Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»:
«Սա պաշտոնական առաջարկ է:
Եթե մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը: Բայց ԵԱՀԿ ՄԽ-ն առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, եւ մենք ցանկանում ենք համոզված լինել՝ Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածում փակելուն եւ Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ»,- այսօր Ազգային ժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից։
«Ակնհայտ է, որ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս գտնվող որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում եւ դա կյանքի կոչելու համար կոնկրետ գործողությունների են դիմում:
Վերահաստատում եմ՝ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ: Պատերազմի որեւէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը: Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության: Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,- եզրափակել է Փաշինյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: