Կյանքից հեռացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը - Mediamax.am

9505 դիտում

Կյանքից հեռացել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը


Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը
Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: 91 տարեկան հասակում մահացել է Թուրքիայի նախկին նախագահ եւ վարչապետ Սուլեյման Դեմիրելը:

Դեմիրելը Թուրքիայի նախագահն էր 1993-2000 թթ.: 1960-ից 1990 թվականը ընկած ժամանակահատվածում նա մի քանի անգամ զբաղեցրել էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը եւ երկու անգամ հեռացվել էր պաշտոնից զինվորական հեղաշրջումների արդյունքում:

 

1999թ. նոյեմբերին Սուլեյման Դեմիրելը Ստամբուլում հանդիպել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակում:

 

Հանդիպումից հետո Դեմիրելն ասել էր, որ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություների բարելավումը եւ սահմանի բացումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերություների հաջող ընթացքից»:

 

Պատասխանելով Մեդիամաքսի հատուկ թղթակցի հարցին, թե արդյո՞ք կարող է ԱՄՆ-ը միջնորդի դեր ստանձնել Երեւան-Անկարա փոխհարաբերությունների բարելավման գործում, Դեմիրելն ասել էր.

 

«Ուզում եմ նշել, որ Հայաստանի անկախ հանրապետությունը ընդամենը ութ տարվա պատմություն ունի: Սակայն խաղաղության հաստատումը Կովկասում շահավետ է բոլորիս համար, թե Թուրքիայի, թե Հայաստանի, թե Վրաստանի եւ թե Ադրբեջանի»:

 

2007 թվականի Մեդիամաքսին տված բացառիկ հարցազրույցում Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար, դեսպան Օզդեմ Սանբերկն ասել էր.

 

«Երբ Սուլեյման Դեմիրելը 1998 թվականին առաջին անգամ հանդիպեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Թուրքիայի նախագահը հարցրեց նրան. ո՞րն է վեցամյա Հայաստանի Հանրապետության եւ 75-ամյա Թուրքական Հանրապետության միջեւ թշնամության պատճառը: Դեմիրելն առաջարկեց. մենք կարող ենք օգնել ձեր երիտասարդ հանրապետությանն ինտեգրվել աշխարհին, ձեր քաղաքացիներն իրավունք ունեն ավելին ակնկալել ձեզանից 70 անպտուղ տարիներից հետո»:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին