Երեւան: Մեդիամաքս: Այսօր Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Սա Հայաստանի նախագահի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնում վերընտրվելուց հետո:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, «բանակցությունների ընթացքում կքննարկվեն բազմակողմանի քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը».
Վլադիմիր Պուտինի նախորդ հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ տեղի էր ունեցել 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում կհանդիպի նաեւ Աբխազիայի առաջնորդ Ալեքսանդր Անկվաբի հետ:
Կարելի է ենթադրել, որ Սարգսյանի եւ Անկվաբի հետ Ռուսաստանի նախագահի հանդիպումների ժամանակ կքննարկվի Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը:
Մեդիամաքսը նշում է, որ 2011 թվականի օգոստոսին Ալեքսանդր Անկվաբը հայտնել էր երկաթուղային տարանցումը Հայաստանի ուղղությամբ բացելու պատրաստակամության մասին::
Ս.թ. հունվարին Աբխազիայի նախագահը «մշուշոտ» էր անվանել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարը` նշելով, որ աբխազական երկաթուղու ամբողջական վերականգնման համար «միլիարդների ներդրումներ» են անհրաժեշտ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: