Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահական ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու եւ իր հանդեպ առկա «Անհաղթահարելի խոչընդոտը» ճանաչելու հայցով:
Այս մասին Մեդիամաքս-ին այսօր հայտնել է Պարույր Հայրիկյանի մամուլի քարտուղար Մայա Այվազյանը:
«ՍԴ դիմելու ժամկետների համար դեռ հանձնարարական չենք ստացել, գուցե այսօր դիմենք»,-ասել է նա:
Նշենք, որ երեկ Պարույր Հայրիկյանին այցելած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ասել էր, որ թեկնածուի կողմից դիմում ստանալուց հետո դատարանը 24 ժամվա ընթացքում պետք է որոշի հայցի քննման գրավոր կամ բանավոր ընթացակարգը, ապա 4 օրվա ընթացքում հայցը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշում կայացնի:
ՀՀ Սահմանադրության համաձայն, «Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Այդ ժամկետում անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու կամ մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքերում անցկացվում է նոր ընտրություն»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: