Երեւան: Մեդիամաքս: The Gallup Organization-ի եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով, հարցված ընտրողների 66%-ը ասել է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ներկայացնելով հարցման արդյունքները` Gallup Europe-ի տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն այսօր նշել է, որ հարցվածների 10%-ը մտադիր է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի, 4%-ը՝ Պարույր Հայրիկյանի, 4%-ը՝ Հրանտ Բագրատյանի օգտին: Մյուս թեկնածուները չեն հաղթահարել 4%-ի շեմը: Հարցվածների 16%-ը դեռ չի որոշել, թե որ թեկնածուին է աջակցելու:
The Gallup Organization-ի՝ հանրային կարծիքի ուսումնասիրման երկրորդ հարցումն անցկացվել է հունվարի 15-ից 23-ը: Հարցմանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող 1020 քաղաքացի:
Ռասա Ալիշաուսկենեն նշել է, որ հայաստանցի ընտրողները բավական մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նախագահական ընտրությունների հանդեպ:
«Հարցվածների 39%-ն ասել է, որ հաստատ ընտրելու է, 43%-ը՝ «հավանաբար կընտրի»: Այսպիսով, քարոզարշավի այս փուլում, հաշվի առնելով տարբեր գործոնները, ընտրություններին սպասվող մասնակիցների թիվը կազմում է մոտ 61%»,- նկատել է Ռասա Ալիշաուսկենեն:
Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանն իր հերթին ասել է, որ հարցման արդյունքները ցույց տվեցին, որ այս ընտրություններում սեփական թեկնածու չառաջադրելու պատճառով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է իր ընտրազանգվածի որոշ մասի աջակցությունը:
Նախագծի երրորդ հարցումը կանցկացվի փետրվարի 9-ին:
Ընտրությունների օրը` փետրվարի 18-ին, ողջ հանրապետության տարածքում կանցկացվի exit poll, որի արդյունքները կհրապարակվեն նույն օրը երեկոյան 20:00-ին:
Հարցումն անցկացվում է «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: