Թուրքական F-16-ները Ադրբեջանում. Ալիեւը եւ Հաջիեւը հակասում են միմյանց - Mediamax.am

10189 դիտում

Թուրքական F-16-ները Ադրբեջանում. Ալիեւը եւ Հաջիեւը հակասում են միմյանց


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան լրատվամիջոցներում լուսանկարների հրապարակումուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստիպված էր ընդունել իր երկրում թուրքական F-16 կործանիչների առկայության փաստը:

Հոկտեմբերի 8-ին Իլհամ Ալիեւը CNN Arabic-ին տված հարցազրույցում ասել էր եւ մի քանի անգամ կրկնել, որ «F-16 կործանիչները գետնին են գտնվում»:

 

Նա հայտարարել էր, որ դրանք «ժամանել են զորավարժություններին մասնակցելու նպատակով», բայց ոչ մի կերպ չէր բացատրել, թե ինչու են ինքնաթիռները մնացել Ադրբեջանում զորավարժությունների ավարտից ավելի քան մեկ ամիս հետո:

 

 

Իսկ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը շարունակում է պնդել, որ Ադրբեջանում թուրքական F-16-ներ չկան:

 

«Կան առասպելներ ստեղծողներ եւ կան դրանք քանդողներ: Այս դեպքում ես կլինեմ առասպել քանդող: Ադրբեջանը չունի F-16, ոչ գետնի վրա, ոչ էլ մեր օդային տարածքում»,- ասել է Հաջիեւը բրիտանական The Spectator-ին տված հարցազրույցում:

 

Նույն հարցազրույցում Ալիեւի օգնականը հերքել է Ադրբեջանի կողմից կասետային  զենքի օգտագործումը: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրել 2008-ին Օսլոյում կնքված՝ նման զինամթերքի արգելման մասին կոնվենցիան, Հիքմեթ Հաջիեւն ասել էր.

 

«Մենք ձեռնպահ ենք մնում այդ պայմանագրի ստորագրումից, քանի որ հայկական զինված ուժերը լայնորեն օգտագործում են կասետային զինամթերք մեր դեմ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին