«Կովկասում Թուրքիայի նպատակը Ռուսաստանի դերի ամրապնդումն էր» - Mediamax.am

3737 դիտում

«Կովկասում Թուրքիայի նպատակը Ռուսաստանի դերի ամրապնդումն էր»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջերս ավարտված պատերազմը պլանավորված էր այնպես, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կարողանան անմիջական կապի մեջ մտնել Հարավային Կովկասում, նվազեցնել ամերիկյան ազդեցությունը եւ իրար միջեւ բաժանել այդ տարածաշրջանը:

Այս մասին գրում է The Jerusalem Post թերթի հեղինակ Սեթ Ֆրանցմանը ` «Կովկասում Թուրքիայի նպատակը Ռուսաստանի դերի ամրապնդումն էր» հոդվածում:

 

«Խաղաղ հայերի դեմ հարձակումները Թուրքիայի հերթական հաջող գործողությունը դարձան եւ մեծ հաշվով թուրքական ուժերի օգնությամբ սիրիական Աֆրինում էթնիկ զտումների կրկնությունն էին, երբ 2018-ի հունվարին քրդերը հարկադրված էին փախչել այնտեղից: Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զարգացավ նույնատիպ սցենարով: Թուրքիան ուղարկեց այնտեղ ծայրահեղականների, ովքեր մեղադրվում են մարդկանց դաժան սպանությունների համար»,- ասվում է հոդվածում:

 

Սեթ Ֆրանցմանը պնդում է, որ «պատերազմը, որը Թուրքիան հրահրեց Ադրբեջանում, նշանավորեց Կովկասում ԱՄՆ ներգրավվածության ավարտը»:

 

«Չնայած Թուրքիան համոզում էր բոլորին, որ այս պատերազմն անհրաժեշտ է Իրանին եւ Ռուսաստանին դիմակայելու համար, իրականում Անկարան համագործակցում էր Թեհրանի եւ Մոսկվայի հետ: Արդյունքում մենք ստացանք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի վերահսկողության ուժեղացում եւ Հարավային Կովկասի անկախ պետությունների թուլացում:

 

Այն պնդումները, որ Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունին դատապարտված է փլուզման՝ Օսմանյան, Պարսկական եւ Ռուսական կայսրությունների նպատակների պատմական տարաձայնությունների պատճառով, պատմության սխալ ընթերցում է: Իրականում նրանք պատրաստ են համատեղ աշխատել Արեւմուտքի ընդհանուր թշնամիների դեմ կամ իրենց ավտորիտար եւ ռազմական օրակարգերը առաջ մղման նպատակով: Նրանք շատ ընդհանրություններ ունեն, քանի որ բոլորն էլ զարգացող տերություններ են, որոնք ձգտում են վերջ դնել Սառը պատերազմի ավարտից հետո ձեւավորված միաբեւեռ աշխարհին, որը ղեկավարում է ԱՄՆ-ը: Վաշինգտոնի այն ներկայացուցիչները, որոնք դիտարկում են Թուրքիան սառը պատերազմի լույսի ներքո, սխալվում են այս երկրի վերջնական նպատակների վերաբերյալ: Անկարայի նպատակն է մշտապես թուլացնել եւ նվազեցնել Միացյալ Նահանգների դերը Մերձավոր Արեւելքում՝ միաժամանակ ավելացնելով Ռուսաստանի եւ Իրանի դերակատարումը»,- ասվում է հոդվածում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին