւը՝ սեպտեմբերի 21-ին Լաչին կատարած այցի ժամանակ։

 

Նրա խոսքով, առանց երկու երկրների սահմանի սահմանազատման, ոչ ոք չի կարող խոսել այն մասին, թե կոնկրետ որտեղով է այն անցնում։

 

«Մենք պատրաստ ենք քննարկումների եւ պատասխանատու ենք վերաբերվում սահմանազատման հանձնաժողովների աշխատանքին։ Հավաքված են բոլոր քարտեզները, ներառյալ 19-րդ, 20-րդ դարերի եւ ավելի վաղ ժամանակաշրջանի: Նրանք հստակ ցույց են տալիս, թե ով ինչ հողի վրա է եղել։ Առանց սահմանազատման ոչ ոք չի կարող մեզ որեւէ բանում մեղադրել»,- հավելել է Ալիեւը։

 

Նա հայտարարել է, որ «սեպտեմբերի 13-ին, ի պատասխան հերթական սադրանքի, ադրբեջանական բանակը կրկին իր տեղը դրեց հակառակորդին»։ «Հուսով եմ, որ ի վերջո դա նրանց համար դաս կլինի։ Որովհետեւ նրանք տեսան, որ մեզ ոչ ոք եւ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

 

Նրա խոսքով, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին զբաղեցնում է շահավետ դիրքեր, որոնք ապահովում են ինչպես ռազմական առավելություն, այնպես էլ մեծ տարածքի տեսողական վերահսկողության հնարավորություն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին