Երեւան: Մեդիամաքս: Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել, որտեղ թվարկել է այն քայլերը, որոնք կարող են կատարել Հայաստանի իշխանությունները՝ Բաքվում պահվող հայերին աջակցելու համար:
Ջարեդ Գենսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին եւ ԱԳՆ-ին իր պաշտպանյալի եւ Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների եւ գերիների ազատության համար հանդես գալու համար.
«Սա շատ կարեւոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք եւ խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը»:
Ջարեդ Գենսերը գրել է.
«Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:
Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել.
Հանրային հայտարարություններ եւ հանրային դիվանագիտություն
Վարչապետ Փաշինյանը կարող է արտգործնախարարի եւ ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով՝ հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակության խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարեւոր զարգացումներ են լինում։
Աջակցություն ընտանիքներին
Ե՛վ վարչապետը, եւ՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկյալների եւ գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու նրանց։ Նրանք կարող են նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաեւ խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքվում դեսպանություններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարությանը: Նրանք կարող էին նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, դատավարություններին Հայաստանի կառավարությունից դիտորդներ ուղարկել համար։
Փոխազդեցություն Ադրբեջանի հետ
Վարչապետ Փաշինյանը կարող է Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ հանդես գալ՝ քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող է գործակցել համախոհ կառավարության, օրինակ՝ Շվեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող է արվել Բաքվում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթե անգամ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:
Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից եւ Եվրոպական միությունից
Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից եւ պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասից՝ քաղբանտարկյալներին եւ ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։
Իրավական գործերի շարունակում եւ ընդլայնում
Կառավարությունը կարող է շարունակել Արդարադատության միջազգային դատարանում եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաեւ դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով:
Համաշխարհային կրոնական համայնքի ներգրավում
Կառավարությունը կարող է օգնության խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ բացահայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողությունների կոչին համահունչ, ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված 120 հազար մարդու, այնպես էլ Բաքվում ներկայումս պահվող հայ քաղբանտարկյալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ եւ կրոնական պատկանելության պատճառով:
Բազմակողմ ներգրավվում
-Վարչապետ Փաշինյանը կարող է հատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակման ուղղության վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին եւ ստորագրել Կանադայի գլխավորած «Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի կիրառման դեմ» հռչակագիրը:
- Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին եւ գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: