Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները դադարեցնելով՝ հայ գերիները կվերադարձվեն։
«Հե՞տ են տալու մեր գերիներին, թե՞ վախենալու են: Գերիների մասին այսքան աղմուկ է բարձրանում, մոռանո՞ւմ եք, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, ու մենք բանակցությունների միջոցով այդ մարդկանց հետ ենք բերել։ Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել: Հիմա մնացել է հաստատված 23 գերի, որոնցից 11-ը կամ 12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը
Նա նշել է, որ եթե գերիների վերադարձի հարցով «տեսանելի քայլեր արվեն, գերիները կարող է երբեւէ չվերադառնան»:
«Եթե ուզում ենք, որ գերիները վերադառնան, այդ թեմային շատ ձեռք չտանք: Որեւէ մեկի մոտ կասկած թող չլինի, որ որեւէ ռազմագերի, որը հիմա Բաքվի դատարանում ձեւական դատավարության ընթացքում ամբաստանյալ է, մեզ համար անցանկալի անձ է համարվում: Նրանք մեր հայրենակիցներն են ու իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու արվելու են։ Ուղղակի հիմա դատավարության աղմուկը բարձր է, բոլորը շուտափույթ լուծումներ են ուզում, որն այս փուլում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարությունն իրականացնում, շատ դժվար է։ Բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»,- նշել է Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյանն ասել է, որ «ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: