Երեւան: Մեդիամաքս: Այս շաբաթ տարածաշրջան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ Գործող նախագահը Ադրբեջանին կրկին կոչ արեցին դիպուկահարներին հեռացնել շփման գծից:
Մեդիամաքսի տվյալներով, պաշտոնական Բաքուն հերթական անգամ մերժումով է պատասխանել:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանում որոշել են դիպուկահարներ պատրաստել արդեն դպրոցական նստարանից:
Ադրբեջանի Կամավոր ռազմահայրենասիրական մարզատեխնիկական հանրապետական խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Նովրուզալի Օրուջեւն ասել է, որ «Ադրբեջանում նախնական մարտական պատրաստության համար գնվել է գերժամանակակից սպառազինություն»:
«Մեծ հետաքրքրություն կա դիպուկահարային դասընթացների նկատմամբ: Ծնողները ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները մասնակցեն դրանց»,- ասել է գեներալը:
Օրուջեւի խոսքերով, դիպուկահարային դասընթացներում հիմնականում օգտագործվելու է Դրագունովի դիպուկահարային հրացանը: «Բացի դրանից, պատանիները սովորելու են ինչպես վարվել ադրբեջանական արտադրության «Իստիգլալ» դիպուկահարային հրացանի հետ»,- ասել է նա: