Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:
Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել են Հայեցակարգի հիմնական դրույթները եւ դրանում առկա առանցքային խնդիրների լուծման ուղիները` նշելով, որ նախնական փուլում նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձեւավորել միասնական եւ վերջնական դիրքորոշումներ:
Նախագահը նշել է, որ հնչեցված առանձին հիմնահարցերը պետք է քննարկվեն ոլորտի ներկայացուցիչների եւ քաղաքական ուժերի հետ: Անդրադառնալով պետության կառավարման ձեւին` Սերժ Սարգսյանն ասել է, որ «մեր երկրի համար, զարգացման ներկա փուլում գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է»:
«Ձեր առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանը, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»,- ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավել չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին:
Նախագահը փաստել է, որ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնվի, իր կողմից ղեկավարվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում:
Սերժ Սարգսյանն իր համաձայնություն է հայտնել Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու առաջարկին` նշելով, որ, որպես փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի քննարկումների պատշաճ անցկացման եւ դրանց արդյունքների ամփոփման պատասխանատու գործը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: