Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»:
Ըստ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ այդ մասին նա ասել է թուրք լրագրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով Hürriyet Daily News-ի թղթակից Սերքան Դեմիրթացի հարցին:
Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցին Նիկոլ Փաշինյանի պատասխանից (ենթավերնագրերը մերն են-Մեդիամաքս):
Առաջնահերթությունների մեջ չի մտնում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր:
Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը շատ էական է և կարևոր, և այդ հարցերի շուրջ ես ռեժիմով անընդհատ խոսում եմ և Հայաստանում, և արտերկրում, մեր հայրենակիցների հետ։
Այդ քննարկումները և շահարկումները նաև Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, լինում են, խոսք է գնում ուրացման, Մեծ Եղեռնն ուրանալու կամ մոռանալու մասին:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ։
Լարումներ անմիջական միջավայրում
Վերջերս Մյունխենի հայերի հետ հանդիպման ընթացքում ես ասում էի հետևյալը՝ երբ մի հեռավոր երկրի խորհրդարան կամ կառավարություն մի որոշում է ընդունում, մենք այդ որոշումից շատ ոգևորվում ենք։ Երբ որ ոգևորությունն կամ ուրախությունը այդ որոշումից մարում է, հաջորդ պահին հարց է ծագում, իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ։
Նաև այստեղ է, որ հարց է ծագում, որտեղ և ինչպե՞ս մենք պետք է կենտրոնանանք Հայաստանի պետական շահերի սպասարկման վրա, և ինչպե՞ս և որտեղ պետք է մենք կենտրոնանանք մեր իմացած, այդ թվում՝ պատմական ճշմարտությունների ընդգծման և այդ ճշմարտությունների վրա հենվելու վրա։ Որովհետև այն ժամանակաշրջանը, որտեղ այդ մեծ ողբերգությունը տեղի է ունեցել, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանն օրիգինալ երկիր չէ
Այսօր կա Հայաստանի Հանրապետություն, միջազգային ճանաչված պետություն, և միջազգայնորեն ճանաչված այդ պետությունն ունի հնարավորություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը և բարեկեցությունը, բայց դրա համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, և այս առումով Հայաստանն օրիգինալ երկիր չէ։ Եվ ես նորից մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծում էի այդ շեշտը, ասում էի տեսեք՝ ինչքան բոլոր երկրները և մենք բոլորս կարևորում ենք խաղաղությունը, բայց խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային երևույթ է։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Սահմանադրությունում արևմտյան Հայաստան արտահայտություն չկա
Մեր Սահմանադրությունում արևմտյան Հայաստան արտահայտություն չկա, արևմտյան Հայաստան արտահայտություն կա այլ տեղերում, բայց Սահմանադրության մեջ չկա: Ես բոլորին վերջերս մի եթերով հրապարակային հայտարարեցի, որ իմ ընկալմամբ՝ արևմտյան Հայաստանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզն է, և Արմավիրի մարզի և Շիրակի մարզի կոնկրետ բնակավայրեր։
Ինչո՞ւ եմ ես այդ հայտարարությունն անում: Որովհետև ես պրակտիկ խնդիր ունեմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, պատասխանելու այն հարցին, որի մասին քիչ առաջ հիշատակում էի։ Որովհետև ես շատ ուղիղ եմ ասում մեր հանրությանը:
Միջին վիճակագրական ընկալումը
Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանի Հանրապետությունում այն է, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար։ Եվ ես ենթադրում եմ, որ երբեմն այն բառամթերքը, որ Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է, կարող է ընկալվել որպես սպառնալիք Թուրքիայի համար։

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն
Կարող է պարզվի, որ մենք արդեն պատճառահետևանքային կապը կորցրել ենք։ Այդ կետը կորցնելու և այս ընկալումների պատճառով մենք անցել ենք շատ բարդությունների և կատակլիզմների միջով։ Բայց հիմա կա հնարավորություն այս հարցի ընկալումը և պատասխանը, ձևակերպումը փոխելու։
Հնարավորությունը ծագել է այն բանից, որ թե՛ Հայաստանի կողմից, թե՛ Թուրքիայի կողմից հնչել են ուղերձներ, որ կա ցանկություն և՛ Հայաստանի կողմից, և՛ Թուրքիայի կողմից այդ հարցերի ձևակերպումները փոխել, այդ շեշտադրումները փոխել, դիտանկյունները փոխել։
Եվ սա է պատճառը, որ այդ թվում՝ մամուլը և փորձագետները երբեմն ասում են, որ կա պատմական հնարավորություն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: